Չվախենա՛ս տարբերվել աշխարհից
Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Դասեր Դանիելի մարգարեության գրքից» անվանումը։ Առաջիկա քսանմեկ ուղերձները հե՛նց Դանիելի մարգարեության տարբեր հատվածների մեջ պարփակված հոգևոր դասերին են նվիրված լինելու։ Հուսով եմ՝ միասին կվայելենք Աստվածաշնչի այս հրաշալի գրքի յուրահատուկ ուղերձները և կամրանանք Տեր Հիսուսի հետ մեր հավատքի ընթացքի մեջ։
Սիրելի՛ Ընկեր, առաջին պատմությունը, որին ուզում եմ անդրադառնալ Դանիելի մարգարեության գրքից, պատանի Դանիելի և նրա երեք ընկերների քաջության և Աստծուն նվիրվածության հերոսական պատմությունն է, որը մեզ սովորեցնում է երբե՛ք չվախենալ աշխարհից տարբերվելուց։
«Եվ թագավորը նրանց համար արքայական կերակուրից և իր խմած գինուց օրական բաժին որոշեց, որպեսզի նրանց երեք տարի դաստիարակեն, որ հետո նրանք պաշտոնավարեն։ Նրանց մեջ էին Հուդայի որդիներից Դանիելը, Անանիան, Միսայելը և Ազարիան։ Եվ ներքինապետը նրանց անուններ դրեց. Դանիելին՝ Բաղդասասար, Անանիային՝ Սեդրաք, Միսայելին՝ Միսաք, Ազարիային՝ Աբեդնագով։ Դանիելն իր սրտում որոշեց, որ իրեն չպղծի թագավորի կերակուրով և նրա խմած գինով, և ներքինապետին խնդրեց, որ թույլ տա՝ դրանցով իրեն չպղծի» (Դանիել 1․5-8):
Դանիելն ու նրա ընկերները գերիներ էին Բաբելոնում։ Նրանք ստրուկներ էին։ Բաբելոնի թագավորը նրանց առանձնացրել էր բոլոր գերիներից և, հատուկ կրթություն ու խնամք տալով նրանց, կառավարիչներ էր պատրաստում իր երկրի համար։ Սակայն Աստծուն սիրող ու Նրա պատվիրաններին նվիրված այս պատանիները չվախեցան թագավորի հրամանին հակառակ հրաժարվել այն կերակուրից ու խմիչքից, որոնք Աստծուն հաճելի չէին։
Շատերը Դանիելի կարգավիճակում կարող էին բողոքել իրենց կարգավիճակից ու ընդդիմանալ Աստծուն․․․ Շատերը կասեին, թե եթե բոլորն են այդպես անում, ապա վտանգավոր է բոլորին հակառակ պահվածք ունենալը՝ հատկապես օտար մի երկրում ու գերու կարգավիճակում․․․ Շատերը բոլոր հիմնավորումները կունենային սեփական կյանքը չվտանգելը Աստծուն հնազանդվելուց բարձր դասելու համար և Աստծու պատվիրաններին հակառակ ապրելը կընկալեին որպես հերթական բացառություն․․․ Շատերը կասեին, որ հանուն Աստծուն հնազանդվելու թագավորի հրամանին չենթարկվելը ծայրահեղություն է, և Աստված մեզ չի կանչել նման վտանգավոր կյանք ապրելու․․․ Շատերը կասեին, որ անհնարին է կատարյալ հնազանդվել Աստծու պատվիրաններին․․․, որ ոչ ոք կատարյալ չէ և որ նման սկզբունքայնությունը չի կարող Աստծու պահանջը լինել նման ծանր իրավիճակում գտնվող մարդկանցից։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, սակայն Դանիելն իր սրտում որոշեց, որ իրեն չպղծի թագավորի կերակուրով և նրա խմած գինով։ Նա չվախեցավ սրբության կյանքով ապրելու որոշում կայացնելուց անգամ ամենաուժգին ճնշումների առկայության պարագայում։ Իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում Աստծու կամքին, երբ ուժգնանում են աշխարհի մտածելակերպով գործելու և աշխարհի մարդկանց կենսակերպին հակառակ չգնալու ճնշումները։
«Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը» (Հռոմեացիս 12․2):
Աստծու կամքին հնազանդությունը ամենաապահով որոշումն է։ Աստծու կամքը ճանաչելու համար նախ պետք է նորոգենք մեր միտքը։ Աշխարհը ստիպում է մարդկանց հնազանդվելու իր պատկերացումներին։ Աշխարհը ստիպում է հատկապես հավատացյալներին Աստծուն հնազանդվելու հարցում գնալ փոխզիջումների։ Աշխարհի մարդիկ ամեն բան անում են, որպեսզի Քրիստոսի հավատարիմ աշակերտները թողնեն սրբության ուղին ու հարմարվեն համընդհանուր հոսքին։
«․․․հնազանդ զավակների պես մի՛ համապատասխանեք ձեր անգիտության ժամանակվա նախկին ցանկություններին, այլ ձեզ կանչող Սրբի պես դուք էլ ամբողջ վարքով սո՛ւրբ եղեք, քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ» (Ա Պետրոս 1․14-16):
Երբ ուժգնանում են ճնշումները, սրբության կյանքով ապրելու որոշումը ամենաապահով տարբերակն է։ Երբե՛ք չվախենաս աշխարհից տարբերվելուց։ Տեր Աստծու հանդեպ սիրուց կերտված համոզմունքը քաջության դրսևորումներ է ունենում, երբ բախվում ես Աստծուն հակառակ գնալու ուժգին ճնշումների։
Թո՛ղ մեր աղոթքն առ Աստված այսօր լինի Դանիելի նմանությամբ սրբության կյանքով ապրելու ամուր համոզմունք ունենալը և, անկախ Աստծուն հնազանդվելու վտանգներից, այս աշխարհի փոխզիջումներով մեր անձերը չպղծելու որոշման մեջ հաստատակամ ընթացք ունենալը։