• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 29 հնվ 2026 թ.

Ապաշխարության բերած մաքրության բույրը

Հրապարակման ամսաթիվ 29 հնվ 2026 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քո հոգևոր անուշահոտությունը» անվանումը։ Ինչպես այս ֆիզիկական աշխարհում ամեն մարդ, ամեն ընտանիք ու ամեն ժողովուրդ իր յուրահատուկ հոտն ունի, այնպես էլ հոգևոր աշխարհում մարդիկ որոշակի հոտ ունեն։ Աստվածաշունչը սովորեցնում է իրական քրիստոնյաներից բխող անուշահոտության մասին։ 

«Գոհություն մատուցեմ Աստծուն, որ ամեն ժամ մեզ մասնակից է դարձնում Քրիստոսով հաղթությանը և Իր գիտության բույրը ամեն տեղ տարածում մեզանով։ Մենք Աստծու համար Քրիստոսի անուշ բույրն ենք փրկվածների թե կորուսյալների մեջ» (Բ Կորնթացիս 2․14-15):

Սիրելի՛ Ընկեր, գիտե՞ս, որ մաքրությունը բուրմունք ունի։ Ես սիրում եմ մաքրության բուրմունքը։ Դա կարող է լինել լվացած հագուստի հոտը, տանը հիմնովին կատարած մաքրության կամ հե՛նց մանրակրկիտ լոգանքից հետո մարդու վրայից եկող բույրը։ Մաքրության հոտը հաճելի է մաքրություն սիրող մարդկանց համար։ 

Սրբության բույրն էլ հաճելի է սուրբ Աստծու համար։ Տեր Հիսուսը մեր սրբության չափանիշն է։ Աստվածաշնչում գրված է, որ Նրա արյունը մեզ մեղքերից ու հանցանքներից մաքրող միակ միջոցն է։ 

«Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ Նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից» (Ա Հովհաննես 1.7):Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մեղքը աղտոտում է մեզ ու կեղտոտում մեր հոգևոր հանդերձները։ Կեղտն իր մեջ գարշահոտություն ունի։ Երբևէ կանգնե՞լ ես մի մարդու կողքին, ով ամիսներ շարունակ չի լողացել։ Ինչպիսի՞ հոտ ունի նման մարդը։ Իսկ ինչպիսի՞ հոտ ունի մեղքի մեջ հարատևող և Քրիստոսի արյան մաքրագործման հնարավորությունը մերժող մարդը։ Ապաշխարությունն ու խոստովանությունը ճանապարհ են բացում Քրիստոսի արյան մաքրագործող ու սրբագործող ներգործության համար։ 

Դու կարող ես անգամ մարդկային չափանիշներով շատ փոքր մեղքեր սիրել և արդարացնել դրանք քո կյանքում։ Երբ ես եկեղեցի եկող մարդկանց հետ խոսում եմ նմանատիպ մեղքերի մասին, նրանք սովորաբար հակադարձում են, որ շատ ավելի մեծ մեղքեր կան, որոնցից նրանք ազատվել են։ Սակայն մեզնից բխող անուշահոտությունը փչացնում է ոչ այնքան մեր գործած մեղքերի մեծ ու փոքր լինելը, որքան մեր վերաբերմունքն այդ մեղքերի հանդեպ՝ անկախ նրանից՝ դրանք մե՞ծ, թե՞ փոքր մեղքեր են։ Խոստովանությունն ու ապաշխարությունը մերժելը հոգևոր առումով նույնն է, ինչ ամիսներ շարունակ լոգանքից հրաժարվելը։ 

Եթե մենք աշխարհի նման սիրում ենք մեղքը, ծածկում ու արդարացնում ենք այն, ապա մեր վրայից բուրելու է աշխարհի գարշահոտությունը։ Իսկ եթե Քրիստոսի ճշմարիտ աշակերտների նման հեռանում ենք ցանկացած մեղքից ու անիրավությունից, որ տեղ ունի մեր կյանքում, և հանուն մեզ Իր կյանքը զոհած Տեր Հիսուս Քրիստոսին խոստովանությամբ և ապաշխարությամբ սրբում ենք մեր աղտոտված հանդերձները, ապա հե՛նց Քրիստոսի անուշ բույրն է մեզնից տարածվելու մեր շրջապատում։ 

«Սատկած ճանճերը գարշահոտ են դարձնում յուղագործի հոտավետ յուղը, նույնպես էլ մի փոքր անմտությունն ավելի ծանր է, քան իմաստությունն ու փառքը» (Ժողովող 10․1):

Խոստովանությամբ և ապաշխարությամբ հեռացրո՛ւ քո կյանքից բոլոր «սատկած ճանճերին, որոնք գարշահոտ են դարձնում յուղագործի հոտավետ յուղը»։ Դարձի՛ր Քրիստոսի անուշ բույրը քո շրջապատի մարդկանց մեջ և վայելի՛ր Քրիստոսի աշակերտի կյանքով ապրելու պատիվն ու արտոնությունը։ Թող հոգևոր աշխարհը վայելի քեզնից բխող մաքրության բույրը․․․ Քրիստոսի արյան մաքրագործող ազդեցությունը մաքրության անուշահոտություն է բերում քո կյանքի մեջ։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես