Սուրբ բաների հանդեպ քո վերաբերմունքը
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Այս ուղերձի հոգևոր դասը փորձելու ենք բացահայտել Բաղդասար թագավորի խնջույքի մասին պատմությունից, երբ թագավորը հրամայեց բերել Երուսաղեմի տաճարից բերված ոսկե և արծաթե անոթները, որպեսզի դրանցով գինի խմեն ու գովաբանեն իրենց սուտ աստվածներին։
Սիրելի՛ Ընկեր, չափազանց մեծ կարևորություն ունի, թե մարդն ինչպես է վերաբերվում այն ամենին, ինչն Ամենակարող Աստծու համար «սուրբ» որակումն ունի։
«Բաղդասար թագավորն իր մեծամեծներից հազարի համար մեծ հացկերույթ տվեց և այդ հազարի առաջ գինի խմեց։ Երբ գինին էր համտեսում, Բաղդասարը հրամայեց, որ բերեն ոսկե և արծաթե այն անոթները, որոնք Երուսաղեմի տաճարից վերցրել էր իր հայրը՝ Նաբուգոդոնոսորը, որպեսզի նրանցով խմեն թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայք և նրա հարճերը։ Այդ ժամանակ բերեցին ոսկե այն անոթները, որոնք վերցրել էին Երուսաղեմում գտնվող Աստծու տաճարից, և նրանցով խմեցին թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայք և նրա հարճերը։ Խմեցին գինին և գովեցին ոսկե ու արծաթե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին» (Դանիել 5.1-4):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Բաղդասար թագավորն անարգեց այն, ինչը սուրբ էր Տեր Աստծու համար։ Գիտե՞ս արդյոք, որ սուրբ բաների հանդեպ քո վերաբերմունքը որոշում է Տեր Աստծու վերաբերմունքը քո հանդեպ։ Իսկ գիտե՞ս՝ ի՞նչն է Տեր Աստծու համար սուրբ և, ընդհանրապես, ի՞նչ է նշանակում սուրբ։
Ամենը, որ Տեր Աստծու համար առանձնացված է, պատկանում է Նրան կամ հատուկ նպատակով տրված է մարդուն Աստծու կողմից, սուրբ է և Տեր Աստծու առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է։ Աստված առանձնահատուկ կերպով քննում է, թե մարդը ինչպե՛ս է վերաբերվում այն ամենին, ինչը սուրբ է Նրա համար։
Օրինակ՝ Աստված սուրբ է անվանում Իր անունը, Իր Խոսքը, Իր կամքը, բայց նաև սուրբ է անվանում յոթերորդ օրը, տասանորդը և ամուսնական անկողինը։ Սուրբ են անվանվում նաև այն մարդիկ, որոնք ապաշխարության շնորհիվ առանձնացվել են աշխարհից և ապրում են Աստծու կամքին հնազանդության փափագով։
Ինչպիսի՞ն է մեր վերաբերմունքն այն ամենին, ինչը սուրբ է Տեր Աստծու համար։ Ինչպիսի՞ն էր Տեր Աստծու արձագանքը սուրբ բաների հանդեպ Բաղդասար թագավորի անսուրբ վերաբերմունքին։
«Այդ պահին մարդկային ձեռքի մատներ երևացին և աշտանակի դիմաց գրեցին թագավորական պալատի պատի ծեփի վրա։ Եվ թագավորը տեսավ այն ձեռքը, որը գրում էր։ Այդ ժամանակ թագավորի գույնը փոխվեց, և նրա խորհուրդները խռովեցին նրան, նրա մեջքի հոդերը քանդվում էին, իսկ նրա ծնկները մեկմեկի էին խփում» (Դանիել 5.5-6):
Տեր Աստծու պատժի սպասումը վախ ու տագնապ է ծնում ցանկացած մարդու սրտում։ Վերհիշի՛ր Տեր Աստծու համար սուրբ բաների վերը բերված թվարկումը և քննի՛ր քո վերաբերմունքը դրանց հանդեպ։ Արդյոք այն ամենին, որ սուրբ է Տեր Աստծու համար, քո վերաբերմունքը սո՞ւրբ է, թե՞ սովորական։ Իսկ գիտե՞ս, որ սրբության հականիշը սովորականն է։ Մենք իրավունք չունենք սովորական վերաբերմունք ցույց տալ այն ամենին, ինչը սուրբ է Տեր Աստծու համար։
Բաղդասարի համար Երուսաղեմի Տաճարից բերված անոթները սովորական անոթներ էին։ Սուրբ բաների հանդեպ սովորական վերաբերմունք ունենալը ամենաանսուրբ վերաբերմունքն է, որը մարդը կարող է ունենալ Տեր Աստծու հանդեպ։
Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի Տեր Աստծու համար սուրբ բաները ճանաչելն ու զանազանելը և դրանց հանդեպ, որպես Տեր Աստծու համար առանձնացված կամ Աստծուց պարգև ընդունած բաների, երկյուղածության ու սրբության վերաբերմունքն ունենալը։ Սուրբ բաների հանդեպ քո վերաբերմունքը որոշում է Տեր Աստծու վերաբերմունքը քո հանդեպ։