• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 7 ապր 2026 թ.

Աստված ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու

Հրապարակման ամսաթիվ 7 ապր 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Երբ ընկճված ես և ուժասպառ» անվանումը։ Նախ ուզում եմ շնորհավորել գեղեցիկ սեռի մեր բոլոր ունկնդիրներին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Դուք իրական օրհնություն եք մեր կյանքում, և այսօր իմ աղոթքները հատուկ ձեզ համար են։ 

Սիրելի՛ Ընկեր, այս ուղերձով ուզում եմ քաջալերել բոլոր այն մարդկանց, որոնք իրենց հույսն Աստծու վրա են դրել, սակայն անցնում են կյանքի դժվարին և անգամ՝ անհույս թվացող իրավիճակներով։ Իմ կյանքի ծանրագույն իրավիճակներում ինձ քաջալերել ու զորացրել են Տեր Աստծու Խոսքում Քրիստոսին պաշտող մարդկանց տրված խոստումները։ Իմ կյանքի վկայությունները անհերքելի ապացույցներ են այն անխախտ ճշմարտության, որ Աստվածաշնչում տեղ գտած խոստումները իրական են և մշտապես գործում են այն մարդկանց կյանքում, որոնք բավարարում են այդ խոստումներին արժանանալու աստվածաշնչյան պայմաններին։ 

Այս ուղերձի քաջալերանքը հիմնված է նման աստվածաշնչյան խոստումներից մեկի վրա, որը մշտապես ինձ հույս ու զորություն է փոխանցել, երբ իրավիճակները ընկճել են ինձ, կամ այլևս առաջ գնալու ուժ և կամք չեմ գտել իմ մեջ։ Այս խոստումը կարծես թարմության շունչ և հավատքի ու հույսի մի արտասովոր զորություն է բերել իմ ընթացքի մեջ։

«Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է. Նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ» (Ա Կորնթացիս 10․13):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այս հատվածի մեջ երեք զորավոր քաջալերանք կա, որոնցով ուզում եմ կիսվել քեզ հետ։ Նախ ասեմ, որ ինձ համար մեծագույն օրհնություն է այն, որ Աստված հավատարիմ է։ Նա հավատարիմ է անգամ այն ժամանակ, երբ մենք անհավատարիմ ենք գտնվում Նրա հանդեպ։ Նա սիրող Հոր նման խրատում և հանդիմանում է մեզ, որպեսզի մենք վերադառնանք Իր կամքի մեջ, որտեղ կգտնենք իրական ապահովութուն, ինչպես նաև օգնություն և մխիթարություն մեր դժվարությունների ու խնդիրների հաղթահարման համար։ 

«Եթե համբերենք, Նրա հետ էլ կթագավորենք, եթե ուրանանք, Նա էլ մեզ կուրանա։ Եթե հավատարիմ չմնանք, Նա հավատարիմ է մնում, քանի որ Ինքն Իրեն չի կարող ուրանալ» (Բ Տիմոթեոս 2․12-13):

Երկրորդ՝ Աստված չի թողնի քեզ քո կարողությունից ավելի փորձվելու․․․ Իմ կյանքի մեծագույն քաջալերանքներից մեկը հե՛նց այս խոսքերի մեջ է։ Աստծուն հուսացած մարդու կյանքում Աստված կա՛մ վերահսկում է փորձությունների ծանրությունը և թույլ չի տալիս ուժից վեր փորձություն, կա՛մ Իր շնորհի լիության ու առատության չափով զորացնում է մարդուն, որպեսզի նրա կյանքի այցելած փորձությունը չլինի ավելին, քան այն հաղթահարելու տվյալ մարդու զորությունը։ 

«Դրա համար երեք անգամ Տիրոջն աղաչեցի, որ նրան ինձանից հեռացնի։ Իսկ Նա ինձ ասաց. «Քեզ Իմ շնորհը բավական է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։ Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների և նեղությունների, որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ» (Բ Կորնթացիս 12․8-10):

Եվ երրորդ՝ փորձության հետ միասին Աստված ելք է պատրաստում, որպեսզի կարողանանք դիմանալ այդ փորձությանը։ Տեր Աստծու համար չկա անելանելի իրավիճակ։ Նա քեզ համար էլ ելք ունի քո կյանքի դժվարագույն փորձությունների համար։ Երբ ընկճված ես ու ուժասպառ, աչքերդ ուղղի՛ր Տեր Աստծու՝ վերը տված զորավոր խոստմանը։ Նրա համար չկա անելանելի իրավիճակ։ Նրա համար չկա անհնարին որևէ բան։ Հուսա՛ Տեր Աստծուն և Նրանից շնորհ ու իմաստություն ընդունիր քո կյանքի փորձությունները Նրա օգնությամբ հաղթահարելու համար։

«Հիսուսը նրանց նայեց ու ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց ո՛չ Աստծու համար։ Աստծու համար ամեն ինչ է հնարավոր» (Մարկոս 10.27):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես