Սպասի՛ր Տիրոջը և ապավինի՛ր Նրա օգնությանը
Մենք մոտենում ենք «Երբ ընկճված ես և ուժասպառ» անվանումը կրող շարքի ավարտին։ Շատ կարևոր է, որպեսզի մենք սովորենք մեր դժվարությունների մեջ Տիրոջը սպասելու հմտությունը և միշտ ապավինենք Նրա օգնությանը։
«Սպասի՛ր Տիրոջը. թող սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը» (Սաղմոս 27․14):
Սիրելի՛ Ընկեր, երբ ընկճված ես և ուժասպառ, արդյոք հայացքդ ուղղո՞ւմ ես Տեր Աստծուն։ Երբ դժվարին իրավիճակի ես բախվում կամ ուժգնանում են քեզ վրա ծանրացող ճնշումները, արդյոք քո ամբողջ սրտով ապավինո՞ւմ ես Աստծուն։ Քո կյանքի դժվարին իրավիճակների մեջ Աստծու միջամտությանն ու օգնությանը սպասելը և Նրան ապավինելը թարմություն և ուժ կբերեն քո կյանք ու կզորացնեն քեզ քո կյանքի հաղթանակների համար։
«Մի՞թե չգիտես կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել, Նրա հանճարն անքննելի է։ Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Եսայիա 40․28-31):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Աստծու օգնությանը սպասողների ուժասպառությունը զորության ուժ է դառնում, երբ նրանք գիտեն Տիրոջը սպասելու գիտության մասին։ Նրանք նորոգվում են ուժով և արծվի թևերով վեր են սլանում։ Այս համեմատությունը խոսում է այն մասին, որ Աստծուն ապավինող մարդիկ վեր են բարձրանում իրենց կյանքի դժվարություններից։ Նման մարդկանց կյանքում ո՛չ մի խնդիր ու դժվարություն չի կարող գողանալ նրանց սրտի խաղաղությունը և անգամ ուրախությունը։
Տիրոջն ապավինող մարդկանց համար սպասելը հրաշալի օրհնություններ է բերում նրանց հոգևոր կյանքում։ Սպասելու ժամանակ է, որ ավելի է խորանում Տեր Աստծու հետ մեր ունեցած հարաբերությունը։ Սպասելը մեզ հոգևոր հասունություն և աճ է պարգևում։ Սպասել սովորելը մեզ հղկում է հոգևորապես և պատրաստում զորավոր ծառայությունների։ Նաև սպասման ժամանակ է, որ մենք հասկանում ու գիտակցում ենք, թե ինչպիսին է Տեր Աստծու կամքը, և սկսում ենք զանազանել այն մեր կյանքի տարբեր իրավիճակներում։
Խաղաղությամբ և վստահությամբ սպասելու հակառակը մտահոգ ու անհանգիստ պահվածքն է։ Մտահոգությունը առանց այդ էլ դժվարին իրավիճակում հայտնված մարդուց գողանում է նրա ուժի ու համբերության վերջին մնացորդները։ Իսկ Աստծուն ապավինելը, Նրան սպասելն ու Նրան վստահելը հավատացյալին լցնում է ուժով, զորացնում և արծվի թևերով բոլորին խնդիրներից ու դժվարություններից վեր սավառնել սովորեցնում։
«Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպպեցիս 4․6-7):