Տիրոջ ուրախությունը քո զորությունն է
Այս ուղերձով ավարտում ենք շարքը, որը կրում է «Երբ ընկճված ես և ուժասպառ» անվանումը։ Այս շարքի մեր վերջին ուղերձի մեջ անդրադառնալու ենք դժվարություններով, ընկճվածությամբ և ուժասպառության ծանր ընթացքով անցնող մարդկանց համար մի զորավոր օգնության, որը գալիս է Տեր Աստծու ուրախությունից։
Սիրելի՛ Ընկեր, ասվածը առաջին հայացքից կարող է տարօրինակ հնչել, սակայն Աստվածաշունչը մեզ հստակ կերպով փոխանցում է այս կարևորագույն ճշմարտությունը։
«․․․այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար, և մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է» (Նեեմիա 8․10):
Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է։ Տիրոջ ուրախությունը քո զորությունն է։ Մեր դժվարությունների ու խնդիրների, մեր ուժասպառության ու ընկճվածության ժամանակ, երբ մենք այնքա՜ն շատ ենք Տեր Աստծուց զորության և քաջալերանքի կարիք զգում, մեկ բան պետք է հիշենք՝ Տիրոջ սիրտն ուրախացնելը մեզ զորություն է պարգևում։ Տիրոջ ուրախությունը մեր զորությունն է։
Աստվածաշնչյան մեջբերումը Նեեմիայի գրքից էր, որտեղ Նեեմիան, Եզրասը և ղևտացի ծառայողները ժողովրդին հորդորում էին չտրտմել։ Այդ օրը սուրբ օր էր, քանի որ ժողովուրդը մեծ ապաշխարություն էր ապրել։ Այդ օրը ժողովուրդը դարձի էր եկել իր չար ճանապարհներից և ուրախացրել էր Տեր Աստծու սիրտը։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ գիտե՞ս, թե ե՛րբ է Տեր Աստված ուրախանում։ Գիտե՞ս՝ ինչն է ամենից շատ ուրախացնում Նրա սիրտը։ Եթե քո կյանքում, անկախ քո շուրջը տիրող դժվարագույն իրավիճակներից, քո ուշադրության կենտրոնում պահես քո արձագանքով ու վարքագծով, քո որոշումներով ու խոսքերով Տեր Աստծու սիրտը ուրախացնելը, ապա քո կյանքում երբե՛ք զորության և ուժի պակաս չես ունենա։
Տեր Աստծու սիրտն ամենից շատ ուրախանում է մարդու ապաշխարությունից։ Երբ մեղավոր մարդը գիտակցում է իր սխալ ընթացքը, սխալ պահվածքն ու սխալ սկզբունքները և Աստծու Խոսքի շնորհիվ որոշում է կայացնում փոխվելու և ապրելու Տեր Աստծու կամքին համահունչ, այդ ժամանակ Երկնքում մեծ ուրախություն է տիրում Աստծու ու Նրա հրեշտակների մոտ։
«Ասում եմ ձեզ, որ այդպես էլ Երկնքում ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան իննսունինը արդարների համար, որոնք ապաշխարության կարիք չունեն։ Ասում եմ ձեզ. այդպես էլ Աստծու հրեշտակների մոտ ուրախություն կլինի մեկ ապաշխարած մեղավորի համար» (Ղուկաս 15.7,10):
Աղոթում եմ քեզ համար, որ երբե՛ք չզրկվես գերբնական զորության այս կարևոր աղբյուրից։ Աղոթում եմ, որ քո բոլոր դժվարությունների ու ընկճվածության մեջ փնտրես ու գտնես այնպիսի որոշումներ ու վարքագիծ, որն առաջին հերթին կուրախացնի Տեր Աստծու սիրտը, և այդ ուրախության շնորհիվ լցվես Տիրոջ գերբնական զորությամբ։ Տիրոջ ուրախությունը քո զորությունն է։ Երբե՛ք չտրտմես։ Ապաշխարի՛ր քո սխալ ընթացքից, ուրախացրո՛ւ Տեր Աստծու սիրտը և զորացիր Նրա շնորհի աննկարագրելի զորությամբ։ Տիրոջ ուրախությունը մեր զորությունն է։