Աղոթք մեր երկրի և մեր ժողովրդի համար
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Այս ուղերձի մեջ անդրադառնալու ենք Դանիելի աղոթքին իր ժողովրդի համար և դասեր ենք քաղելու մեր ժողովրդի համար մեր աղոթքների առումով։
«Ասուերոսի որդի Դարեհի առաջին տարում, որ մարերի սերնդից էր և թագավոր կարգվեց քաղդեացիների թագավորության վրա, ես՝ Դանիելս, նրա թագավորության առաջին տարում Գրքերից հասկացա այն տարիների թիվը, որոնց համար Տիրոջ խոսքն էր հասել Երեմիա մարգարեին, թե յոթանասուն տարուց պիտի ավարտեր Երուսաղեմի ավերումները։ Եվ ես իմ երեսը դեպի Տեր Աստված դարձրի, որպեսզի ծոմապահությամբ, քուրձով ու մոխիրով աղոթք ու աղաչանք մատուցեմ» (Դանիել 9․1-3):
Սիրելի՛ Ընկեր, առաջին դասը, որ կարելի է սովորել այս ուղերձի մեր թեմայից, այն է, որ Դանիելը կանոնավոր կերպով ընթերցում էր Աստծու Խոսքը։ Երեմիայի մարգարեության մեջ էր, որ Դանիելը հասկացավ, որ Բաբելոնի գերությունը Տեր Աստծու պատիժն էր Իր ժողովրդի վրա։ Եվ նաև Երեմիայի մարգարեության մեջ էր գրված, թե քանի տարի էր տևելու այդ գերությունը։
«Ես աղոթեցի Տիրոջը՝ իմ Աստծուն, խոստովանեցի և ասացի. «Օ՜հ, Տե՜ր, մեծ և ահարկո՛ւ Աստված, որ ուխտ և ողորմություն ես պահում Քեզ սիրողների և հրամաններդ պահողների համար։ Մենք մեղանչեցինք և անօրենություն գործեցինք, ամբարիշտ եղանք ու ըմբոստացանք և խոտորեցինք Քո հրամաններից և պատվիրաններից. չլսեցինք Քո ծառաներին՝ մարգարեներին, որոնք Քո անունից խոսեցին մեր թագավորների, մեր իշխանավորների և մեր հայրերի հետ և երկրի ամբողջ ժողովրդի հետ» (Դանիել 9․4-6):
Դանիելից կարող ենք սովորել նաև իր ժողովրդի համար բարեխոսական այս աղոթքի մոտեցումը։ Դանիելը իրեն չի տարանջատում իր ժողովրդից։ Նա խոստովանում է ժողովրդի մեղքերը՝ որպես իր սեփականը։ «Մենք մեղանչեցինք և անօրենություն գործեցինք, ամբարիշտ եղանք ու ըմբոստացանք և խոտորեցինք Քո հրամաններից և պատվիրաններից. չլսեցինք Քո ծառաներին՝ մարգարեներին․․․»։Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իր ժողովրդի մեղքերը խոստովանելուց հետո Դանիելը հիմնվում է Աստծու Խոսքի մեջ Տեր Աստծու խոստման վրա և աղաչում Աստծուն գերությունից նրանց ազատելու համար։
«Եվ արդ, ո՛վ մեր Տեր Աստված, որ հզոր ձեռքով Եգիպտոսի երկրից դուրս բերեցիր Քո ժողովրդին և Քեզ համար անուն վաստակեցիր, ինչպես որ այսօր է. մենք մեղանչեցինք ու անօրենություն գործեցինք։ Ո՛վ Տեր, աղաչում ենք, ըստ Քո բոլոր արդար արարքների, թող Քո բարկությունն ու զայրույթը հեռանան Քո Երուսաղեմ քաղաքից, Քո սուրբ սարից։ Մեր մեղքերի և մեր հայրերի անօրենությունների համար Երուսաղեմն ու Քո ժողովուրդը նախատինք են դարձել բոլոր մեզ շրջապատողների համար։ Եվ արդ, ո՛վ մեր Աստված, լսի՛ր Քո ծառայի աղոթքն ու նրա աղաչանքը և հանուն Քեզ, ո՛վ Տեր, հաճոյաբա՛ր նայիր Քո ամայացած սրբարանին։ Խոնարհեցրո՛ւ Քո ականջը, ո՛վ իմ Աստված, և լսի՛ր. բա՛ց աչքերդ և տե՛ս մեր ավերակները և այն քաղաքը, որը Քո անունն է կրում։ Որովհետև մեր աղերսանքը Քո առաջ ոչ թե ըստ մեր արդարությունների է, այլ Քո մեծ ողորմության։ Ո՛վ Տեր, լսի՛ր. ո՛վ Տեր, ների՛ր. ո՛վ Տեր, ակա՛նջ դիր և կատարի՛ր. հանուն Քեզ. մի՛ հապաղիր, ո՛վ իմ Աստված, որովհետև Քո անունով են կոչվում Քո քաղաքն ու Քո ժողովուրդը» (Դանիել 9․15-19)
Տեր Աստծու արձագանքը նման աղոթքին ավելի քան ցնցող էր։ Տերը Գաբրիել հրեշտակին է ուղարկում, որը ո՛չ միայն իր ժողովրդի համար Դանիելի աղերսանքին է արձագանքում, այլև մարգարեական խոսք է փոխանցում Դանիելին Բաբելոնի գերությունից անհամեմատ ավելի զորավոր ազատագրության մասին, որը մեծագույն օրհնություն և փրկություն էր լինելու ողջ մարդկության համար։ Դանիելի աղոթքի պատասխանը Տեր Հիսուսի բերած փրկության մասին մարգարեական խոսքն էր։ Ավելին, քան նա խնդրում էր Տիրոջից։
«․․․և մինչ ես աղոթում էի, երբ այդ մարդը՝ Գաբրիելը, որին տեսել էի առաջին տեսիլքի մեջ՝ սրընթաց թռիչքով, երեկոյան զոհի ժամանակ հասավ ինձ։ Եկավ և հասկացրեց ինձ՝ ասելով. «Ո՛վ Դանիել, հիմա եկա, որպեսզի քեզ խելամտություն և հասկացողություն պարգևեմ։ Քո աղաչանքի սկզբում մի պատասխան եղավ, և ես եկա այն ասելու, որ դու սիրելի ես. ուրեմն հասկացի՛ր պատգամը և իմացի՛ր տեսիլքը» (Դանիել 9․21-23):
Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի մեր ժողովրդի մեղքերը Տիրոջ առաջ բերելը և մեր հայրերի սխալների ու Աստծու Խոսքին հակառակ արարքների համար Տեր Աստծուց ներողություն խնդրելն ու Նրա ողորմությունը մեր ժողովրդի համար աղերսելը։ Սովորե՛նք Դանիելից ժողովրդի հետ մեկանալու աղոթքը և Տեր Աստծուն ուղղված բարեխոսություն և ապաշխարություն բարձրացնելը։ Աղոթե՛նք, որ Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարտության իրական ազատագրությունը այցելի մեզ ու մեր ժողովրդին, և մեր ազգը Քրիստոսի Ավետարանը մյուս ազգերին հասցնող իրական ու զորավոր փարոս դառնա այդ վերջին ժամանակներում։