• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 21 մրտ 2026 թ.

Անաղարտ կյանքի վկայությունը

Հրապարակման ամսաթիվ 21 մրտ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Մեր հաջորդ հոգևոր դասը գտնում ենք Դանիելի պատմության այն դրվագում, երբ Աստծու մարդը մարաց Դարեհ թագավորի արքունիքում բոլոր սատրապների վրա կարգված երեք վերակացուներից մեկն էր։ 

«Այն ժամանակ այս Դանիելը վերակացուներից և սատրապներից ավելի անվանի դարձավ, որովհետև նրա մեջ գերազանց հոգի կար, և թագավորը մտածում էր նրան ամբողջ թագավորության վրա կարգելու մասին» (Դանիել 6․3):

Սիրելի՛ Ընկեր, բնական է, որ կառավարման ոլորտում Դանիելի հաջողությունները և թագավորի աչքերում նրա ունեցած կարևորությունն ու հետագա հեռանկարները նախանձ էին առաջացնում կարիերայի սեփական հեռանկարներն ունեցող մարդկանց շրջանում։ Դանիելն իրական խոչընդոտ էր նրանց առաջընթացի ճանապարհին։ 

Քանի որ այդ մարդկանց շահը երկրի ճիշտ կառավարումը չէր, այլ սեփական առաջընթացը, նրանց Դանիելին ընդունում էին իբրև իրենց կյանքի ամենամեծ թշնամի ու ամենամեծ սպառնալիք պարունակող վտանգ։ Նման պարագայում միայն մեկ խնդիր կար Դանիելին նախանձողների մտքում․ ինչպե՞ս վերացնել իրենց կարիերայի ու մեծարման ճանապարհին կանգնած այդ խոչընդոտը։ 

«Այն ժամանակ վերակացուներն ու սատրապներն աշխատում էին Դանիելի դեմ՝ կառավարման մեջ մի պատրվակ գտնելու, բայց ոչ մի պատճառ ու չարություն չկարողացան գտնել, որովհետև նա հավատարիմ էր, և ոչ մի հանցանք ու չար բան չգտնվեց նրա վրա» (Դանիել 6․4):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Դանիելին ատողները ո՛չ մի պատրվակ չկարողացան գտնել նրա դեմ մեղադրանք առաջադրելու համար։ Ո՛չ մի պատճառ ու չարություն չկար նրան ատողների տրամադրության տակ, քանի որ Դանիելը հավատարիմ էր․․․ 

Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք՝ Քրիստոսի աշակերտներս, նույնպես պետք է ապրենք մեր Տիրոջ ուսուցումներին ու Նրա փոխանցած սկզբունքներին հավատարիմ կյանքով։ Այո՛, մեզ նույնպես չարախոսելու են և մեզնից նույնպես բամբասելու են։ Սակայն հե՛նց բամբասողները իրենց սրտի խորքում պետք է իմանան, որ իրենց չարախոսությունները անհիմն են ու մարդկային երևակայության հորինվածք։ Եթե դու ապրես Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցումներին հավատարիմ կյանքով, ապա Քրիստոսով քո բարի վարքը բամբասողները ամոթով են մնալու։ 

«Եվ ո՞վ ձեզ կչարչարի, եթե դուք բարուն նախանձախնդիր լինեք։ Բայց եթե արդարության համար չարչարվեք, երանելի եք։ Սակայն նրանց ահից մի՛ վախեցեք ու մի՛ խռովվեք, այլ Տիրոջը՝ Քրիստոսին, ձեր սրտերում սո՛ւրբ պահեք ու միշտ պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։ Հեզությամբ և երկյուղածությամբ բարի խղճմտա՛նք ունեցեք, որպեսզի ինչի համար ձեզանից չարախոսեն, ամոթով մնան նրանք, ովքեր Քրիստոսով ձեր բարի վարքը բամբասում են» (Ա Պետրոս 3․13-16):

Դանիելի հավատարմությունը և սրբության կյանքը այսօր մեր օրինակն է։ Նրա սրբությունը միայն Տեր Աստծու առջև չէր։ Նրա սրբությունը միայն յոթերորդ օրը Տիրոջ առջև երևալու ժամանակ չէր։ Նրա սրբությունը միայն իր հավատակից ընկերների առջև չէր։ Նրա սրբությունը նրա նվիրումն էր Աստծու Խոսքով ու Աստծու կամքով ապրելու իր ընթացքին։ 

Նրա սրբությունը թե՛ Տեր Աստծու հետ իր հաղորդակցության մեջ էր և թե՛ աշխատանքի ու թագավորին մատուցած իր ծառայության մեջ։ Նա հավատարիմ էր իր բոլոր գործերի մեջ։ Նա կարգապահ էր և նաև իր աշխատանքի մեջ իր կարգապահությամբ ու հավատարմությամբ դրսևորում էր իր աստվածավախությունն ու Աստծու ուսուցանած սկզբունքներին հավատարմությունը։ Նրա մեջ գերազանց հոգի կար, և դա Տեր Աստծու պարգևն էր Իր սրբությունը սիրող և Իր կամքին հնազանդությանը փափագող Աստծու մարդուն։ 

Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի, որ աստվածավախության ու սրբության մեր փափագը դուրս գա մեր հոգևոր կյանքի շրջանակներից և տարածվի մեր կյանքի մյուս ոլորտների վրա։ Աղոթե՛նք, որպեսզի մեր աշխատավայրում նույնքան սուրբ ու աշխարհի սկզբունքներից զատված լինենք, որքան եկեղեցում ենք կամ Աստծու առջև ծնկի եկած աղոթելիս։ Աղոթե՛նք, որ մեր ընտանիքի անդամների կամ գործընկերների ու դասընկերների համար Աստծու հանդեպ մեր հավատարմությունն ու սրբության հանդեպ մեր սկզբունքայնությունը Քրիստոսի հանդեպ մեր սիրո լավագույն վկայությունները լինեն։ Աղոթենք, որ մեր մասին բամբասողների ու չարախոսողների ասածը սուտ լինի, քանի որ ո՛չ մի չարություն կամ հանցանք չեն կարողանալու գտնել մեր կյանքում։ Աղոթենք, որ ընդունենք Դանիելի կյանքից այս հերթական դասը և Աստծու Սուրբ Հոգու օգնությամբ կիրառենք այն մեր կյանքերում։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես