• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 29 մրտ 2026 թ.

Եթե ուզում ես աստղի պես փայլել

Հրապարակման ամսաթիվ 29 մրտ 2026 թ.

Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Հույս ունեմ, որ ուղերձների քսանմեկօրյա մեր այս շարքը օրհնություն էր քեզ համար, և միասին մենք բազմաթիվ հոգևոր դասեր ընդունեցինք Աստվածաշնչի այս հրաշալի գրքից և դրանում շարադրված հավատքի հերոսական պատմություններից։ 

Սիրելի՛ Ընկեր, այս շարքի մեր վերջին ուղերձի մեջ անդրադառնալու ենք Դանիելի մարգարեության մի կարևոր հատվածի, որտեղ խոսվում է ժամանակների վերջի և մահացածների հարության մասին, սակայն մեր ուշադրությունը սևեռելու ենք այդ խոսքի վերջին մասի վրա, որտեղ խոսվում է մարդկանց որոշակի խմբի մասին, որոնք աստղերի պես պայծառ փայլելու են այդ ժամանակներում։ 

«Եվ երկրի հողում քնածներից շատերը պիտի արթնանան, ոմանք՝ ի հավիտենական կյանք, իսկ ոմանք էլ՝ ի հավիտենական նախատինք և անարգանք։ Եվ իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատության լույսի պես, իսկ շատերին դեպի արդարություն առաջնորդողները՝ աստղերի պես հավիտյանս հավիտենից» (Դանիել 12․2-3):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ դու ուզո՞ւմ ես մարդկանց այդ խմբի մեջ լինել։ Այս խմբի մարդկանց Աստվածաշունչը նախ իմաստուններ է կոչում, որոնք պիտի փայլեն երկնքի հաստատության լույսի պես։ Իսկ ովքե՞ր են իմաստուն մարդիկ։ Տեր Հիսուսը Ինքն էր ուսուցանում իմաստության մասին։ Ո՛չ թե շատ կրթվածներն են իմաստուն կամ շատ գիտելիք ունեցողները և ո՛չ էլ այս աշխարհի չափանիշներով անուն, դիրք, հարստություն կամ իշխանություն ունեցող մարդիկ․․․ 

Տեր Հիսուսի չափանիշներով իմաստուն կարող է լինել ցանկացած մարդ, որ նախ լսում է Նրա ուսուցումները, սակայն ո՛չ միայն լսում, այլև ընդունում՝ որոշում կայացնելով փոխակերպել սեփական կյանքը և հնազանդվել Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքներին ու փոխանցած պատվիրաններին։ 

«Արդ, ամեն ոք, ով լսում է Իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։ Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին և զարկեցին տանը, բայց այն չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։ Իսկ ամեն ոք, ով լսում է Իմ այս խոսքերն ու դրանք չի կատարում, կնմանվի մի անխելք մարդու, որն իր տունը կառուցեց ավազի վրա։ Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին, զարկեցին տանը, ու այն կործանվեց, և նրա կործանումը մեծ եղավ» (Մատթեոս 7.24-27):

Դու ուզո՞ւմ ես մարդկանց այդ խմբի մեջ լինել, որոնք փայլելու են աստղերի պես հավիտյանս հավիտենից։ Այո՛, նրանք իմաստուն մարդիկ են, որոնք ընդունում են Տեր Հիսուսի ուսուցումները և ընդունում են նաև մյուսներին դեպի փրկության առաջնորդելու Տեր Հիսուսի Մեծ Հանձնարարականը։ 

«Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.18-20):

«Եվ իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատության լույսի պես, իսկ շատերին դեպի արդարություն առաջնորդողները՝ աստղերի պես հավիտյանս հավիտենից»։ Ես ուզում եմ լինել մարդկանց այս խմբի մեջ։ 

Այո՛, ոմանք հարություն են առնելու ի հավիտենական կյանք, իսկ ոմանք էլ՝ ի հավիտենական նախատինք և անարգանք։ Բայց մարդկանց մի խումբ է լինելու, որոնք ո՛չ միայն հարություն են առնելու ի հավիտենական կյանք, այլև փայլելու են պայծառ աստղերի նման, քանի որ ո՛չ միայն բավականաչափ իմաստուն են եղել, որպեսզի ընդունեն Տեր Հիսուսի ուսուցումները և կանգնեն փրկության միակ ճանապարհի վրա, այլև շատերին են վկայել իրենց կյանքում Քրիստոսի բերած ազատության, խաղաղության ու փրկության մասին և առաջնորդել նրանց դեպի արդարության կյանքը։ 

Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի այն, որ իրապե՛ս հասկանանք ճշմարիտ իմաստությունը, որը Քրիստոսի խոսքերով ապրելն է այս ժամանակավոր կյանքի ընթացքում, և մեր ապրած կյանքով ու մեր փոխված կյանքի մասին վկայություններով շատերին դեպի արդարության կյանք և Տեր Հիսուսով փրկության առաջնորդենք, որպեսզի մենք էլ՝ այս ուղերձը լսողները և այս աղոթքին միացողները, բոլորս էլ լինենք աստղերի պես փայլող մարդկանց այդ օրհնյալ խմբի մեջ։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես