Հավատո՞ւմ ես, որ Աստված մարմնով աշխարհ է եկել
Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Արդյոք հավատո՞ւմ ես, որ․․․» անվանումը։ Առաջիկա յոթ ուղերձների օգնությամբ միասին քննելու ենք աստվածաշնչյան կարևորագույն ճշմարտությունների հանդեպ մեր հավատքի առկայությունը կամ դրա բացակայությունը։ Ընտրված յոթ թեմաները Տեր Հիսուս Քրիստոսի մասին են և Նրա կողմից փոխանցված ուսուցումների հիմնասյուներն են։
Սիրելի՛ Ընկեր, հավատո՞ւմ ես, որ Աստված մարմնով աշխարհ է եկել։ Հավատո՞ւմ ես, որ Տեր Հիսուսը մարմնացյալ Աստված է։
«Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնով հայտնվեց․․․» (Ա Տիմոթեոս 3.16):
Աստվածաշունչը հստակ և առանց կասկածի որևէ տեղ թողնելու պնդում է, որ Տեր Հիսուսը Աստված է, և Աստված մարմնով աշխարհ է եկել, որպեսզի փրկի մեզ հավիտենական կորստից։ Ավելին՝, Աստվածաշունչը սովորեցնում է, որ Տեր Հիսուսը, թողնելով Իր աստվածային փառքը և մարդկային կերպարանքով հայտնվելով, Ինքն Իրեն ցածրացրել ու խոնարհեցրել է մինչև խաչի մահվան գնալու աստիճանի, որպեսզի փրկի ինձ և քեզ։ Որպես քրիստոնյա՝ հավատո՞ւմ ես աստվածաշնչյան այս հստակ ու անխախտ ճշմարտությանը։
«Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ Ինքն Իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ Ինքն Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ» (Փիլիպպեցիս 2․5-8):Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, վերը բերված աստվածաշնչյան խոսքերի փոխանցած ճշմարտություններին հավատալը շատ կարևոր է մարդու փրկության համար։ Տեր Հիսուսն Ինքն էր խոսում այն մասին, որ եթե որևէ մարդ չհավատա, որ աշխարհի արարումից ի վեր՝ հե՛նց ամենասկզբից մարդկության հետ խոսողը Ինքն է եղել, այսինքն՝ Նա է Արարիչ Աստված, որ երկու հազար տարի առաջ աշխարհ եկավ մարդկային մարմնով․․․ եթե մարդը չհավատա այս փաստին, կմեռնի իր մեղքերի մեջ։
«Եվ նրանց ասաց. «Դուք ներքևից եք, իսկ Ես՝ վերևից. դուք այս աշխարհից եք, իսկ Ես այս աշխարհից չեմ։ Արդ Ես ձեզ ասացի. "Ձեր մեղքերի մեջ կմեռնեք", որովհետև եթե չհավատաք, որ իրապես Ես Եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ»։ Այդժամ Նրան հարցրին. «Ո՞վ ես Դու»։ Հիսուսը նրանց ասաց. «Նա, որ սկզբից ևեթ շարունակ խոսում էր ձեզ հետ» (Հովհաննես 8․23-25):
Որքա՜ն կարևոր է Տեր Հիսուսին հավատալը հե՛նց այն ճշմարտությունների լույսի ներքո, որոնք ճշմարտության միակ վստահելի ու անսխալական Աղբյուր Աստվածաշունչն է մեզ փոխանցում։ Որքա՜ն կարևոր է Աստծու Խոսքին ապավինելն ու վստահելը հոգևոր ճշմարտությունների և, հատկապես, Տեր Հիսուսի Անձի, գործի և ուսուցումների առումով։
Այսօր աշխարհը լի է ստություններով ու մոլորություններով։ Դրա համար Աստվածաշունչը մեզ սովորեցնում է հավատալ միայն Աստծու Խոսքին։ Իսկ Աստծու Խոսքն էլ իր հերթին զգուշացնում է, որպեսզի մենք չհավատանք այն բոլոր ուսուցումներին, որոնք մերժում են Տեր Հիսուսի՝ մարմնով աշխարհ գալու փաստը։
«Սիրելինե՛ր, ամեն հոգու մի՛ հավատացեք, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։ Սրանո՛վ Աստծու Հոգին ճանաչեք. ամեն հոգի, որ դավանում է Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, Աստծուց է» (Ա Հովհաննես 4․1-2):
Աստվածապաշտության գաղտնիքը իրոք որ մեծ է ու անըմբռնելի՝ Աստված մարմնով հայտնվեց։ Արդյոք հավատո՞ւմ ես․․․