• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 27 հնվ 2026 թ.

Դու բուրում ես այն, ինչով սնվում ես

Հրապարակման ամսաթիվ 27 հնվ 2026 թ.

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քո հոգևոր անուշահոտությունը» անվանումը։ Ինչպես այս ֆիզիկական աշխարհում ամեն մարդ, ամեն ընտանիք ու ամեն ժողովուրդ իր յուրահատուկ հոտն ունի, այնպես էլ հոգևոր աշխարհում մարդիկ որոշակի հոտ ունեն։ Աստվածաշունչը սովորեցնում է իրական քրիստոնյաներից բխող անուշահոտության մասին։ 

«Գոհություն մատուցեմ Աստծուն, որ ամեն ժամ մեզ մասնակից է դարձնում Քրիստոսով հաղթությանը և Իր գիտության բույրը ամեն տեղ տարածում մեզանով։ Մենք Աստծու համար Քրիստոսի անուշ բույրն ենք փրկվածների թե կորուսյալների մեջ» (Բ Կորնթացիս 2․14-15):

Սիրելի՛ Ընկեր, կարծում եմ՝ համատարած հայտնի փաստ է, որ մարդուց բխող հոտը որոշվում է նաև նրա կերած կերակուրով։ Երևի նկատած կլինես, որ ամեն տուն իր հոտն ունի։ Եվ ամենաշատն այդ հոտի վրա ազդում է այդ տանը հաճախ պատրաստվող կերակուրների բուրմունքը։ Ի՞նչ տեսակի յուղ է գործածվում տվյալ ընտանիքում, ծովամթե՞րք է ավելի շատ եփվում, թե՞ սուր համեմունքներով ապուրներ․ սոխի, սխտորի, ոչխարի մսի և այլ հոտավետ բաղադրիչների գործածման ամբողջությունը ազդում է տվյալ տան ու ընտանիքի անդամներից բխող հոտի կազմավորման վրա։ 

«Նա պատասխանեց ու ասաց. «Գրված է. "Ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում"» (Մատթեոս 4.4):

Մարդու հոգևոր բուրմունքը ձևավորվում է նաև նրա կերած հոգևոր կերակուրի արդյունքում։ Եթե մենք սնվում ենք Տեր Հիսուսի ուսուցումներով, ապա մեր վրայից Նրա անուշահոտությունն է բխելու։ Եթե մենք սնվում ենք սատանայի կողմից մարդկանց շեղելու նպատակով հորինված տարբեր կրոնների կամ փիլիսոփայությունների հոգևոր սնունդով, ապա այդ հոգևոր կերակրատեսակների մեջ օգտագործված ստության ու մոլորության բաղադրիչների հոտն է մեզ կպնելու։

«Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աստված ձեր Հայրը լիներ, Ինձ կսիրեիք, որովհետև Ես Աստծուց ելա ու եկա. Ես ինքս Ինձ չեկա, այլ Նա՛ Ինձ ուղարկեց։ Դուք Իմ խոսքերն ինչո՞ւ չեք հասկանում. որովհետև չեք կարողանում Իմ խոսքը լսել։ Ձեր ունեցած հայրը սատանան է, և ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Նա սկզբից ևեթ մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա ստում է, ինքն իրեն է արտահայտում, որովհետև ստախոս է և կեղծիքի հայրը։ Սակայն Ես, որ ճշմարտությունն եմ ասում, Ինձ չեք հավատում» (Հովհաննես 8․42-45):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ուշադիր եղի՛ր, թե ինչ հոգևոր սնունդ ես ընդունում։ Ցանկացած հոգևոր գիտելիք, որը հակասում է Աստծու Խոսքին, սատանայի «եփած ճաշն» է, որը վնասում է մեր հոգևոր կյանքին ու տանում է մեզ մոլորության։ Կեղծիքի հոր եփած ճաշով սնվողներից նրա ստության ու մոլորության հոտն է բխելու։ Քո լսածը քննի՛ր Աստվածաշնչով։ Երբե՛ք կուրորեն չվստահես անգամ ամենավստահելի մարդկանց։ Մարդը սխալական է։ Մարդը կարող է սխալվել։ Քննի՛ր լսածդ Աստվածաշնչով։ 

Ցանկացած հոգևոր սնունդ, որը կազմված է Աստծու Խոսքի ճշմարտություններից, Քրիստոսի պատրաստած հոգևոր կերակուրն է, որն ընդունողները Քրիստոսի անուշահոտությունն են տարածում իրենց շրջապատում։ Սնվի՛ր անարատ հոգևոր սնունդով և հեռո՛ւ մնա ապականված ուսուցումներից։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես