Կայուն աղոթքի կյանքի առաջնահերթությունը
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Դանիելին նախաձող մարդիկ ո՛չ մի պատրվակ ու հանցանք չկարողացան գտնել թագավորի առջև նրան մեղադրանք ներկայացնելու համար։
Սիրելի՛ Ընկեր, սատանան խորամանկ է և նենգ։ Նույն որակներն ունեն նաև նրան ծառայող և նրանից առաջնորդություն ու ուղղորդում ընդունող մարդիկ։ Ուստի Դանիելին իրենց կյանքի ամենամեծ թշնամի համարող մարդիկ որոշեցին Դանիելի դեմ օգտագործել նրա հավատարմությունն ու աստվածապաշտության նվիրումը։
«Այն ժամանակ այս մարդիկ ասացին. «Մենք Դանիելի դեմ մի պատրվակ անգամ չենք գտնի, բացի եթե նրա դեմ մի բան գտնենք իր Աստծու օրենքից»։ Այն ժամանակ վերակացուները ու սատրապները հավաքվեցին թագավորի մոտ և այսպես ասացին նրան. «Ո՛վ Դարեհ թագավոր, հավիտյա՛ն ապրիր։ Խորհրդակցել են թագավորության բոլոր վերակացուները, կառավարիչներն ու սատրապները, խորհրդականներն ու կուսակալները, որ թագավորը մի հրաման արձակի, և արգելանք պարտադրվի, որ ոչ ոք, քեզնից բացի, ո՛վ թագավոր, երեսուն օր ոչինչ չխնդրի որևէ աստծուց կամ մարդուց, այլապես նա առյուծների գուբը գցվի։ Հիմա, ո՛վ թագավոր, հաստատի՛ր այս արգելանքը և ստորագրի՛ր հրովարտակը, որ այն մարերի և պարսիկների օրենքի նման, որ անխափանելի է, անփոփոխելի լինի»։ Ուստի Դարեհ թագավորը ստորագրեց հրովարտակը և արգելանքը» (Դանիել 6․5-9):
Ինձ համար շատ հետաքրքիր էր նկատել, որ Դանիելի շրջապատի մարդիկ հստակ տեղեկացված էին Դանիելի Աստծու պատվիրանների և դրանց հանդեպ Դանիելի խորը ու սկզբունքային նվիրման մասին։ Նրանք գիտեին, որ Դանիելը չի կարող չաղոթել իր Աստծուն։ Նրանք համոզված էին, որ անգամ մահապատժի սպառնալիքը Դանիելին հետ չի պահելու իր Աստծուն ուղղված աղոթքի հավատարիմ կյանքը շարունակելուց։
«Անդադար աղոթե՛ք։ Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։ Հոգին մի՛ մարեք» (Ա Թեսաղոնիկեցիս 5․17-19):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ մենք որքանո՞վ ենք նվիրված Նոր Կտակարանի վերը բերված պատվիրանին։ Մեր շրջապատի մարդիկ արդյոք տեղյա՞կ են Տեր Աստծու պատվիրաններին ու Նրան պաշտելու մեր սկզբունքներին մեր նվիրմանն ու հավատարմությանը։ Իսկ ինչպիսի՞ն կլիներ իմ և քո արձագանքը, եթե մենք լինեինք Դանիելի փոխարեն։
«Երբ Դանիելն իմացավ, որ հրովարտակը ստորագրվել էր, գնաց իր տունը. նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ։ Նա օրը երեք անգամ ծնրադրում էր, աղոթում և գոհաբանություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես նախապես անում էր։ Ապա այդ մարդիկ խմբվեցին և Դանիելին գտան, երբ նա իր Աստծու առաջ խնդրում և աղաչում էր» (Դանիել 6․10-11):
Այսօր, բնականաբար, ոչ ոք հատուկ մահապատիժ չի սահմանել ճշմարիտ Աստծուն կանոնավոր աղոթք բարձրացնողների համար։ Սակայն բազմաթիվ հանգամանքներ և շեղող գործոններ կան, որոնք օգտագործվում են մեզնից յուրաքանչյուրի դեմ, որպեսզի մեզ հետ պահեն կանոնավոր ու հավատարիմ աղոթքի կյանք ունենալուց։ Արդյոք գիտե՞ս, թե քո հավատքի թշնամին ինչ գործիքներ ու հանգամանքներ է քո դեմ օգտագործում։ Ի՞նչը կարող է շեղել քեզ աղոթքի կարգապահ ու հավատարիմ ընթացքից․․․
Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի իմաստություն և քաջություն խնդրելը, որպեսզի ո՛չ մի զբաղվածություն, ո՛չ մի անհոգություն կամ արգելք ի զորու չլինի մեզ կտրելու մեր երկնային Հոր հետ աղոթքի հարատև ու հավատարիմ հաղորդակցությունից և մյուսների համար մեր նվիրման վկայություն ծառայող մեր կարգապահ աղոթքի կյանքից։ Թո՛ղ ոչ մի գործոն կամ հանգամանք ի վիճակի չլինի շեղելու քեզ աղոթքի քո կարգապահ ու հավատարիմ ընթացքից։