• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 17 մրտ 2026 թ.

Հպարտությունը կործանման նախաշեմն է

Հրապարակման ամսաթիվ 17 մրտ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Այս շարքի մեր հերթական ուղերձի մեջ անդրադառնալու ենք հպարտության թեմային։ Մեր ուշադրության կենտրոնում Նաբուգոդոնոսոր թագավորի հպարտությունն ու այդ հպարտության պատիժն են։ 

«․․․թագավորն ասաց. «Սա չէ՞ այն մեծ Բաբելոնը, որ ես կառուցել եմ իմ ուժի կարողությամբ՝ որպես թագավորական տուն իմ մեծության փառահեղության համար» (Դանիել 4.30):

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը մեզ հստակ սովորեցնում է, որ կործանումից առաջ գալիս է հպարտությունը։ Մարդու մեծամտությունը, ամբարտավանությունն ու հպարտությունը նրան տանում են կործանման։ 

«Կործանման առաջից գոռոզությունն է գնում, իսկ սայթաքման առաջից՝ ամբարտավան հոգին» (Առակաց 16.18):

Նաբուգոդոնոսորը հպարտացավ իր ուժով։ Նաբուգոդոնոսորը գոռոզացավ իր թագավորության մեծության փառահեղությամբ։ Նաբուգոդոնոսորը մոռացել էր իր անձը խոնարհեցնելու վերաբերյալ Դանիելի զգուշացումը, երբ Աստծու ծառան մեկնում էր նրա երազը։ 

«Սա է մեկնությունը, ո՛վ թագավոր, և ահա Ամենաբարձրյալի վճիռը, որ հասել է իմ տեր թագավորին։ Եվ քեզ արտաքսելու են մարդկանց միջից, և դաշտի գազանների հետ պիտի լինի քո բնակությունը, և արջառների պես քեզ խոտ են ուտեցնելու, թրջվելու ես երկնքի ցողով, և յոթ ժամանակ է անցնելու քո վրայով, մինչև որ իմանաս, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է նրան, ում որ ուզում է։ Բայց երբ հրամայեց, թե ծառի արմատների բունը թող մնա, քո թագավորությունը քեզ համար պետք է հաստատվի, երբ գիտենաս, որ իշխողը Երկինքն է։ Ուստի, ո՛վ թագավոր, թող իմ խորհուրդը քեզ հաճելի երևա, և քո մեղքերն արդարությամբ քավի՛ր և քո անօրենությունները՝ աղքատներին ողորմելով. թերևս քո խաղաղությունը երկարացվի» (Դանիել 4․24-27):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հպարտությունը սատանայի անկման պատճառ հանդիսացող մեղքն է։ Հպարտությունը սեփական ես-ը Տեր Աստծու գահից բարձր դնելու մեղքն է։ Հպարտությունը սեփական հաջողությունների մեջ Տեր Աստծու դերը անտեսելն է և սեփական անձով հիանալը։ Հպարտությունը քո հաջողությունների կամ առավելությունների պատճառով քեզ մյուսներից բարձր դասելու անմտությունն է։ 

«Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Հակոբոս 4․6

Հպարտությունը կործանման նախաշեմն է։ Եվս մեկ կերպար կա Աստվածաշնչում, որը հիացած էր սեփական արժանիքներով և իր դիրքի ու իշխանության համար փառքը Աստծուն չտվեց, այլ Աստծուն ուղղված փառաբանության նման գովաբանություն ընդունեց։ 

«Որոշված օրը Հերովդեսը, թագավորական զգեստ հագած, նստել էր ատյանում և հրապարակավ խոսում էր նրանց հետ։ Իսկ ամբոխն աղաղակում էր. «Դա Աստծու ձայնն է և ոչ թե մարդու»։ Եվ Տիրոջ հրեշտակն իսկույն հարվածեց նրան, որովհետև Աստծո՛ւն չտվեց փառքը, և որդերով լցվեց ու մեռավ» (Գործք Առաքելոց 12․21-23):

Նաբուգոդոնոսորը հպարտացավ սեփական նվաճումներով և չլսեց անձը խոնարհեցնելու Դանիելի զգուշացումը։ 

«Խոսքը դեռ թագավորի բերանում էր, երբ երկնքից մի ձայն ընկավ. «Քեզ է ասվում, ո՛վ Նաբուգոդոնոսոր արքա, թագավորությունդ գնաց քեզնից։ Եվ քեզ պիտի արտաքսեն մարդկանց միջից, և դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակությունը, և քեզ արջառների պես խոտ են ուտեցնելու, և յոթ ժամանակ է անցնելու քո վրայով, մինչև իմանաս, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է նրան, ում որ ուզում է»։ Նույն ժամին այս խոսքը կատարվեց Նաբուգոդոնոսորի նկատմամբ. նա արտաքսվեց մարդկանց միջից, խոտ էր ուտում արջառների պես, և նրա մարմինը թրջվում էր երկնքի ցողով, մինչև նրա մազերը երկարեցին արծիվների փետուրների պես, իսկ եղունգները՝ թռչունների մագիլների նման» (Դանիել 4.31-33):

Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի այն, որ երբե՛ք ու երբե՛ք չհայտնվենք հպարտության մեղքի մահաբեր ճիրանների մեջ․․․, որ երբե՛ք մեր ցանկությունները Աստծու կամքից բարձր չդասենք․․․, որ երբե՛ք չմերժենք մեր անձը Ամենակարող Աստծու առջև խոնարհեցնելու հնարավորությունները և երբե՛ք մեզ դիմացինից բարձր չդասենք։ Աղոթենք, որ յուրաքանչյուր հաջողության ու ձեռքբերման մեջ կարողանանք գոհությամբ ու երախտագիտությամբ ողջ փառքն Աստծուն ուղղել և խուսափենք մարդկանցից փառավորվելու բոլոր հնարավորություններից։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես