«Հիսուս» անվան նշանակությունը
Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կոչվում է «Ի՞նչ է նշանակում հավատալ Տեր Հիսուսի անվանը»։ Աստվածաշնչում զորավոր խոստումներ կան այն մարդկանց համար, որոնք հավատում են Տեր Հիսուսի անվանը։ Ինչո՞ւ է Աստծու Խոսքում շեշտադրվում հե՛նց Տիրոջ անվանը հավատալու կարևորությունը և ի՞նչ է նշանակում Տեր Հիսուսի անվանը հավատալը։ Առաջիկա յոթ ուղերձները նվիրված են լինելու այս հարցերի պատասխանները Աստվածաշնչի մեջ միասին բացահայտելուն։
«Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ դուք՝ Աստծու Որդու անվանը հավատացողներդ, հավիտենական կյանք ունեք» (Ա Հովհաննես 5․13):
Սիրելի՛ Ընկեր, այս ուղերձի մեջ ուզում եմ խոսել «Հիսուս» անվան նշանակության մասին։ «Հիսուս» թարգմանաբար նշանակում է փրկիչ։ Այս անունը Տեր Աստծու կողմից հատուկ կերպով փոխանցվել է Հովսեփին։ Այն իր մեջ Տեր Հիսուսի երկրային առաքելության իմաստն է պարունակում։
«Եվ մինչ նա այս մասին էր խորհում, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը՝ Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ Նա որդի պիտի ծնի, և Նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև Նա Իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից» (Մատթեոս 1.20-21):
Հավատո՞ւմ ենք արդյոք Տեր Հիսուսի անվան մեջ պարփակված Նրա առաքելությանը։ Նա եկավ, որպեսզի Իր ժողովրդին փրկի իրենց մեղքերից։
«…և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելներից և իշխանը երկրի թագավորների։ Նա, որ սիրեց մեզ ու մեզ ազատեց մեր մեղքերից Իր արյամբ..» (Հայտնություն 1․5):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը մարդկության Փրկիչն է։ Նա վճարել է մեր մեղքերի գինը՝ Իր վրա վերցնելով մեր պատիժը։ Մեղքը մարդուն հեռացնում է Աստծուց։ Մեղքը մարդուն տանում է դեպի հավիտենական կորուստ։ Փրկություն ընդունելու միակ միջոցը մեղքի կյանքից ապաշխարելն է։ Տեր Հիսուսի վաստակած փրկությունը, սակայն, միայն Իր ժողովրդի համար է։
Միայն Քրիստոսի անվանը հավատացողներն են, որ ընդունում են մեղքերի ներումն ու մաքրագործվում են Քրիստոսի սուրբ արյան շնորհիվ։ Միայն Տեր Հիսուսի առաջարկած փրկության կերպին հավատացողներն են, որ ազատվում են իրենց մեղքերից։
Եթե մարդը չի հավատում, որ փրկությունը մեղքի կյանքով ապրելուց ապաշխարելու՝ մեղքից ու անիրավությունից հեռանալու մեջ է, ուրեմն նա չի հավատում Տեր Հիսուսի անվանը։ Փրկությունը հավատքով է և միայն հավատքով։ Իսկ հավատքը Աստծու Խոսքի՛ հանդեպ պետք է լինի։ Աստծու Խոսքն էլ հստակ ասում է, որ Տերը եկել է, որպեսզի ազատի Իր ժողովրդին իրենց մեղքերից։
Մեղքի իշխանությունից ազատված մարդիկ են, որ Տեր Հիսուսի ժողովուրդն են։ Նրանք իրենց հոգևոր հանդերձները մաքուր են պահում։ Խոստովանությունն ու ապաշխարությունը՝ մեղքից ու անիրավությունից հեռանալու փափագը, Քրիստոսի արյան շնորհած այդ մաքրության գրավականներն են։
«Եթե ասենք, թե հաղորդություն ունենք Նրա հետ, բայց խավարի մեջ քայլենք, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։ Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ Նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից» (Ա Հովհաննես 1․6-7):Իսկ դու հավատո՞ւմ ես Տեր Հիսուսի անվանը։ Հավատո՞ւմ ես, որ Նա ուզում է քեզ ազատել քո մեղքերից։ Հավատո՞ւմ ես, որ Նա Իր կյանքն է զոհել Գողգոթայի խաչի վրա, որպեսզի դու, մեղքերից հեռանալով, արդարության համար ապրես։ Հավատո՞ւմ ես, որ երբ խոստովանում ես քո մեղքերը և ապաշխարում մեղքի հանդեպ քո նախկին վերաբերմունքից, ապա միայն այդ դեպքում է, որ Տեր Հիսուսի արյունը մաքրում է քեզ ամեն մեղքից։ Հավատո՞ւմ ես Տեր Հիսուսի անվանը․․․