Տեր Աստված կշռում է մարդկանց հոգևոր աշխարհում
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Շարունակում ենք նաև դասեր քաղել Բաղդասար թագավորի և նրա կազմակերպած խնջույքի մասին պատմությունից։ Մեր նախորդ ուղերձի մեջ տեսանք, որ Աստծու համար սուրբ լինող բաների հանդեպ մարդու անսուրբ վերաբերմունքը մեծագույն պատժի է արժանանում Տիրոջ կողմից։
Սիրելի՛ Ընկեր, Բաղդասար թագավորին ահ ու սարսափ էր պատել։ Դա մի անկառավարելի վախ էր, որը ցնցում էր նրա ողնաշարը, իսկ ծնկները անկանոն կերպով իրար էին խփում։ Վախի արդյունքում նա կորցրել էր իր մարմինը վերահսկելու ունակությունը։ Ոչ ոք չգիտեր այն գիրն ու գրվածքի նշանակությունը, որը մի գերբնական ձեռք գրել էր պալատի պատի վրա։
«Այն ժամանակ ներս եկան թագավորի բոլոր իմաստունները, բայց չկարողացան կարդալ գրվածքը և մեկնությունն իմացնել թագավորին։ Այն ժամանակ Բաղդասար թագավորը սաստիկ խռովվեց, նրա գույնը փոխվեց, և նրա մեծամեծները սահմռկեցին։ Թագավորի և նրա մեծամեծների ձայնը լսելով՝ թագուհին եկավ խնջույքի տունը։ Թագուհին ասաց. «Թագավո՛ր, հավիտյա՛ն ապրիր, թող քո խորհուրդները չխռովեն քեզ, և գույնդ չփոխվի։ Քո թագավորության մեջ մի մարդ կա, որի մեջ սուրբ աստվածների հոգին կա, և քո հոր օրերին լուսավորություն, ըմբռնողություն և աստվածների իմաստության նման իմաստություն գտնվեց նրա մեջ։ Եվ հայրդ՝ Նաբուգոդոնոսոր թագավորը, նրան մոգերի, հմայողների, քաղդեաների, բախտագուշակների գլխավոր կարգեց, քո հայրը, ո՛վ թագավոր, որովհետև մի գերազանց հոգի, գիտություն և ըմբռնողություն կա նրա մեջ՝ երազներ մեկնելու, խրթնաբանությունները հայտնելու և կնճիռներ լուծելու. այդ Դանիելի մեջ, որի անունը թագավորը Բաղդասասար դրեց։ Թող կանչվի Դանիելը, և նա կասի մեկնությունը» (Դանիել 5.8-12):
Երբ Դանիելը կանգնում է թագավորի առջև, առաջին բանը, որ Աստծու մարդը խոսում է, Նաբուգոդոնոսոր թագավորի հպարտության և այդ հպարտության պատժի մասին Բաղդասար թագավորին և մյուս ներկաներին հիշեցնելն է լինում։
«Եվ դու՝ նրա որդին, Բաղդասա՛ր, չխոնարհեցրիր քո սիրտը, թեև այս ամենը գիտեիր։ Այլ քեզ բարձրացրիր երկնքի Տիրոջ դեմ, և Նրա տան անոթները բերվեցին քո առաջ, և դու, քո մեծամեծները և քո կանայք ու քո հարճերը գինի խմեցիք նրանցով։ Եվ գովաբանեցիր արծաթե ու ոսկե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ իմանում։ Բայց չփառավորեցիր այն Աստծուն, որի ձեռքում է քո շունչը, որինն են քո բոլոր ճանապարհները» (Դանիել 5․22-23):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Դանիելը նաև մեկնում է պատի վրայի գրված բառերի նշանակությունը։
«Ուստի այն ձեռքն ուղարկվեց Նրա կողմից, և այս գրվածքը գրվեց։ Եվ այս է գրված այն գրությունը՝ ՄԵՆԵ, ՄԵՆԵ, ԹԵԿԵԼ ՈՒ ՓԱՐՍԻՆ։ Այս է խոսքի մեկնությունը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորության օրերը և այն վերջացրեց. Թեկել՝ կշեռքով կշռվեցիր և պակաս գտնվեցիր. Փարես՝ բաժանվեց քո թագավորությունը և տրվեց մարերին ու պարսիկներին» (Դանիել 5.24-28):
Յուրաքանչյուր մարդ իր կշիռն ունի հոգևոր աշխարհում։ Այս աշխարհի շատ անվանի ու ծանրակշիռ մարդիկ Աստծու կշեռքի վրա թեթև են գտնվելու, ինչպես Բաղդասար թագավորը։ Իսկ շատ շատերը, որոնց համար հավատքն ու աստվածապաշտությունը վեր է սեփական ցանկություններից, շահից ու սեփական պատկերացումներով ապրելու մղումից, կշռվելու են Տեր Աստծու հոգևոր կշեռքով և ծանրակշիռ են լինելու առաջին հերթին հե՛նց Տեր Աստծու համար։ Քո հավատքն ու աստվածավախությունը ապահովում են քո կշիռը հոգևոր աշխարհում։
Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի, որ Տեր Աստծու Խոսքի ու Նրա կամքի հանդեպ մեր հնազանդության ու հավատարմության վերաբերմունքով ապացուցենք մեր սերը Արարիչ Աստծու հանդեպ և Տեր Աստծու կողմից սուրբ ընդունված բաների հանդեպ մեր աստվածավախ վերաբերմունքով ցույց տանք, որ Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ու հավատարիմ աշակերտներն ենք։