• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 25 փտր 2026 թ.

Հավատո՞ւմ ես, որ Աստված ուզում է քեզ փրկել հավիտենական տանջանքից

Հրապարակման ամսաթիվ 25 փտր 2026 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Արդյոք հավատո՞ւմ ես, որ․․․» անվանումը։ Այսօր խոսելու եմ աստվածաշնչյան մի թեմայի՝ մի անխուսափելի ճշմարտության մասին, որի մասին շատ շատերը խուսափում են ո՛չ միայն խոսել, այլև մտածել։ 

Սիրելի՛ Ընկեր, հավատո՞ւմ ես, որ Աստված ուզում է քեզ փրկել հավիտենական տանջանքից։ Հավատո՞ւմ ես, որ Աստված այնքա՜ն շատ է քեզ սիրում, որ տեսնելով քո՝ դեպի կործանում տանող ընթացքը, որը հավիտենական տանջանքն է կրակե լճի մեջ, ամեն բան անում է, որ քեզ փրկի այդ անհույս ու անմխիթար իրավիճակից։ Հավատո՞ւմ ես, որ թեև Աստված հավիտենական տանջանքի կրակե լիճը չի ստեղծել մարդկանց համար, սակայն Աստվածաշունչը հստակ խոսում է, որ Քրիստոսի ուսուցումները մերժող մարդիկ հե՛նց այդ տանջանքի վայրում են հայտնվելու։ 

«Այդ ժամանակ ձախ կողմում կանգնածներին կասի. "Անիծյալնե՛ր, Ինձանից հեռո՛ւ գնացեք, հավիտենական կրակի մեջ, որ սատանայի ու նրա հրեշտակների համար է պատրաստված» (Մատթեոս 25:41):

Որոշ մոլորեցնողներ ասում են, որ չկա հավիտենական տանջանք։ Նրանք ասում են, որ մարդու համար ամենամեծ պատիժը մահն է, իսկ դժոխքը՝ գերեզմանն է, որտեղ մարդը դադարում է գոյության իր ընթացքից։ Մյուս մոլորեցնողներն էլ պնդում են, թե Աստված ոչ մեկին էլ չի ուղարկի հավիտենական տանջանքի վայր, քանի որ բարի է, և վերջում՝ դատաստանի օրը, բոլոր մարդկանց կների՝ թե՛ ապաշխարողներին և թե՛ անապաշխարներին, և ողջ մարդկությունը փրկություն կգտնի։ 

Որքան էլ այս դիվային վարդապետությունները հաճելի հնչեն մարդու ականջին, դրանք հակասում են Աստծու Խոսքին և ստության փափուկ բարձ են դնում մեղքի կյանքով ապրող և Քրիստոսի ուսուցումները մերժող մարդկանց գլխի տակ՝ նպաստելով դեպի հավիտենական կորուստ տանող նրանց ընթացքին։ 

«․․․նա Աստծու ցասման գինուց պիտի խմի, որ անխառն լցված է Նրա բարկության բաժակի մեջ, և պիտի տանջվի սուրբ հրեշտակների ու Գառան առաջ կրակի և ծծմբի մեջ։ Եվ նրանց տանջանքի ծուխը բարձրանում է հավիտյանս հավիտենից. գիշեր-ցերեկ հանգիստ չունեն նրանք, ովքեր երկրպագում են գազանին ու նրա պատկերին և ընդունում են նրա անվան դրոշմը» (Հայտնություն 14.10-11):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հավատո՞ւմ ես այն խոսքերին, որ Քրիստոսին մերժող մարդը «պիտի տանջվի սուրբ հրեշտակների ու Գառան առաջ կրակի և ծծմբի մեջ»։ Հավատո՞ւմ ես, որ հետևյալ խոսքերը ապացույց են հավիտենական տանջանքի՝ «Եվ նրանց տանջանքի ծուխը բարձրանում է հավիտյանս հավիտենից. գիշեր-ցերեկ հանգիստ չունեն նրանք․․․»։ Եվ ամենակարևորը՝ հավատո՞ւմ ես, որ Աստված այնքա՜ն է քեզ սիրում, որ քեզ ցույց է տալիս այս հավիտենական տանջանքից և Աստծու ցասման բաժակից խմելու հեռանկարից ազատվելու ուղին։ 

Եթե դու չհավատաս հավիտենական տանջանքի մասին Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությանն ու զգուշացմանը, չես հավատա նաև Տեր Հիսուսի կատարած գործին և չես գնահատի այն։ 

«Եվ եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն. քեզ համար ավելի լավ է, որ մեկ աչքով Աստծու Արքայություն մտնես, քան երկու աչք ունենաս ու կրակի գեհենն ընկնես. Այնտեղ նրանց ուտող որդը չի մեռնում, ու կրակը չի հանգչում» (Մարկոս 9․47-48):

Աստվածաշնչյան այսքան խոսքերից հետո հավատո՞ւմ ես, որ հավիտենական տանջանքի զգուշացումը իրական է։ Հավատո՞ւմ ես, որ Աստված այն չի պատրաստել մարդկանց համար, սակայն Քրիստոսին և Նրա ուսուցումները մերժող մարդիկ այնտեղ են գնալու Տեր Աստծու արդար դատաստանի արդյունքում։ Եվ, ամենակարևորը, հավատո՞ւմ ես, որ Աստված քեզ և ամեն մարդու այնքա՜ն է սիրում, որ ցույց է տալիս դեպի փրկություն տանող ապաշխարության ճանապարհը։ Հավատո՞ւմ ես։ 

«Որդյակնե՛ր իմ, սա գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր առաջ Հիսուս Քրիստոսին՝ արդարին։ Եվ Նա է քավությունը մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի։ Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք Նրան, եթե Նրա պատվիրանները պահենք։ Ով ասում է. «Նրան ճանաչեցի», բայց Նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա։ Բայց ով Նրա խոսքը պահում է, Աստծու սերը նրա մեջ հիրավի կատարյալ է. դրանով իմանում ենք, որ Նրա մեջ ենք» (Ա Հովհաննես 2․1-5):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես