• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 18 մրտ 2026 թ.

Անձը խոնարհեցնելը վերականգնման ուղին է

Հրապարակման ամսաթիվ 18 մրտ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ քննեցինք, թե ինչպիսի՜ արհավիրք է բերում մարդու կյանքում հպարտությունը։ Նաբուգոդոնոսոր թագավորը հպարտացավ սեփական նվաճումներով, թագավորության փառահեղությամբ և սեփական անձի իմաստությամբ։ Նա չկարողացավ իր հաջողությունների ու իշխանության հետևում տեսնել Ամենակարող Աստծու ձեռքը, Ով բարձրացնում ու ցածրացնում է մարդկանց, և փառքն Աստծուն չտվեց Տեր Աստծուց տրված օրհնությունների համար։ 

Սիրելի՛ Ընկեր, թեև Նաբուգոդոնոսոր թագավորը Տեր Աստծուց նախօրոք ստացել էր հպարտության անխուսափելի պատժի զգուշացումը, և Դանիելը նրան ցույց էր տվել անձը խոնարհեցնելու և ապաշխարության ուղին, նա շարունակել էր գոռոզության ու հպարտության կյանքը և, ի վերջո, հասավ նրան, որ Աստված նրանից վերցրեց բանական էակին հատուկ բոլոր հատկանիշները։ Յոթ տարի շարունակ ժամանակի ամենազորեղ կայսրության արքան կենդանու նման խոտ էր արածում և թրջվում խոտերի վրա բռնած ցողով։ Նրա մազերն ու եղունգները երկարել էին, և նա ապրում էր մարդկանցից հեռու՝ վայրի կենդանու նմանությամբ։ 

«Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվե՛ք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի» (Ա Պետրոս 5.6):

Եթե կործանումից առաջ գնում է հպարտությունը, ապա վերականգնումը գալիս է այն ժամանակ, երբ մարդը խոնարհեցնում է ինքն իրեն։ Անձը խոնարհեցնելու շատ տարբեր կերպեր կան։ Սկսած ծոմապահությունից մինչև հոգևոր տարբեր վարժանքների կարգապահ ու հավատարիմ կիրառումը մարդու կյանքում։ Սակայն դրանք բոլորը մեկ ընդհանրություն ունեն՝ մարդը սեփական կամքը, հարմարավետությունն ու շահը ստորադասում է Աստծու կամքին ու Աստվածաշնչի ուսուցանած սկզբունքներին։ 

«․․․և Իմ ժողովուրդը, որի վրա Իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, Իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ Ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը» (Բ Մնացորդաց 7․14):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, երբ մարդը մերժում է սեփական անձը խոնարհեցնելու Տեր Աստծու հորդորները, որոնք Տերը կարող է փոխանցել մտքերի տեսքով կամ Իր ծառաների զգուշացումների միջոցով, ապա Աստված Ինքն է խոնարհեցնում մարդուն՝ վերջինիս կյանք բերելով տարբեր ծանր իրավիճակներ։ Սա կարող է տարօրինակ հնչել, սակայն նման դժվարությունները մարդու հանդեպ Տեր Աստծու անսահման մեծ սիրո դրսևորումներն են։ Աստված այնքա՜ն է սիրում մարդուն, որ ամեն ցավոտ միջամտության պատրաստ է, որպեսզի մարդը թողնի հպարտության և Աստծու դեմ ապստամբության ուղին, որը նրան դեպի հավիտենական կործանում է տանում։

«Եվ այն օրից հետո ես՝ Նաբուգոդոնոսորս, աչքերս դեպի երկինք բարձրացրի, իմ խելքն ինձ դարձավ, և Ամենաբարձրյալին օրհնաբանեցի, գովաբանեցի ու փառաբանեցի՝ հավիտյանս կենդանի եղողին, որի իշխանությունը հավիտենական իշխանություն է, և Նրա թագավորությունը սերնդեսերունդ կմնա։ Եվ երկրի բոլոր բնակիչները ոչնչի պես են համարվում, և Նա ըստ Իր կամքի է անում երկնքի զորքի ու երկրի բնակիչների մեջ, և մեկը չկա, որ խփի Նրա ձեռքին ու ասի Նրան. “Ի՞նչ ես անում”։ Այդ ժամանակ խելքս ինձ դարձավ, և ինձ վերադարձան իմ թագավորության ու փառքի հետ իմ մեծավայելչությունն ու փառահեղությունը։ Իմ խորհրդականներն ու իմ մեծամեծները փնտրեցին ինձ, և ես վերահաստատվեցի իմ թագավորության վրա, ու առավել վեհություն տրվեց ինձ։ Արդ ես՝ Նաբուգոդոնոսորս, գովաբանում, մեծարում և փառաբանում եմ Երկնքի Թագավորին, որովհետև Նրա բոլոր արարքները ճշմարիտ են, և Նրա ճանապարհներն արդար են, և որը կարողանում է նսեմացնել հոխորտանքով ընթացողներին» (Դանիել 4.34-37):

Խոնարհությունը հոգևոր վերականգնման ճանապարհի սկիզբն է։ Հեթանոս թագավորը ունակ եղավ տեսնելու սեփական փոքրությունը Աստծու մեծության առջև։ Իսկ մե՞նք․․․ Արդյոք մեր վերաբերմունքը մեր շրջապատի մարդկանց, անգամ այն մարդկանց, որոնք մեր հանդեպ վատ վերաբերմունք ունեն, խոսո՞ւմ է մեր խոնարհության մասին․․․ Մեր աչքերը ուղղվա՞ծ են արդյոք մեր հաջողություններին, մեր նվաճումներին ու մեր դիրքին, թե՞ ուղղված են միակ ճշմարիտ Աստծուն, որ մեր կյանքի բոլոր օրհնությունների աղբյուրն է և մեր Տերն ու Թագավորը։  

Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի մեր կյանքի ցանկացած իրավիճակում խոնարհության ու հեզության արձագանք ունենալը և մեր հոգևոր աչքերի համար Տեր Աստծուց բժշկություն խնդրելը, որպեսզի չլինի հանկարծ, որ մարդկանց հանդեպ կամ Տեր Աստծու կամքի հանդեպ մեր վերաբերմունքի պատճառով մեր կյանք այցելի հպարտութունը, և մենք դա չնկատենք։ Խոնարհությունը հոգևոր վերականգնման ճանապարհի սկիզբն է։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես