Աստված հատուկ կերպով պաշտպանում է հավատարիմներին
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Դանիելի հավատարմությունն ու սկզբունքայնությունը զենք դարձան նրան ատող մարդկանց համար։ Երբ թագավորը տեղեկացավ, որ իր հրամանը խախտողը Դանիելն է, որին ինքը մտադիր էր ողջ թագավորության գործերի կառավարման վրա կարգել, հասկացավ, որ սա նենգ ու չար մարդկանց լարած ծուղակն էր, որի մեջ ընկել էին թե՛ Դանիելը և թե՛ ինքը՝ թագավորը։
«Այդ ժամանակ, երբ թագավորը լսեց այս խոսքը, շատ տրտմեց ինքն իր մեջ և մտադրվեց ազատել Դանիելին և մինչև արեգակի մայր մտնելը ջանք էր թափում նրան ազատելու համար» (Դանիել 6․14):
Սիրելի՛ Ընկեր, այո՛, միայն Դանիելը չէր ընկել իր դեմ լարված այդ չարության ծուղակի մեջ, այլև թագավորը։ Որքան էլ նա չէր ուզում Դանիելին մահապատժի ենթարկել, թագավորական օրենքը կամ կարգադրությունը հնարավոր չէր որևէ փոփոխության ենթարկել։ Դանիելի մահը փափագող մարդիկ հիշեցրին թագավորին իրենց թագավորության մեջ ընդունված այդ կարգը։
«Այդ ժամանակ հավաքվեցին թագավորի մոտ և ասացին. «Իմացի՛ր, ո՛վ թագավոր, որ մարերի և պարսիկների օրենքն այս է, որ թագավորի հաստատած ամեն արգելանքն ու օրենքը անփոփոխելի են» (Դանիել 6․15):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մարդիկ մտածում էին, թե Դանիելի ճակատագիրն արդեն որոշված է։ Նրանք ցնծում էին, քանի որ անգամ թագավորն անկարող էր փոխել իրավիճակը։ Դանիելը պետք է գցվեր առյուծների գուբը։
«Այդ ժամանակ թագավորը հրամայեց, և բերեցին Դանիելին ու նրան գցեցին առյուծների գուբը։ Թագավորն ասաց Դանիելին. «Քո Աստվածը, որին դու անդադար պաշտում ես, թող ազատի քեզ»։ Եվ մի քար բերեցին ու դրեցին գբի բերանին. թագավորն այն կնքեց իր կնիքով և իր մեծամեծների կնիքներով, որպեսզի Դանիելի նկատմամբ ոչինչ չփոխվի։ Հետո թագավորը գնաց իր պալատը և գիշերն անցկացրեց ծոմապահությամբ. նվագարաններ բերել չտվեց իր առաջ, և քունը փախավ նրանից» (Դանիել 6․16-18):
Հրաշալի է տեսնել, թե ինչպես էր Դարեհ թագավորը սկսել հավատալ Դանիելի պաշտած Աստծուն․․․ «Քո Աստվածը, որին դու անդադար պաշտում ես, թող ազատի քեզ»։
Այո՛ Աստված կարո՛ղ է մարդկային ու դիվային ցանկացած ծուղակից ազատել Իր հանդեպ սկզբունքային հավատարմություն ունեցող մարդկանց։ Դանիելի հավատարմությունը ծնվել էր նրա աստվածավախությունից։ Իսկ աստվածավախ մարդկանց համար Աստված Իր Խոսքի մեջ հրաշալի խոստումներ ունի։
«Տիրոջ հրեշտակը բանակ է դնում Իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց» (Սաղմոս 34․7):
Քո հավատարմության աստիճանը Տեր Աստծու Խոսքի և Նրա կամքի հանդեպ քո հոգևոր պաշտպանվածության աստիճանն է։ Որքանով աստվածավախ ես, այնքանով ես պաշտպանված հոգևոր աշխարհում։
«Ապա թագավորն արշալույսին կանուխ վեր կացավ և շտապ գնաց առյուծների գուբը. երբ գբին մոտեցավ, տրտմագին ձայնով կանչեց Դանիելին։ Թագավորը խոսեց և ասաց Դանիելին. «Ո՛վ Դանիել, կենդանի Աստծու ծառա՛, քո Աստվածը, որին անդադար պաշտում ես դու, կարողացա՞վ քեզ ազատել առյուծներից»։ Այն ժամանակ Դանիելը խոսեց թագավորի հետ. «Ո՛վ թագավոր, հավիտյա՛ն ապրիր։ Իմ Աստվածն ուղարկեց Իր հրեշտակին, և նա փակեց առյուծների բերանը, ու նրանք ինձ չվնասեցին, որովհետև Նրա առաջ ես անմեղ գտնվեցի։ Քո առաջ ևս, ո՛վ թագավոր, ոչ մի հանցանք չեմ գործել»։ Այդ ժամանակ թագավորը շատ ուրախացավ և հրամայեց, որ Դանիելին դուրս բերեն գբից։ Եվ նրա վրա ոչ մի վնասվածք չգտնվեց, որովհետև վստահել էր իր Աստծուն» (Դանիել 6․19-23):
Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի սկզբունքայնության քաջություն խնդրելը, որպեսզի ցանկացած իրավիճակում՝ լինի դա մարդկային ծանրագույն ճնշումների, թե գայթակղիչ ու շահավետ առաջարկների պարագայում, մենք միշտ ընտրենք Աստծու կամքին հնազանդվելը և մեր ողջ վարմունքով ցույց տանք, որ վստահում ենք Աստծուն։ Աղոթենք, որ աշխարհի ճնշումներն ու առաջարկները չկոտրեն մեր սկզբունքայնությունը և չգողանան մեր հավատարմությունը։ Դանիելի վրա ո՛չ մի վնասվածք չգտնեց, որովհետև նա վստահել էր իր Աստծուն․․․