Հավատո՞ւմ ես, որ խաչի զոհը հենց քե՛զ համար էր
Մենք մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Արդյոք հավատո՞ւմ ես, որ․․․» անվանումը։ Երբեմն մարդիկ հավատում են Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին, սակայն չեն ընդունում դրանք անհատական կերպով։ Այսօր ուզում եմ քեզ հարցնել՝ հավատո՞ւմ ես արդյոք, որ Քրիստոսի զոհը Գողգոթայի խաչի վրա հենց քե՛զ համար էր․․․
Սիրելի՛ Ընկեր, հավատո՞ւմ ես, որ Աստված սիրում է ո՛չ միայն ողջ մարդկությանը, այլև ինձ և քեզ նման անհատներին։ Նա սիրում է քեզ։ Նա ուզում է փրկել քեզ։ Նա ուզում է, որ դու հավատաս, որ խաչի զոհը հենց քե՛զ համար է։ Տերը մեզնից անհատական արձագանք է ակնկալում Իր անհատական սիրուն։
«Տերը վաղուց երևաց ինձ և ասաց. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի Ինձ քաշեցի» (Երեմիա 31․3):
Աստված այսօր էլ քեզ է դիմում այս խոսքերով․ «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի Ինձ քաշեցի»։ Աստված քեզ դեպի Իրեն է քաշում։ Տերը անձնական և անհատական մտերմություն է փափագում ունենալ յուրաքանչյուր մարդու հետ։ Սակայն Նրա հետ մտերմանալու պայմանը Քրիստոսի խաչի զոհին մեր ունեցած արձագանքն է։
«Աստծու սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված Իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի Նրանով ապրենք։ Սրա մեջ է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ Նա մեզ սիրեց և Իր Որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար» (Ա Հովհաննես 4․9-10):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հավատո՞ւմ ես, որ Աստված սիրում է քեզ այնքա՜ն, որ Իր Որդուն զոհեց հանուն քո փրկության։ Հավատո՞ւմ ես, որ այդ սերը ընդհանրական մի սեր չէ, այլ շատ հստակ և անհատական։ Հավատո՞ւմ ես, որ այդ անհատական սերը անհատական արձագանք է ակնկալում քեզնից։ Հավատո՞ւմ ես, որ Նա դեպի Իրեն է քեզ քաշում Իր ողորմությամբ։ Հավատո՞ւմ ես, որ Աստված անձնական մտերիմ հարաբերություն է ուզում ունենալ Իր բոլոր զավակների հետ։ Հավատո՞ւմ ես, որ Իր սերը մեր՝ լավը կամ վատը լինելուց չէ, և մենք չենք կարող վաստակել այդ սերը։ Նրա սերը անպայմանական է, սակայն շատ հստակ ու անհատական։
«Աստված մեր նկատմամբ Իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիս 5․8):
Գողգոթայի խաչը հենց քե՛զ համար էր․․․ Գողգոթայի խաչը քո հանդեպ Աստծու սիրո դրսևորումն էր․․․ Արդյոք Նրա սիրուն մեր արձագանքը փոխադարձ սե՞րն է։ Արդյոք մենք գիտակցո՞ւմ ենք, որ Աստծուն սիրելը ապացուցվում է Նրա պատվիրանների հանդեպ մեր հնազանդության վերաբերմունքով։ Արդյոք հավատո՞ւմ ենք Աստծու Խոսքի փոխանցած ճշմարտություններին․․․
«Որովհետև սա է Աստծու սերը. որ պահենք Նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն, որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։ Եվ ո՞վ է, որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն Աստծու Որդին է» (Ա Հովհաննես 5․3-5):