• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 12 մրտ 2026 թ.

Ճգնաժամը ճգնելու ժամն է, այլ ոչ թե խուճապի

Հրապարակման ամսաթիվ 12 մրտ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Կարծում եմ՝ բոլորիս քաջ հայտնի է «ճգնաժամ» բառը։ Ինչպիսի՞ն պետք է լինի հավատացյալի արձագանքը իր կյանք այցելած ճգնաժամերին։ 

Սիրելի՛ Ընկեր, շատերը ճգնաժամը դիմավորում են խուճապով։ Սակայն հայերեն այս գեղեցիկ բառն իր մեջ հուշում է պարունակում։ Ճգնաժամը ճգնելու ժամն է։ Ճգնաժամը աղոթքով Տեր Աստծու երեսը փնտրելու և Նրա գերբնական օգնությունը խնդրելու ժամանակն է։ 

Դանիելը իրական ճգնաժամի էր բախվել։ Թագավորը հրամայել էր մահապատժի ենթարկել բոլոր իմաստուններին, քանի որ ոչ ոք չէր կարողացել մեկնել նրա երազը, որի իմաստը նա ակնկալում էր հասկանալ առանց երազը մեկնողներին պատմելու։ Դանիելը և նրա երեք ընկերները մահապատժի ենթարկվողների ցուցակում էին։ Սա իրական ճգնաժամ էր։ Սակայն աստվածավախ և իմաստուն Դանիելը գիտեր, թե ինչպես է պետք դիմավորել իր կյանք այցելած ճգնաժամերը։ 

«Դանիելը մտավ և խնդրեց թագավորին, որ իրեն ժամանակ տրվի, որ նա մեկնությունն ասի թագավորին։ Այն ժամանակ Դանիելը գնաց տուն և եղելությունն իմացրեց իր ընկերներին՝ Անանիային, Միսայելին և Ազարիային, որպեսզի գթություն խնդրեն երկնքի Աստծուց այս գաղտնիքի մասին, որ Դանիելն ու նրա ընկերները չոչնչացվեն Բաբելոնի մնացած իմաստունների հետ» (Դանիել 2․16-18):

Դանելի համար Աստված, Ում նա պաշտում էր, ամենակարող Աստված էր։ Նա գիտեր, որ Տեր Աստծու համար չկան անելանելի իրավիճակներ։ Նա վստահում էր Աստծուն և թագավորից ժամանակ խնդրեց աղոթքի ու Տիրոջից պատասխան ստանալու համար։ Դանիելը գիտեր, թե ի՛նչ պետք է անի, երբ իր կյանք են այցելում խնդիրները, դժվարություններն ու նեղությունները։ 

«Կանչի՛ր Ինձ նեղության օրը, ու Ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես Ինձ» (Սաղմոս 50․15):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մեր կյանքի ճգնաժամային իրավիճակներում լավագույն արձագանքը աղոթքով Տեր Աստծու առջև գնալն է։ Իսկ դու ինչպե՞ս ես դիմավորում քո կյանք այցելած ճգնաժամերը։ Խուճա՞պ, թե՞ աղոթք։ Ահա թե ինչ է սովորեցնում մեզ Տեր Աստծու անսխալական Խոսքը․

«Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպպեցիս 4․6-7):

Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի մեր կյանքի դժվարությունների ու ճգնաժամերի ժամանակ Աստծու առջև աղոթքով գնալու իմաստություն խնդրելը և աղոթքի մեջ հարատևելը այնքան ժամանակ, քանի դեռ հստակ ուղղորդում չենք ստացել Տեր Աստծուց մեր իրավիճակի առնչությամբ․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես