Հավատո՞ւմ ես, որ Աստված սիրում է քեզ
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Արդյոք հավատո՞ւմ ես, որ․․․» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ արդեն իսկ նշել եմ, որ այս շարքի շրջանակներում ընտրված յոթ թեմաները կարևոր են Տեր Աստծուն ճանաչելու և հոգևոր իրականության մասին աստվածաշնչյան ճիշտ պատկերացումներ ունենալու համար։
Սիրելի՛ Ընկեր, հավատո՞ւմ ես, որ Աստված սիրում է քեզ։ Իմ այս հարցը ավելի շատ ո՛չ թե զգացմունքային արձագանք է ակնկալում, այլ՝ հավատքի։ Հավատո՞ւմ ես, որ Աստվածաշունչը հստակ ու աներկբա ուսուցանում է, որ Աստված սիրում է քեզ։ Հավատո՞ւմ ես, որ Աստծու Խոսքը չի ստում և անհնար է, որ մեզ փոխանցի անիրական որևէ տեղեկություն։
«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3․16):
Աստված այնքա՜ն շատ է սիրում ինձ և քեզ, ինչպես նաև ցանկացած մարդու, որ Իր միածին Որդուն չխնայեց հանուն մեզ և մեր փրկության։ Իմ և քո հանդեպ Աստծու սիրո չափը Նրա Որդու՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչի չարչարանքների և մահվան գինն է։ Մեզ փրկագնելու համար Աստված վճարեց Իր Որդու տառապանքներով ու տանջալի մահվամբ։
Հավատո՞ւմ ես Աստծու Խոսքի փոխանցած այս անխախտ ճշմարտությանը՝ Աստված սիրում է քեզ։ Աստված սիրում է քեզ և չի կամենում, որ դու գնաս հավիտենական տանջանքի վայրը և հավիտենությունդ անցկացնես անհուսության մեջ տառապելով։ Աստված սիրում է քեզ։ Հավատո՞ւմ ես․․․
«Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, Իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց, մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց։ Դուք շնորհով եք փրկված» (Եփեսացիս 2․4-5):
Տեր Աստծու սերը առանց նախապայմանների է։ Նա մեզ չի սիրում մեր՝ լավը լինելու համար։ Նա սիրում է մեզ, քանի որ մեր Հայրն է։ Նա սիրում է, քանի որ մեր Արարիչն է և ողջ մարդկությանը տեսնում է որպես սեփական զավակների։ Նա սիրում է բոլորին։ Քրիստոսի քավությունը ողջ աշխարհի բոլոր մարդկանց համար էր։ Աստված յուրաքանչյուր մարդու փրկությունն է կամենում։
«Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտեսելով, այժմ մարդկանց պատվիրում է, որ ամեն ոք ամեն տեղ ապաշխարի։ Որովհետև Նա սահմանել է մի օր, երբ արդարությամբ պետք է դատի աշխարհն այն մարդու միջոցով, որին Նա ընտրել է և որով Նա հավաստիացրեց բոլորին՝ Նրան մեռելներից հարություն տալով» (Գործք Առաքելոց 17․30-31):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստված սիրում է քեզ։ Աստված բոլոր մարդկանց է սիրում։ Նրա փրկության ձեռքն ուղղված է յուրաքանչյուր մարդու։ Սակայն փրկվում են միայն այն մարդիկ, որոնք հավատում են Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա փոխանցած ուսուցումներին։
«Ով Որդուն ունի, նա կյանք ունի, և ով Աստծու Որդուն չունի, կյանք չունի։ Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ դուք՝ Աստծու Որդու անվանը հավատացողներդ, հավիտենական կյանք ունեք» (Ա Հովհաննես 5․12-13):
Իհարկե, կան մարդիկ, որոնք մտածում են, որ եթե Աստված իրենց սիրեր, ապա այս կամ այն չար բանը իրենց հետ չէր պատահի։ Մենք չպետք է մոռանանք, որ ապրում ենք մեղքով ու մահով լցված աշխարհում։ Մենք չպետք է մոռանանք, որ Աստվածաշունչը խոսում է այն մասին, որ չարը օրինական իրավունք ունի այնտեղ, որտեղ կա մեղք ու անիրավություն։ Մենք չպետք է մոռանանք, որ կա խավարի իշխանություն և այդ իշխանության ստրկությունից ազատվելու հնարավորություն Տեր Հիսուսին հավատալու շնորհիվ։ Աստված սիրում է քեզ։ Եվ որքան էլ տառապանքով ու դժվարություններով, հիասթափություններով ու ցավով լցված լինի քո կյանքը, հիշի՛ր, որ եթե Աստծու սիրուն քո արձագանքը լինի փոխադարձ սերը Նրա հանդեպ, ապա ամեն բան․․․ բացարձակապես ամեն բան, որ պատահել է քո կյանքում, Աստված դեպի բարին է շրջելու և բարուն գործակից է դարձնելու։
«Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8․28):