Հավատո՞ւմ ես, որ փրկությունն ընդունում են ճշմարտությանը հավատալով
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Արդյոք հավատո՞ւմ ես, որ․․․» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ խոսեցինք աստվածաշնչյան այն ճշմարտության մասին, որ Տեր Հիսուսը մարդուն փրկում է՝ ազատելով նրան սեփական մեղքերի գերությունից ու դրանց հետևանքներից։ Մարդու կյանքում մեղքի իշխանությունն ու մահաբեր ազդեցությունը կործանվում է, երբ վերջինս ներում է ստանում իր գործած մեղքերի համար։
Սիրելի՛ Ընկեր, հավատո՞ւմ ես, որ փրկությունն ընդունելու պայմանը Տեր Հիսուս Քրիստոսի փոխանցած ճշմարտություններին հավատալն է։ Կարևոր է հավատալ Աստծու Խոսքին ո՛չ միայն ներման շնորհիվ մեղքերից ազատվելու իրողության առումով, այլև հավատալ, թե ովքեր և ինչ սկզբունքով են ստանում այդ ներումը, ինչպես նաև՝ թե ովքեր են, որ չեն ստանում իրենց մեղքերի ներումը ու կրում են դրանց ծանրագույն հետևանքները։
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով լսում է Իմ խոսքը և հավատում է Ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի և չի դատապարտվի, այլ մահից դեպի կյանք է անցել» (Հովհաննես 5․24):
Հավատո՞ւմ ես արդյոք, որ Տեր Հիսուսի խոսքերը լսողներն ու դրանք ընդունողներն են, որ հավիտենական կյանք ունեն և չեն դատապարտվելու հավիտենական տանջանքի, այլ մահից դեպի կյանք են անցել։ Հավատո՞ւմ ես արդյոք, որ Տեր Հիսուսը Իր երկրային կյանքի ընթացքում Իր աշակերտներին, ինչպես նաև մեզ սովորեցնում էր Հայր Աստծու կամքը։ Հավատո՞ւմ ես, որ Հայրն էր Նրան ուղարկել, որպեսզի Որդու միջոցով մարդկությանը փոխանցի հոգևոր այն ճշմարտությունները, որոնց հավատալու շնորհիվ է մարդը մեղքերի ներում և հավիտենական կյանքի պարգևը ստանում Աստծուց։ Հավատո՞ւմ ես․․․
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, անխախտ աստվածաշնչյան ճշմարտություն է, որ հավատքով և միայն հավատքով է մարդը արդարանում Տեր Աստծու առջև։ Հավատո՞ւմ ես, որ Աստծու գոյությանը հավատալը չի փրկում մարդուն, այլ փրկում է Նրա խոսքերին հավատալը։ Հավատո՞ւմ ես, որ Տեր Հիսուսի մասին ճշմարտության միակ վստահելի ու անսխալական աղբյուրը Աստվածաշունչն է։ Հավատո՞ւմ ես, որ փրկարար հավատքը պետք է հիմնված լինի Տեր Հիսուսի խոսքերի ու փոխանցած ճշմարտությունների վրա։
«Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից» (Հռոմեացիս 10․17):
«Դու հավատում ես, որ Աստված մեկ է, լավ ես անում. դևերն էլ են հավատում և սարսափում են։ Բայց ուզո՞ւմ ես իմանալ, ո՛վ փուչ մարդ, որ հավատն առանց գործերի անիմաստ է։ Ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած» (Հակոբոս 2․19-20,26):
Հավատո՞ւմ ես, որ ներվում են միայն ճշմարտությանը հավատացող և ճշմարտությամբ ապրելու որոշում ունեցող մարդկանց մեղքերը։ Հավատո՞ւմ ես, որ առանց ապաշխարության՝ առանց մեղքի հանդեպ մարդու վերաբերմունքի փոփոխության և մեղքից հեռանալու որոշման, մարդու կյանքում չի կարող լինել մեղքերի ներում, չի կարող լինել հավատքով արդարացում և չի կարող լինել փրկություն։ Հավատո՞ւմ ես, որ փրկությունն ընդունում են՝ Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտություններին հավատալով։