Երկու ձիթենիների դասը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քո հոգևոր անուշահոտությունը» անվանումը։ Ինչպես այս ֆիզիկական աշխարհում ամեն մարդ, ամեն ընտանիք ու ամեն ժողովուրդ իր յուրահատուկ հոտն ունի, այնպես էլ հոգևոր աշխարհում մարդիկ որոշակի հոտ ունեն։ Աստվածաշունչը սովորեցնում է իրական քրիստոնյաներից բխող անուշահոտության մասին։
«Գոհություն մատուցեմ Աստծուն, որ ամեն ժամ մեզ մասնակից է դարձնում Քրիստոսով հաղթությանը և Իր գիտության բույրը ամեն տեղ տարածում մեզանով։ Մենք Աստծու համար Քրիստոսի անուշ բույրն ենք փրկվածների թե կորուսյալների մեջ» (Բ Կորնթացիս 2․14-15):
Սիրելի՛ Ընկեր, ի հավելումն միջավայրի և ընդունած սննդի ազդեցությունների՝ կա ևս մեկ կարևոր գործոն, որը ձևավորում է մարդուց բխող հոգևոր բուրմունքը։ Եվ որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա այս գործոնը, այն իրական է և հոգևոր աշխարհում անուշաբուրության հիմնական աղբյուրներից մեկն է։ Ես այն կոչում եմ «ճզմվելու ընթացք»։
Աշխարհում կան թանկ և էժանագին օծանելիքներ։ Այն օծանելիքները, որոնց մեջ բույսերից ստացված բնական յուղեր են օգտագործվում, բավականին թանկարժեք են։ Հին ժամանակներում նույնպես օծանելիքի յուղերը բավականին թանկ էին գնահատվում։
«Մինչ Հիսուսը Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկավ մի կին, որն ուներ նարդոսի ազնիվ, թանկագին յուղի մի շիշ. նա շիշը կոտրեց և Հիսուսի գլխին թափեց։ Սակայն ոմանք սրտնեղեցին՝ ասելով. «Ինչի՞ համար էր յուղի այս վատնումը, որովհետև այն կարելի էր երեք հարյուր դինարից ավելի թանկ վաճառել ու աղքատներին տալ»։ Եվ հանդիմանում էին այդ կնոջը» (Մարկոս 14․3-5):
Նարդոսի այդ ազնիվ ու թանկագին յուղը ստացվել էր հե՛նց ճզմվելու արդյունքում։ Հայտնի փաստ է, որ ճզմելով են ստանում բոլոր բնական յուղերը։ Զաքարիա մարգարեն մի տեսարան է նկարագրում, որտեղ երկու ձիթենիներից խողովակներով յուղը հոսում է դեպի յոթթևանի աշտանակը և կրակի համար համապատասխան վառելիք ապահովում։ Զարմանալին այս տեսարանում այն է, որ Աստվածաշունչն այդ երկու ձիթենիներին երկու նվիրյալ ծառայողներ է կոչում։
«Եվ ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում»։ Եվ ես ասացի. «Տեսնում եմ ահա ամբողջովին ոսկե աշտանակ և մի բաժակ նրա գագաթին, նրա վրա՝ յոթ ճրագ, և յոթ խողովակներ այդ յոթ ճրագների համար, որ նրա գագաթին են։ Եվ նրա մոտ՝ երկու ձիթենի, մեկը՝ բաժակի աջ կողմից, իսկ մյուսը՝ նրա ձախ կողմից»։ Եվ ես պատասխանեցի ու ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ի՞նչ են, տե՛ր իմ»։ Ինձ հետ խոսող հրեշտակը պատասխանեց ինձ և ասաց. «Մի՞թե չգիտես, թե սրանք ի՛նչ են»։ Ես ասացի. «Ո՛չ, տե՛ր իմ»։ Եվ նա պատասխանեց և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին, որ ասում է. “Ոչ թե զորությամբ և ոչ էլ ուժով, այլ Իմ Հոգով,- ասում է Զորքերի Տերը։- Երկրորդ անգամ պատասխանեցի և ասացի նրան. «Ի՞նչ են այս երկու ձիթենու ճյուղերը, որոնք երկու ոսկե խողովակների կողքին են, որոնցից ոսկե յուղն են թափում»։ Եվ նա ասաց ինձ. «Մի՞թե չգիտես, թե սրանք ինչ են»։ Ես ասացի. «Ո՛չ, տե՛ր իմ»։ Եվ նա ասաց. «Սրանք երկու օծյալներն են, որոնք կանգնում են ամբողջ երկրի Տիրոջ առաջ» (Զաքարիա 4.2-6,12-14):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մենք ճզմվում ենք, երբ մեր կյանքում ուժգնանում են Աստծու կամքին հնազանդվելու մեր որոշման դեմ բարձրացող ճնշումները։ Ավելի պարզ ասած՝ երբ դու որոշում ես մի բան անել այնպես, ինչպես Աստված է Իր Խոսքում սովորեցնում, բայց քո շրջապատի մարդիկ, քո իսկ մարմնի ցանկությունները կամ անձնական շահը, կամ էլ չարի ուղարկած մտքերի գրոհները ամեն բան անում են, որպեսզի դու գայթակղվես, վախենաս կամ հետ նահանջես Աստծու կամքի մեջ գործելու և սրբության կյանքով ապրելու քո որոշումից։
Հենց ա՛յս ու նմանատիպ ճնշումների ժամանակ է, որ երբ դու, անկախ ամեն ինչից, որոշում ես կայացնում հավատարիմ մնալու Աստծու կամքին ու Նրա պատվիրաններին, մուտք ես գործում ճզմվելու իրական ու ցավոտ ընթացքի մեջ։ Հենց ա՛յդ ժամանակ է, որ հոգևոր աշխարհում քո ճզմվելու անուշահոտությունն է տարածվում։
Աստծու կամքը կատարելու հարցում մեծագույն անուշահոտությունը հանուն մեզ խաչի չարչարանքներով անցնելու Տեր Հիսուսի որոշումն էր։ Աստծու կամքին հնազանդ կյանք ապրելու համար ճզմվելու պատրաստ մարդկանցից Քրիստոսի անուշահոտությունն է տարածվում հոգևոր աշխարհում։ Աստծու կամքը կատարելը լավագույն հոգևոր անուշահոտությունն է տարածում քո շրջապատում։