• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 12 փտր 2026 թ.

«Ամեն բան Տեր Հիսուսի անունով արե՛ք»․․․

Հրապարակման ամսաթիվ 12 փտր 2026 թ.

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կոչվում է «Ի՞նչ է նշանակում հավատալ Տեր Հիսուսի անվանը»։ Հավատալ Տեր Հիսուսի անվանը՝ նաև նշանակում է հավատալ, որ Քրիստոսին Տեր ու փրկիչ ընդունած մարդիկ մյուսներին ներկայացնում են Քրիստոսի անունը։

«Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ Նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը» (Կողոսացիս 3․17):

Սիրելի՛ Ընկեր, լսե՞լ ես այսպիսի արտահայտություններ՝ «Այս մարդը բարձր է պահում մեր գյուղի անունը», «Հանրապետական օլիմպիադայում մեր քաղաքի անունը բարձր պահեցին մեր դպրոցականները», «Մեր համալսարանի շրջանավարտ գիտնականները բարձրացնում են մեր կրթական հաստատության անունը» և այլն։ Իսկ այսպիսի արտահայտություններ լսե՞լ ես՝ «Այս մարդը խաղ է անում իր ընտանիքի բարի անվան հետ»։ Կամ ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «Քո նմանները պախարակում են ողջ Հանրապետությունը»։

Կարծում եմ՝ հաստատ լսած կլինես։ Քրիստոնյաների վրա կոչված է Քրիստոսի թանկ ու պատվական անունը։ Ցավոք, այսօր քրիստոնյաները բաժանվում են հավատացյալ և ոչ հավատացյալ քրիստոնյաների։ Եվ ես, հասկանալով այս բաժանման իմաստը, ուզում եմ հարցս ուղղել հավատացյալ քրիստոնյաներին։ Արդյոք մենք՝ Քրիստոսի անվանը և Նրա ուսուցումներին հավատացողներս, հիշո՞ւմ ենք, որ ամենը, ինչ որ անենք՝ խոսքով թե գործով, պետք է Տեր Հիսուսի անունով անենք։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, արդյոք կարո՞ղ ենք մեր որոշումներից ու խոսքերից առաջ դնել «Տեր Հիսուսի անունով․․․» արտահայտությունը։ Եթե չես կողմնորոշվում՝ քո ասածը Աստծու կամքի մե՞ջ է, թե՞ Աստծու կամքին հակառակ, ապա որոշումիցդ, արարքիցդ կամ խոսքերիցդ առաջ դիր «Տեր Հիսուսի անունով․․․» արտահայտությունը։

«Տեր Հիսուսի անունով ես ներեցի ինձ վատ վերաբերմունք ցույց տվողին»։ «Տեր Հիսուսի անունով ես որոշել եմ օգնել իմ շրջապատի կարիքավորներին»։ «Տեր Հիսուսի անունով ես չպատասխանեցի ինձ վատ բառեր ասած ընտանիքիս անդամին»։ «Տեր Հիսուսի անունով ես մերժեցի խարդախության առաջարկը, թեև շատ գումար կարող էի վաստակել»։ «Տեր Հիսուսի անունով ես հեռացա բամբասանքի միջավայրից, թեև ինձ հետաքրքիր էր լսել պատմության շարունակությունը»։ 

Որքա՜ն համահունչ է «Տեր Հիսուսի անունով․․․» արտահայտությունը այն խոսքերի ու գործողությունների հետ, որոնք Տեր Աստծու կամքի մեջ են և Նրա ուսուցանած ճշմարտություններին համահունչ։ Եվ որքա՜ն արհեստական ու ոչ համահունչ է «Տեր Հիսուսի անունով․․․» արտահայտությունը այն խոսքերի ու գործողությունների հետ, որոնք հակասում են Տեր Աստծու կամքին և Նրա ուսուցանած ճշմարտություններին։

«Տեր Հիսուսի անունով ես որոշել եմ այլևս հոգ չտանել իմ ընտանիքի անդամների համար»։ «Տեր Հիսուսի անունով ես որոշել եմ չներել այն մեկին, քանի որ նրան ներել հնարավոր չէ»։ «Տեր Հիսուսի անունով այնպես եմ պատժելու այն մեկին, որ այլևս չփորձի ինձ կամ իմ գործին վնասել»։ «Տեր Հիսուսի անունով այն մեկի չարախոսությանը չարախոսությամբ եմ պատասխանելու, որպեսզի դաս քաղի ու հեռու մնա ինձնից»։ 

«Տեր Հիսուսի անունով․․․» արտահայտության մեջ մեծ իմաստություն կա։ Այն իրենով լուսավորում է մեր կյանքում Տեր Աստծու կամքին ու Նրա Խոսքին հնազանդության ուղին։ Մենք մեր պահվածքով, խոսքերով ու ապրելակերպով կարող ենք բարձրացնել Տեր Հիսուսի անվան հեղինակությունը, կարող ենք նաև կործանել այն մարդկանց առջև։ Իսկ դու հավատո՞ւմ ես Տեր Հիսուսի անվանը․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես