Ծոմապահության դերը հոգևոր կյանքում
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Այս ուղերձը նվիրված է ծոմապահության կարևորագույն դերին հոգևոր մարդու կյանքում։ Մեր նախորդ ուղերձի մեջ անդրադարձանք Դանիելի քսանմեկօրյա ծոմապահությանը։ Հետաքրքրական է նշել, որ հրեշտակը Դանիելին ուղղված իր խոսքի մեջ անդրադառնում է ծոմապահության հոգևոր իմաստին։
«Եվ նա ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ Դանիել, որովհետև այն առաջին օրից, երբ մտադրվեցիր ըմբռնել և քո անձը քո Աստծու առաջ խոնարհեցրիր, քո խոսքերը լսվել են, և ես եկել եմ քո խոսքերի պատճառով» (Դանիել 10․12):
Սիրելի՛ Ընկեր, ծոմապահությունը պետք է հոգևոր նպատակ ունենա։ Դանիելի ծոմապահության նպատակը Տեր Աստծուց ըմբռնողություն ընդունելն էր։ Նա աղոթում էր, որպեսզի Աստված բացատրի իրեն այն, ինչը նա սեփական տրամաբանությամբ ու գիտելիքների շնորհիվ անկարող էր հասկանալ։
Կարևոր է նաև հասկանալ, թե ծոմը ինչ ազդեցություն է թողնում մարդու կյանքում։ Ծոմապահությունը միայն սնունդից մասնակի կամ ամբողջական կերպով հրաժարվելը չէ։ Ծոմապահության կարևոր հոգևոր բաղադրիչը անձը խոնարհեցնելն է Տեր Աստծու առջև։ Ծոմը խոնարհեցնում է մարդուն, իսկ խոնարհությունը գրավում է Տեր Աստծու ուշադրությունը։
«Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը» (Եսայիա 57․15):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ծոմը մարդուն կտրում է աշխարհի ընթացքից և կենտրոնացնում Տեր Աստծու հետ հարաբերության խորացման վրա։ Ծոմը խոնարհեցնում է մարդուն։ Աստված խոնարհներին է շնորհ տալիս, իսկ հպարտներին հակառակ է։ Նկատե՞լ եք, որ սեփական անձի մասին չափազանց շատ հոգ տանող մարդիկ չեն կարողանում ծոմ պահել։ Խոսքը առողջական խնդիր ունեցող մարդկանց մասին չէ, որոնց ծոմը հակացուցված է, այլ սեփական անձը խոնարհեցնելու այս կարևորագույն հոգևոր վարժանքը մերժող և մարմնի համար չափազանց շատ հոգ տանող մարդկանց մասին։
Տեր Հիսուսը Ինքն էր սովորեցնում ծոմապահության կարևորության մասին և հորդորում էր ուրախությամբ անցնել ծոմապահության ընթացքը։
«Եվ երբ ծոմ եք պահում, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների պես, որոնք իրենց երեսը խոժոռում են, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձն ստացել են։ Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր գլուխդ և լվա՛ երեսդ, որպեսզի ցույց չտաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ ծածուկ կերպով երևաս քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի» (Մատթեոս 6․16-18):
Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի ծոմապահության կարևորությունը Տեր Աստծուց ընդունելը և նպատակամղված ու անձը խոնարհեցնելուն միտված ծոմապահության կանոնավոր կյանք ունենալը։ Աղոթե՛նք, որ ընդունենք Տեր Հիսուսի փոխանցած ուսուցումը ծոմապահության վերաբերյալ և վայելենք անձը խոնարհեցնելու բոլոր օրհնությունները, որոնք նաև մեր ծոմապահությունների արդյունքն են լինելու։