Աստված քեզ երբե՛ք մենակ չի թողնի
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Նախորդ երկու ուղերձների մեջ ծանոթացանք Դանիելի երեք ընկերների քաջությանը, սկզբունքայնությանն ու Ամենակարող Աստծու հանդեպ անսասան հավատքին։
Սիրելի՛ Ընկեր, նկատե՞լ ես, որ ճշմարտությունը խոսելդ նյարդայնացնում է շատ մարդկանց։ Նկատե՞լ ես, որ Տեր Աստծու պատվիրաններին հավատարիմ լինելու որոշումներդ բորբոքում են Աստծուն չճանաչող մարդկանց բարկությունը։ Դանիելի ընկերների սկզբունքայնությունը խիստ կերպով բորբոքեց Նաբուգոդոնոսոր թագավորի բարկությունը։
«Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը լցվեց բարկությամբ, և նրա դեմքի արտահայտությունը փոխվեց Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի դեմ, պատասխանեց և հրամայեց, որ հնոցը սովորականից յոթնապատիկ ավելի վառեն։ Եվ իր բանակում եղող զորավոր տղամարդկանց հրամայեց, որ կապեն Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին և գցեն կրակով բորբոքված հնոցի մեջ։ Այդ ժամանակ այս մարդկանց իրենց անդրավարտիքներով, պատմուճաններով, գլխարկներով ու մյուս հանդերձներով կապեցին և գցեցին կրակով բորբոքված հնոցի մեջ։ Քանի որ թագավորի հրամանը խիստ էր, հնոցն էլ չափազանց տաքացված էր, Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին վերցրած մարդկանց կրակի բոցը սպանեց։ Եվ այս երեք մարդիկ՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, կապված ընկան կրակով բորբոքված հնոցի մեջ» (Դանիել 3․19-23):
Երբեմն մենք կանգնում ենք բավականին դժվար ընտրության առջև՝ խոսել ճշմարտություն և հավատարիմ մնալ ճշմարտությա՞նը, որի արդյունքում բորբոքվելու է մարդկանց բարկությունը, կամ չխոսել ճշմարտությունը և դավաճանել ճշմարտությանը։ Խիզախ և աստվածավախ մարդիկ չեն վախենում մարդկանց բարկությունից, քանի որ ավելի մեծ երկյուղ ունեն Աստծուց։ Անշուշտ, արդյունքը կարող է կրակի հնոցը լինել, սակայն սկզբունքային մարդկանց դա երբե՛ք չի կարող ստիպել խոնարհվել որևէ կուռքի կամ ստության առջև և աշխարհի հետ գնալ գաղջ փոխզիջումների։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստված երբե՛ք մենակ չի թողնում հանուն Իրեն ու Իր կամքին հնազանդության դժվարություններով անցնող մարդկանց։ Նա փնտրում է նման սկզբունքային հավատացյալների, որպեսզի գերբնական կերպով զորացնի նրանց։ Ստորև բերված աստվածաշնչյան խոսքերը վերաբերում են Տեր Աստծուն հաճելի կյանքով ապրող և Նրա կամքին հնազանդությանը փափագող հավատացյալներին, որոնց Տերը Իր սեփական ժողովուրդն է կոչում։
«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու Իմն ես։ Երբ ջրերի միջով անցնես, Ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի, որովհետև դու թանկագին ես Իմ աչքին. պատիվ գտար, և Ես սիրեցի քեզ։ Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ․․․ (Եսայի 43:1-2,4-5):
Դանիելի երեք ընկերները ինքնատիրապետումը կորցրած թագավորի հրամանով գցվեցին կրակի հնոցի մեջ։ Նրանք չգիտեին, թե ի՜նչ գերբնական ազատագրություն էր Աստված պատրաստել իրենց համար։ Նրանք պատրաստ էին մեռնելու, բայց պատրաստ չէին դավաճանելու Տեր Աստծու հանդեպ իրենց հավատքը։
«Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորն ապշած և շտապելով վեր կացավ և խոսեց՝ իր խորհրդականներին ասելով. «Մի՞թե մենք կապված երեք մարդ չգցեցինք կրակի մեջ»։ Նրանք պատասխանեցին թագավորին և ասացին. «Ստույգ է, ո՛վ թագավոր»։ Նա էլ ասաց. «Ահա ես չորս արձակ մարդու եմ տեսնում, որ շրջում են կրակի մեջ, և նրանց վնաս չի լինում. չորրորդի կերպարանքն էլ աստվածների որդու է նման»։ Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը մոտեցավ կրակի հնոցի դռանը և ասաց. «Ո՛վ Սեդրաք, Միսաք, Աբեդնագով, Ամենաբարձրյալ Աստծու ծառանե՛ր, դո՛ւրս ելեք, եկե՛ք»։ Այդ ժամանակ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը դուրս եկան կրակի միջից։ Եվ հավաքվեցին սատրապները, կուսակալները, կառավարիչները, թագավորի խորհրդականները, տեսան այդ մարդկանց, որոնց մարմնի վրա կրակը չէր տիրել, ու նրանց գլխի մազը չէր այրվել, նրանց անդրավարտիքները չէին այլափոխվել, և կրակի հոտ չկար նրանց վրա» (Դանիել 3.24-27):
Քո կյանքի կրակների մեջ Տերը քեզ հետ կլինի, եթե մինչև վերջ հավատարիմ մնաս Նրա կամքին քո հնազանդությանը։ Տեր Հիսուսը հատուկ խոստում տվեց բոլոր այն մարդկանց, որոնք սրտանց կնվիրվեն Իր աշակերտը դառնալու ընթացքին և իրենց կյանքը կապրեն Իր պատվիրաններն ու Իր հանձնարարությունները այս երկրի վրա կատարելու փափագով։
«…սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.20):
Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով ապրելու իմաստություն և զորություն խնդրելը, ինչպես նաև մեր կյանքի ցանկացած որոշման և պահվածքի մեջ Տեր Աստծու անունը փառավորելու և, անկախ պահանջվող գնից, Նրա պատվիրաններին ու սկզբունքներին հավատարիմ մնալու հաստատակամությունը խնդրելը։