Փոքր բաներում հնազանդության կարևորությունը
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ տեսանք Դանիելի ու նրա ընկերների քաջությունը և անգամ ամենածանր ու վտանգավոր իրավիճակում Աստծու կամքը համընդհանուր ընդունված չափանիշներից ու պահանջներից բարձր դնելու սկզբունքայնությունը։
Սիրելի՛ Ընկեր, այս ուղերձի մեջ առաջարկում եմ կենտրոնանալ քչի մեջ հավատարմության աստվածաշնչյան սկզբունքի վրա, որը հե՛նց Տեր Հիսուսն էր սովորեցնում։ Փոքր բաներում հնազանդության սկզբունքայնությունը դռներ է բացում մեծ առաքելությունների համար։
«Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քիչ բանի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ» (Ղուկաս 16․10):
Դանիելն ու նրա երեք ընկերները պատկերացնել անգամ չէին կարող, թե ինչպիսի՜ զորավոր առաքելություն է նրանց համար պատրաստել Աստված։ Սակայն Աստված փնտրում է ուղիղ սրտով սկզբունքային մարդկանց, որոնց կկարողանա վստահել Իր կողմից տրված կարևորագույն առաքելությունները։
«․․․որովհետև Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որպեսզի զորացնի նրանց, որոնք ուղիղ սրտով հարում են Իրեն» (Բ Մնացորդաց 16․9):Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տիրոջ աչքերը փնտրեցին ողջ երկիրը և գտան Դանիելին ու նրա ընկերներին, որոնք պատրաստ էին պատժի և անգամ՝ մահապատժի, սակայն պատրաստ չէին իրենց պղծել թագավորի կերակուրներով ու գինով։
«Դանիելն իր սրտում որոշեց, որ իրեն չպղծի թագավորի կերակուրով և նրա խմած գինով, և ներքինապետին խնդրեց, որ թույլ տա՝ դրանցով իրեն չպղծի։ Եվ Աստված ներքինապետի առաջ Դանիելին շնորհք ու ողորմություն տվեց։ Եվ ներքինապետը Դանիելին ասաց. «Ես վախենում եմ իմ տեր թագավորից, որ սահմանել է ձեր ուտելիքն ու խմելիքը. ինչո՞ւ նա ձեր դեմքը գունատ տեսնի ձեր հասակակից տղաների դեմքերից, և թագավորի առաջ իմ գլուխը վտանգեք»։ Եվ Դանիելն ասաց վերահսկիչին, որին ներքինապետը նշանակել էր Դանիելի, Անանիայի, Միսայելի և Ազարիայի վրա. «Աղաչում եմ, մի տասը օր փորձի՛ր ծառաներիդ, և թող մեզ ուտելու համար բանջարեղեն և խմելու համար ջուր տան։ Եվ թող քո առաջ երևան մեր դեմքերը և դեմքերն այն տղաների, որոնք ուտում են թագավորի կերակուրից, և ըստ քո տեսածի՛ վարվիր ծառաներիդ հետ»։ Նա համաձայնվեց նրանց հետ և նրանց տասը օր փորձեց։ Եվ տասն օր հետո նրանց դեմքերն ավելի վայելուչ էին, մարմնով գեր էին, քան թե այն բոլոր տղաները, որոնք ուտում էին թագավորի կերակուրից» (Դանիել 1․8-15):
Մեծ առաքելության նախապատրաստությունը սկսվում է փոքր բաներում Աստծու կամքին հնազանդվելու մեր պատրաստակամությունից։ Ես հավատում եմ, որ Աստված մեզնից յուրաքանչյուրի համար մեծ առաքելություն է պատրաստել։ Սակայն հավատում եմ նաև, որ Նա փնտրում է մարդկանց, որոնք փոքր բաներում հավատարմությամբ ի ցույց են դնում իրենց սերն ու նվիրումը Տեր Աստծու հանդեպ։
Իսկ դու հավատարի՞մ ես Տեր Հիսուսի ուսուցումներին ու փոխանցած սկզբունքներին փոքր ու աննշան թվացող բաներում։ Գուցե դա քո բնավորության որոշ գծերն են, որոնց հետ չպետք է հաշտվես։ Գուցե մի ոչ այնքան մեծ մեղք, որը գիտես, որ պետք է հեռացնես քո կյանքից։ Գուցե քաջության, համբերության, սկզբունքայնության կամ Տիրոջը հաճելի մեկ այլ որակի դրսևորո՞ւմ, որը քեզ Նրա աչքերում վստահելի կդարձնի մեծ առաքելությունների ստանձնման համար։ Դու քչի մեջ հավատարի՞մ ես։
Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի Դանիելի նմանությամբ փոքր բաներում հավատարմության ընթացք ունենալը և նրա նմանությամբ հանուն Աստծու Արքայության մեր ազդեցությունը ընդլայնելն ու ուժգնացնելը։