Հավատո՞ւմ ես Քրիստոսի հարությանը
Այս ուղերձով մենք ավարտում ենք շարքը, որը կրում է «Արդյոք հավատո՞ւմ ես, որ․․․» անվանումը։ Այս շարքի մեր վերջին ուղերձի մեջ ուզում եմ քեզ հարցնել քրիստոնեական հավատքի կարևորագույն անկյունաքարերից մեկի մասին։ Արդյոք քո ամբողջ սրտով հավատո՞ւմ ես Քրիստոսի հարության մասին աստվածաշնչյան անխախտ ճշմարտությանը։
Սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուս Քրիստոսի հարության փաստը յուրաքանչյուր հավատացյալի արդարացման հիմքն է։ Հռոմեացիներին ուղղված նամակի մեջ Պողոս առաքյալը խոսում է Աբրահամի հավատքի մասին և այն մասին, որ հավատքի շնորհիվ է, որ նա արդար համարվեց Տեր Աստծու առջև։
«Բայց ոչ միայն նրա համար գրվեց, որ նրան արդարություն է համարվել, այլև մեզ համար, որ մեզ էլ է համարվելու, որ հավատում ենք Նրան, Ով մեռելներից հարություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ մատնվեց մեր հանցանքների համար ու հարություն առավ մեզ արդարացնելու համար» (Հռոմեացիս 4․23-25):
Աստվածաշունչը հստակ է՝ Տեր Հիսուսը հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Հավատո՞ւմ ես Քրիստոսի հարությանը։
«Իսկ Գիրքն ի՞նչ է ասում. «Խոսքը մոտ է քեզ, քո բերանում և քո սրտում է», այսինքն՝ հավատի խոսքը, որ մենք քարոզում ենք։ Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված Նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես. քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար։ Որովհետև Գիրքն ասում է. «Ամեն ոք, ով Նրան հավատա, չի ամաչելու» (Հռոմեացիս 10․8-11):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը Ինքն էր խոսում խաչի մահվանը հաջորդող Իր հարության մասին։
«Երբ Հիսուսը Երուսաղեմ էր բարձրանում, տասներկու աշակերտներին առանձնացրեց և ճանապարհին նրանց ասաց. «Ահա Երուսաղեմ ենք բարձրանում, և Մարդու Որդին մատնվելու է քահանայապետներին ու դպիրներին։ Նրան մահվան են դատապարտելու և հեթանոսներին են մատնելու. Նա ծաղրվելու է, գանահարվելու է և խաչն է հանվելու, սակայն երրորդ օրը հարություն է առնելու» (Մատթեոս 20.17-19):
Հավատո՞ւմ ես Քրիստոսի հարության մասին Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությանը։ Հավատո՞ւմ ես սեփական հարության մասին Տեր Հիսուսի խոսքերին։ Հավատո՞ւմ ես, որ Նա ողջ է և հիմա էլ մեր կողքին է՝ յուրաքանչյուր մարդու կողքին, որ սրտանց հավատում է Նրա հարությանը, Նրա ներկայությանը և Նրա սիրուն։ Հավատո՞ւմ ես, որ առանց Քրիստոսի հարության փաստի հանդեպ մեր հավատքի մեր քրիստոնեությունն անիմաստ է ու ձևական։ Առանց մահվան հանդեպ Քրիստոսի հաղթանակի՝ առանց հարության, ունայն է ցանկացած քարոզություն և ունայն է նաև Քրիստոսի հանդեպ մարդու ունեցած հավատքը։ Հարության փաստը խաչի զոհի հետ միասին քրիստոնեական ճշմարիտ հավատքի էությունն է։ «Իսկ եթե Քրիստոսի մասին քարոզվում է, որ մեռելներից հարություն է առել, ինչպե՞ս են ձեզանից ոմանք ասում. «Մեռելների հարություն չկա»։ Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզությունն ունայն է, ունայն է և ձեր հավատը։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն ունայն է, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Եթե միայն այս կյանքում Քրիստոսի վրա հույս ունենք, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Բայց ոչ. Քրիստոսը ննջեցյալներից առաջինը եղավ, որ մեռելներից հարություն է առել։ Քանի որ մահը մարդով եղավ, մեռելների հարությունն էլ մարդով եղավ։ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան» (Ա Կորնթացիս 15:12-14,17,19-22)։