Աստվա՛ծ է իմաստություն պարգևողը
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Մեր նախորդ երկու ուղերձների մեջ հոգևոր դասեր քաղեցինք Դանիելի և նրա երեք ընկերների՝ Աստծու հանդեպ ունեցած անսասան նվիրումից ու դրանից բխած՝ թագավորի սեղանի կերակուրներով չպղծվելու սկզբունքային որոշումից։
Սիրելի՛ Ընկեր, այս ուղերձի մեջ միասին բացահայտելու ենք այն կարևորագույն թեման, թե ո՛րն է Աստծու պարգևատրումը աստվածավախ ու սկզբունքային հավատացյալների համար և որքա՜ն կարևոր է այն։
«Եվ Աստված այս չորս տղաներին գիտություն և հանճար տվեց ամեն դպրության և իմաստության մեջ, և Դանիելը հասկանում էր ամեն տեսիլք ու երազ։ Երբ լրացան այն օրերը, որոնցից հետո թագավորը հրամայել էր նրանց բերել, ներքինապետը նրանց Նաբուգոդոնոսորի առաջ տարավ։ Եվ թագավորը խոսեց նրանց հետ, և նրանց մեջ չգտնվեց Դանիելի, Անանիայի, Միսայելի և Ազարիայի նման մեկը, ուստի նրանք թագավորի պաշտոնյաներ դարձան։ Իմաստության և իմացությանը վերաբերող ամեն բանի մեջ, որ թագավորը հարցնում էր նրանց, թագավորը նրանց իր ամբողջ թագավորության մեջ եղող մոգերից ու հմայողներից տասնապատիկ գերազանց տեսավ» (Դանիել 1․17-20):
Աստված այս չորս տղաներին գիտություն և հանճար տվեց․․․ Աստված իմաստությամբ ու հոգևոր պարգևներով օժտեց նրանց։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ հե՛նց նրանց։ Եվ ինչո՞ւ սրբության ու Աստծու պատվիրաններին հավատարիմ կյանքով ապրելու անսասան որոշում կայացնելուց հետո։
«Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, Նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը» (Առակաց 2․6):
«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Առակաց 1․7):
Այո՛, Աստված է մարդուն պարգևում իմաստութուն, գիտություն և խոհեմություն։ Սակայն ոչ բոլոր մարդկանց։ Տիրոջ պարգևած իմաստությանն արժանանալու նախապայմանը աստվածավախությունն է։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, աստվածավախությունը հե՛նց այն է, ինչն արեցին Դանիելն ու նրա երեք ընկերները։ Նրանք Աստծու կարծիքն ավելի բարձր դրեցին սեփական ցանկություններից, հարմարավետությունից և անգամ՝ անվտանգությունից։ Աստծու պատվիրաններին հնազանդվելու որոշումը՝ անկախ դրա համար վճարվող գնից, դեպի աստվածավախություն տանող ուղին է։
Տեր Աստծու պարգևած իմաստությունը վեր է ցանկացած մարդկային կրթությունից։ Մենք պետք է մեր ամբողջ սրտով խնդրենք Տեր Աստծուց իմաստություն ու գիտություն և ձգտենք Դանիելի ու նրա ընկերների նմանությամբ ապրել սրբության և Աստծու կամքը կատարելուն ուղղված սկզբունքային նվիրվածության կյանքով։
«Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի» (Հակոբոս 1․5):
Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի Նրանից իմաստություն, գիտություն և հոգևոր պարգևներ խնդրելը։ Քննե՛նք մեր հավատարմությունը։ Քննե՛նք մեր նվիրումը։ Քննե՛նք մեր աստվածավախությունը։ Եվ խնդրե՛նք Տիրոջից իմաստություն ու հոգևոր պարգևներ Իր Արքայության առաջընթացի ու Իր փառքը մարդկանց հայտնելու համար։