• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 14 մրտ 2026 թ.

Հավատացյալի քաջությունը

Հրապարակման ամսաթիվ 14 մրտ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Մեր հերթական ուղերձի դասը Դանիելի երեք ընկերների հետ պատահած պատմությունից է։ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը հաջողված կառավարիչներ էին Նաբուգոդոնոսոր թագավորի արքունիքում։ Եվ շատ մարդիկ կային նրանց շրջապատում, որ նախանձում ու ատում էին նրանց։ 

Սիրելի՛ Ընկեր, Դանիելի մարգարեության երրորդ գլխում նկարագրվում է, որ Նաբուգոդոնոսոր թագավորը մի մեծ ոսկե արձան շինեց և հրամայեց, որ արձանի նավակատիքի տոնակատարության ժամանակ բոլոր ներկաները ընկնեն գետնին ու երկրպագեն իր կանգնեցրած արձանին։ Հրամանն անտեսելու պատիժը կրակով բորբոքված հնոցի մեջ գցվելը պետք է լիներ։ 

Չարախոս ու նախանձ մարդիկ անմիջապես շտապեցին թագավորի մոտ և մատնեցին Դանիելի երեք ընկերներին, որոնք երկրպագություն չէին արել արձանին։ Հետաքրքիր է տեսնել թագավորի արձագանքը իր երեք կառավարիչների այս անհնազանդությանը։ Նա անունով ճանաչում էր նրանց և ամեն բան անում էր, որ մահապատժի չենթարկվեն իրեն և իր թագավորությանը լավագույնս ծառայող այդ երեք կառավարիչները։ 

«Նաբուգոդոնոսորը նրանց հարցրեց և ասաց. «Միտումնավո՞ր է, ո՛վ Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, դուք ինչո՞ւ չեք պաշտում իմ աստվածներին և իմ կանգնեցրած արձանին երկրպագություն չեք անում։ Արդ եթե պատրաստ եք, ապա երբ լսեք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակ նվագարանների ձայնը, վա՛յր ընկեք և երկրպագությո՛ւն արեք իմ շինած արձանին. իսկ եթե երկրպագություն չանեք, իսկույն կգցվեք կրակով բորբոքված հնոցի մեջ, և ո՞ր աստվածն է, որ ձեզ պիտի ազատի իմ ձեռքից» (Դանիել 3.14-15):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Դանիելի երեք ընկերների հավատքն առ Աստված և համոզմունքը Տեր Աստծու փոխանցած սկզբունքների ու արժեքների հանդեպ այնքան ամուր ու խորն էին, որ նրանց միաբան պատասխանը անգամ աղոթքի ու մտորումների առիթ չտվեց։ Փոխզիջումն անհնարին էր։ Կռապաշտությունը տեղ չուներ և չէր կարող տեղ ունենալ նրանց կյանքում։ Նրանց պատասխանը միանշանակ էր․ 

«Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը պատասխանեցին թագավորին և ասացին. «Այս բանի մասին հարկ չկա քեզ պատասխան տալու, ո՛վ Նաբուգոդոնոսոր։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից, քո ձեռքից ևս, ո՛վ թագավոր, Նա կազատի մեզ։ Իսկ եթե ոչ, ապա իմացի՛ր, ո՛վ թագավոր, որ քո աստվածներին մենք չենք պաշտելու և քո կանգնեցրած արձանին չենք երկրպագելու» (Դանիել 3․16-18):

Որտեղի՞ց մահվան աչքերին ուղիղ նայող այս երեք մարդկանց այդքա՜ն քաջություն։ Հիշե՛նք Դանիելի մարգարեության առաջին գլխում նկարագրվող պատմությունը։ Դանիելը և նրա երեք ընկերները պատանի տարիքից մի որակ ունեին իրենց սրտում, որը նրանցից վանում էր ցանկացած վախ ու տագնապ։ Նրանք աստվածավախ էին։ 

Աստվածավախ մարդիկ չեն վախենում մարդկային ճնշումներից։ Աստվածավախ մարդիկ ունակ չեն Աստծուն դավաճանելու անգամ մահվան սպառնալիքի ներքո։ Աստվածավախ մարդիկ հավատում են հավիտենական կյանքին և հավատում են դավաճանության դեպքում հավիտենական կյանքի պարգևից զրկվելու իրողությանը։ Աստվածավախ մարդիկ երբե՛ք չեն համաձայնվում դավաճանության համար սատանայի առաջարկած գնին և հավատարիմ են մնում Աստծուն մինչ ի մահ։ Աստվածավախ մարդկանց քաջության աղբյուրը Տեր Աստծու ներկայության հանդեպ անսասան հավատքն է։ 

«Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1.9):

Աստվածավախությունը հավատացյալին ազատում է ցանկացած վախից ու տագնապներից։ Աստվածավախությունը Աստծուն հավատացող մարդկանց դարձնում է սկզբունքային և նվիրված։ Աստվածավախության բացակայությունը Աստծու կամքին հնազանդվելը դարձնում է ընտրովի՝ երբ շահ կամ վտանգ կա, կարելի է գնալ փոխզիջումների, իսկ երբ չկա, կարելի է նաև հնազանդվել Աստծու կամքին ու Նրա պատվիրաններին։ 

«Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք Նրանից, Ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը» (Մատթեոս 10․28):

Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի այն, որ զարգացնենք մեր հոգևոր կյանքում Տեր Աստծու ներկայության հավատքից բխող աստվածավախության կարևորագույն որակը և մեր կյանքից հեռացնենք բոլոր վախերը, տագնապներն ու անհանգստությունները։ Քրիստոսին ընդունած մարդկանց կյանքում Աստվա՛ծ է տիրում, և ո՛չ մի վախ տեղ չպետք է ունենա մեր կյանքերում։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես