• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 23 մրտ 2026 թ.

Աստվածավախության խիզախությունը

Հրապարակման ամսաթիվ 23 մրտ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Այս ուղերձի մեջ շարունակելու ենք Դարեհ թագավորի արգելքին Դանիելի արձագանքի թեման։ Դարեհը արգելել էր աղոթել որևէ Աստծու։ Չհնազանդվելու պատիժը մահապատիժն էր։ 

Սիրելի՛ Ընկեր, Դանիելի արձագանքը քաջության արձագանք էր։ Սակայն ինչպե՞ս է մարդու մեջ ձևավորվում նման քաջությունը։ Գաղտնիքը Դանիելի աստվածավախության մեջ էր։ Աստծուց երկյուղ ունենալը իմաստություն, վստահություն և քաջություն է պարգևում մարդուն։

«Երբ Դանիելն իմացավ, որ հրովարտակը ստորագրվել էր, գնաց իր տունը. նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ։ Նա օրը երեք անգամ ծնրադրում էր, աղոթում և գոհաբանություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես նախապես անում էր» (Դանիել 6․10):

Երբ Դանիելը իմացավ Դարեհ թագավորի հրովարտակի մասին, գնաց տուն և չփակեց պատուհանները։ Թեև նա գիտեր, որ իր հավատարմությունն Աստծուն սեփական կյանքն է արժենալու, վախը չէր նրա որոշումների կայացման հիմքը, այլ աստվածավախությունը։ 

«Ինչ որ ձեզ խավարի մեջ եմ ասում, լույսի՛ մեջ ասեք, և ինչ որ լսում եք ականջին, տանիքների վրա՛ քարոզեք։ Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը։ Երկու ճնճղուկը մեկ լումայով չե՞ն վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։ Ձեր գլխի ամեն մի մազն էլ հաշվված է։ Արդ, մի՛ վախեցեք. դուք բազում ճնճղուկներից ավելին եք։ Արդ, ամեն ոք, ով Ինձ մարդկանց առաջ խոստովանի, Ես էլ նրան կխոստովանեմ Իմ Հոր առաջ, որ երկնքում է։ Իսկ ով մարդկանց առաջ Ինձ ուրանա, Ես էլ նրան կուրանամ Իմ Հոր առաջ, որ երկնքում է» (Մատթեոս 10․27-33):

Տեր Հիսուսը սովորեցնում էր չվախենալ մարդկանցից և մարդկային սպառնալիքներից։ Անգամ ամենահեղինակավոր ու ամենաբարձր իշխանություն ունեցող մարդիկ չէ, որ որոշում են մարդկային կյանքի ընթացքը։ Քրիստոսին հավատացող մարդու կյանքը երկնային Հոր ձեռքերում է։ Մենք մեր հավատքի կյանքում պետք է չտրվենք ո՛չ մի մարդկային ճնշումների և երբե՛ք չխուսափենք Քրիստոսին մարդկանց առաջ դավանելուց։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Դանիելի դավանությունը ճի՛շտ Տեր Հիսուսի ասած տանիքների վրա քարոզելն էր։ Նրա վկայությունը տեսանելի ու լսելի էր բոլորին։ Եվ նա չէր վախենում մարդկային սպառնալիքներից։ Նա վախենում էր Աստծուն ուրանալուց։

Նույն աստվածավախությունը տեսնում ենք Պետրոս և Հովհաննես առաքյալների պարագայում, երբ իշխանավորները, ծերերն ու դպիրները սպառնալով արգելում էին նրանց Հիսուսի անունով որևէ բան խոսելը։ 

«Եվ նրանց կանչելով՝ պատվիրեցին Հիսուսի անունով բոլորովին չխոսել և չուսուցանել։ Բայց Պետրոսն ու Հովհաննեսը նրանց պատասխանեցին և ասացին. «Մի՞թե Աստծու առաջ արդար է ավելի շատ ձեզ լսել, քան Աստծուն. դո՛ւք դատեք։ Մենք չենք կարող չասել այն, ինչ տեսել ենք ու լսել» (Գործք Առաքելոց 4․18-20):

Դանիելը չէր կարող ուրանալ Աստծուն։ Տեր Հիսուսը սովորեցնում էր չվախենալ մարդկանցից, այլ վախենալ Աստծուց և բացահայտ կերպով դավանել Տեր Աստծու հանդեպ քո հավատքը։ Պետրոսն ու Հովհաննեսը իշխանավորների սպառնալիքներին պատասխանեցին այս խոսքերով․ «Մենք չենք կարող չասել այն, ինչ տեսել ենք ու լսել»։

Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի Քրիստոսի հանդեպ մեր հավատքը մեր գործերով ու վարքագծով վկայելը և ո՛չ մի մարդուց ու մարդկային սպառնալիքներից չընկճվելու խիզախություն ընդունելը Տիրոջից։ Աղոթե՛նք, որ մեր քաջությունը հավատքի կյանքում զորավոր վկայություն դառնա մեր շրջապատի մարդկանց համար։ Աղոթե՛նք, որ երբե՛ք չմոռանանք, որ մեր կյանքի վրա տիրում է Աստված, և ո՛չ մի մարդ չի կարող վնասել մեզ, եթե մեր կյանքում կա աստվածավախ մարդկանց համար խոստացված Տեր Աստծու գերբնական պաշտպանությունը։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես