Անունը սիրելն ու դավանելը
Մենք մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կոչվում է «Ի՞նչ է նշանակում հավատալ Տեր Հիսուսի անվանը»։ Մեր այս շարքի նախավերջին ուղերձի մեջ անդրադառնալու ենք Տեր Հիսուսի անունը սիրելու և դավանելու մասին Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին։ Ի՞նչ է նշանակում սիրել Նրա անունը և ի՞նչ է նշանակում դավանել Նրա անունը։
«Ուստի Նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ Նրա անունը դավանող շրթունքների պտուղը» (Եբրայեցիս 13․15):
Սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսի անունը դավանելը կապ ունի մեր ապրելակերպի հետ և մարդկանց առաջ Քրիստոսի աշակերտի ճշմարիտ վկայությունը ներկայացնելու հետ։ Տարբեր մարդիկ տարբեր կերպով կարող են հասկանալ Քրիստոսի անունը դավանելը, սակայն հե՛նց Տեր Հիսուսն է մեզ սովորեցնում, թե ի՛նչ է իրականում նշանակում Նրա անունը դավանելը և ո՛րն է դավանելու հականիշը։
«Արդ, ամեն ոք, ով Ինձ մարդկանց առաջ դավանի, Ես էլ նրան կդավանեմ Իմ Հոր առաջ, որ երկնքում է։ Իսկ ով մարդկանց առաջ Ինձ ուրանա, Ես էլ նրան կուրանամ Իմ Հոր առաջ, որ երկնքում է» (Մատթեոս 10․32-33):
Դավանել Տեր Հիսուսին կամ, ինչպես Աստվածաշնչի որոշ թարգմանություններում է գրված, Տեր Հիսուսին խոստովանել՝ նշանակում է մարդկանց առաջ հաստատել Քրիստոսին պատկանելու փաստը՝ ապրած կյանքով, դավանած արժեհամակարգով և Տիրոջ փոխանցած ճշմարտությունների ու սկզբունքների հանդեպ անսասան համոզմունքով։
Տեր Հիսուսի անունը կապ ունի իշխանության հետ։ Երբ մենք չենք ամաչում Նրա անունը՝ մեր՝ Նրան պատկանելն ու Նրա փոխանցած սկզբունքներին հավատարիմ մնալը մարդկանց առաջ որպես վկայություն ներկայացնելուց, ուրեմն մենք Նրա անվան իշխանությունը կրող աշակերտներ ենք։
Տեր Հիսուսի անունը դավանելու հականիշը Նրան ուրանալն է։ Երբ որոշակի մարդկային ճնշումների ներքո կամ սեփական շահից ու կապվածություններից ելնելով՝ Քրիստոսին հավատացող մարդը ամաչում է դավանել Նրան մարդկանց առջև, Տերը դա ուրացում է համարում։
«Այնուամենայնիվ, իշխանավորներից շատերը նույնպես Նրան հավատացին, սակայն փարիսեցիների պատճառով չէին դավանում, որպեսզի ժողովարանից չարտաքսվեն. քանի որ մարդկային փառքը գերադասեցին աստվածայինից» (Հովհաննես 12․42-43):
Քրիստոսին ուրանալը կապ ունի մարդկանց կարծիքը Աստծու կարծիքից բարձր դասելու հետ։ Քրիստոսին ուրանալը կապ ունի որոշակի բաներ Աստծուց ավելի շատ սիրելու հետ։ Քրիստոսին ուրանալը կապ ունի մարդկանցից ավելի մեծ երկյուղ ունենալու հետ, քան մարդն ունի Տեր Աստծու հանդեպ։ Սակայն ինչպես Պետրոսի ուրացումների պարագայում, այնպես էլ նման պարագայում կա՛ ապաշխարության հնարավորություն։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ ի՞նչ է նշանակում սիրել Տեր Հիսուսի անունը։ Հե՛նց Պետրոս առաքյալի երեք ուրացումներից հետո, երբ Տերը հանդիպում է նրան, ճի՛շտ երեք անգամ նույն հարցն է տալիս․ «Սիրո՞ւմ ես Ինձ առավել, քան այդ ամենը․․․»։
Այսօր Տերը ինձ և քեզ է ուղղում այս նույն հարցը․ «Սիրո՞ւմ ես Ինձ առավել, քան քո նախասիրությունները», «Սիրո՞ւմ ես Ինձ առավել, քան քո կապվածություններն ու մեղքերը», «Սիրո՞ւմ ես Ինձ առավել, քան քո աշխատանքն ու կարիերան», «Սիրո՞ւմ ես Ինձ առավել, քան քո բնավորությունն ու սովորույթները», «Սիրո՞ւմ ես Ինձ առավել, քան քո շրջապատի մարդկանց կարծիքն ու նրանց առջև ունեցած քո համբավը»։
Նրա անունը դավանող շուրթերի պտուղը շատ քաղցր է։ Դա Աստծուն ուղղված օրհնության զոհն է։ Երբ անկախ ամեն բանից՝ անկախ մեր հանդեպ մարդկանց վերաբերմունքի փոփոխությունից ու մեր անձի հանդեպ բարձրացող վտանգներից, մենք շարունակում ենք մեր խոսքով ու գործերով դավանել Տեր Հիսուսի անունը, հե՛նց դա է Քրիստոսի անվան հանդեպ մեր սիրո ապացույցը։ Ես հավատում եմ Տեր Հիսուսի անվանը։ Ես սիրում ու դավանում եմ Նրան մարդկանց առջև։ Իսկ դո՞ւ․․․