Երբ ստանում ես աղոթքիդ պատասխանը․․․
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ խոսեցինք այն մասին, թե ինչպես են Աստծուն հավատացող և աստվածավախության կյանքով ապրող մարդիկ դիմավորում իրենց կյանք այցելած ճգնաժամերը։ Դանիելի ու նրա ընկերների աղոթքը գերբնական կերպով պատասխանվեց Տեր Աստծու կողմից։
«Այն ժամանակ գիշերվա տեսիլքի մեջ Դանիելին հայտնվեց այն գաղտնիքը, և Դանիելն օրհնեց երկնքի Աստծուն» (Դանիել 2․19):
Սիրելի՛ Ընկեր, հույս ունեմ՝ դու էլ ունեցել ես պատասխանված աղոթքի փորձառություն։ Հրաշալի մի զգացում է, երբ Աստված լսում ու պատասխանում է աղոթքիդ։ Հատկապես կյանքի ճգնաժամային պահերին, երբ Աստծու պատասխանն օդի ու ջրի պես անհրաժեշտ է, Նրա գերբնական միջամտությունը մեզ մղում է երախտագիտության ու գովաբանության մի զորավոր հոգեվիճակի։
«Դանիելը խոսեց և ասաց. «Օրհնյալ լինի Աստծու անունը հավիտյանս հավիտենից, որովհետև Նրանն են իմաստությունն ու զորությունը։ Նա է եղանակներն ու ժամանակները փոխողը, թագավորներ իջեցնողը և թագավորներ կարգողը, Նա է իմաստություն տալիս իմաստուններին և գիտություն՝ հանճարեղներին։ Նա է խոր և ծածուկ բաներ հայտնողը, գիտի մթի մեջ եղածը, և լույսը Նրա մոտ է բնակվում։ Քեզ, Ո՛վ իմ հայրերի Աստված, օրհնաբանում և փառաբանում եմ ես, որ իմաստություն և զորություն տվեցիր ինձ և հիմա ինձ իմացրիր, ինչ որ մենք խնդրել էինք Քեզնից, որ թագավորի պահանջածը մեզ իմացրիր» (Դանիել 2․20-23):
Դանիելն օրհնաբանեց Աստծուն։ Երբեմն ես պատասխանված աղոթքների վկայություններ եմ լսում, որտեղ ավելի շատ մարդն է գովաբանվում, քան՝ Աստված։ Մարդը կարող է գովաբանել իր հավատքը, իր նվիրումը, իր կամ մեկ ուրիշի զորավոր աղոթքը։ Սակայն ցանկացած պատասխանված աղոթքի պարագայում ողջ փառքը պետք է ուղղվի Աստծուն, որ պատասխանել է մարդկանց կատարած աղոթքներին։
«Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, այլ Քո անվա՛նը փառք տուր Քո ողորմության և Քո ճշմարտության համար։ Ինչո՞ւ հեթանոսներն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը» (Սաղմոս 115․1-2):Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, պատասխանված աղոթքները մեր վկայություններն են, որոնք Աստծու անունը փառավորելու միջոցներ են։ Մեր նախորդ ուղերձների մեջ խոսել ենք Դանիելի ու նրա ընկերների նվիրման ու աստվածավախության մասին։ Այսօր նրանցից մենք սովորելու ենք երախտագիտության կարևորագույն որակը, որը ճշմարիտ հավատացյալների խոնարհության և Տեր Աստծու հետ մտերմության հարաբերության ապացույցն է։
Երբ Տեր Հիսուսը բժշկեց տասը բորոտներին, Նա ակնկալում էր, որ պատասխանված աղոթքին և Տեր Աստծու գերբնական միջամտությանը նրանց արձագանքը կլինի երախտագիտութունն ու շնորհակալությունը։
«Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ՝ բարձրաձայն փառաբանելով Աստծուն։ Նա երեսնիվայր ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և գոհություն էր հայտնում, և ինքը սամարացի էր։ Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին, արդ այն ինը որտե՞ղ են։ Վերադարձողներ չգտնվեցի՞ն Աստծուն փառք տալու համար, բացի այս այլազգուց»։ Եվ նրան ասաց. «Վեր կաց գնա՛, քո հավատը փրկեց քեզ» (Ղուկաս 17.15-19):
Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի այն, որ մենք հատուկ ձգտում ունենանք Տեր Աստծուն փառավորելու համար, և այդ ձգտումը դրսևորվի մեր պատասխանված աղոթքները վկայություններ ու Աստծուն ուղղված գովաբանությունների առիթներ դարձնելը։ Իսկ դու ունե՞ս պատասխանված աղոթքներ։ Եվ եթե այո, ապա ինչպե՞ս ես հայտնում քո երախտագիտութունը Տիրոջը։