Քրիստոսի հավիտենական Թագավորությունը
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Այս ուղերձը մի փոքր տարբերվելու է մեր նախորդ բոլոր ուղերձներից։ Այն հիմնված է Դանիելի մի տեսիլքի վրա, որտեղ նկարագրվում է Տեր Հիսուս Քրիստոսի հավիտենական Թագավորությունը։
«Գիշերվա տեսիլքներում ես տեսա, որ ահա երկնքի ամպերով մեկը եկավ՝ մարդու որդու նման, եկավ դեպի Հինավուրցը և Նրան ներկայացվեց։ Եվ Նրան իշխանություն, պատիվ ու թագավորություն տրվեցին, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգերը և լեզուները Նրան ծառայեն. Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որ չի անցնելու, և Նրա թագավորությունը չի կործանվելու» (Դանիել 7․13-14):
Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը հստակ ու միանշանակ ուսուցանում է, որ հոգևոր աշխարհում կա միայն երկու թագավորություն։ Դրանիցից մեկը Աստծու Արքայությունն է, որտեղ Տեր Հիսուսն է տերերի Տերը և թագավորների Թագավորը։ Մյուսը սատանայի խավար իշխանությունն է, որտեղ թագավոր է ինքը՝ սատանան, որ անվանվում է այս աշխարհի աստված (տե՛ս Բ Կորնթացիս 4.4 խոսքը) կամ օդի իշխանության իշխան (տե՛ս Եփեսացիս 2.2 խոսքը)։
Ընդ որում՝ չափազանց կարևոր է գիտակցել ու ընդունել աստվածաշնչյան ճշմարտությունն այն մասին, որ այդ երկու թագավորություններից բացի՝ հոգևոր աշխարհում չկա որևէ չեզոք տարածք։ Այսինքն՝ չկան այնպիսի մարդիկ, որոնք ո՛չ Աստծու Արքայության մեջ են, ո՛չ էլ խավարի իշխանության։ Ողջ մարդկությունը հոգևոր իմաստով կա՛մ չարի ստության ներքո է խավարի իշխանության մեջ, կա՛մ ազատագրվել է այդ իշխանությունից Տեր Հիսուսի զոհաբերության շնորհիվ և Նրա հանդեպ ունեցած հավատքի արդյունքում։
«…գոհություն մատուցելով Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերին բաժին հասած ժառանգությանը լույսի մեջ, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ Իր սիրելի Որդու Արքայության մեջ փոխադրեց, որի միջոցով ունենք փրկություն՝ մեղքերի թողություն» (Կողոսացիս 1․12-14):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ո՞ր թագավորության մեջ ես դու՝ Աստծու Որդու Արքայությա՞ն, որտեղ մարդիկ ապրում են ըստ իրենց Թագավորի՝ Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցումների ու պատվիրանների, թե՞ խավարի իշխանության, որտեղ մարդիկ հաճախ տեղյակ էլ չեն Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքներին և պատվիրաններին և ապրում են այնպես, ինչպես բոլոր մարդիկ՝ ապրելով Քրիստոսի ուսուցումներին հակառակ կյանքով։ Ո՞ր թագավորության մեջ ես։
Արդյոք Աստծու Որդին ազատե՞լ է քեզ խավարի իշխանությունից։ Արդյոք աշխարհի կյանքի քո նախկին ընթացքից ապաշխարել ու ընդունե՞լ ես Տեր Հիսուսի առաջարկած փրկությունը, որը միայն և միմիայն մեղքերի թողության միջոցով է լինում։
Դանիելն իր տեսիլքի մեջ տեսավ, որ բոլոր ազգերից, լեզուներից ու ժողովուրդներից ծառայելու են Քրիստոսին, որի Թագավորությունը երբե՛ք չի կործանվելու և հավիտենական Թագավորություն է լինելու։ Արդյոք դու կարո՞ղ ես ասել, որ ապրում ես Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով։ Արդյոք մաս կազմո՞ւմ ես մի Թագավորության, որը երբե՛ք չի կործանվելու և մշտապես հաղթական ընթացքի մեջ է։
«Յոթերորդ հրեշտակը փողը հնչեցրեց, ու երկնքում ուժեղ ձայներ եղան, որ ասում էին. «Աշխարհի թագավորությունը մեր Տիրոջն ու Նրա Օծյալինը դարձավ, և Նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։ Եվ քսանչորս երեցները, որ Աստծու առաջ նստած էին իրենց աթոռներին, ընկան իրենց երեսների վրա և երկրպագեցին Աստծուն՝ ասելով. «Գոհություն ենք հայտնում Քեզ, Տե՛ր Աստված Ամենակալ, որ էիր և ես, որ Քո մեծ զորությունն առար ու թագավորեցիր։ Ազգերը զայրացան, և վրա հասավ Քո բարկությունը, ու ժամանակը՝ մեռելներին դատելու և վարձատրելու Քո ծառաներին՝ մարգարեներին, սրբերին ու Քո անունից վախեցողներին, փոքրերին ու մեծերին, և կործանելու երկիրն ապականողներին» (Հայտնություն 11.15-18):
Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի, որ մեր կենսակերպի սկզբունքները, մեր վարքագիծն ու Տեր Հիսուսի ուսուցումներին հնազանդ կյանքը լինեն անհերքելի ապացույցներ, որ մենք ապաշխարել ենք այս աշխարհի կործանարար ընթացքից և, ազատվելով խավարի իշխանության ստրկությունից, այժմ Տեր Հիսուսի հավիտենական Արքայության քաղաքացիներ են։ Աղոթե՛նք, որ Տեր Աստծուց իմաստություն և զորություն ընդունենք, որպեսզի մինչև վերջ պահենք մեր հավատքը և հավատարիմ մնանք Տեր Հիսուսի ուսուցումներին։