Միջավայրդ և քո հոգևոր բուրմունքը
Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Քո հոգևոր անուշահոտությունը» անվանումը։ Ինչպես այս ֆիզիկական աշխարհում ամեն մարդ, ամեն ընտանիք ու ամեն ժողովուրդ իր յուրահատուկ հոտն ունի, այնպես էլ հոգևոր աշխարհում մարդիկ որոշակի հոտ ունեն։ Աստվածաշունչը սովորեցնում է իրական քրիստոնյաներից բխող անուշահոտության մասին։
«Գոհություն մատուցեմ Աստծուն, որ ամեն ժամ մեզ մասնակից է դարձնում Քրիստոսով հաղթությանը և Իր գիտության բույրը ամեն տեղ տարածում մեզանով։ Մենք Աստծու համար Քրիստոսի անուշ բույրն ենք փրկվածների թե կորուսյալների մեջ» (Բ Կորնթացիս 2․14-15):
Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը իրական քրիստոնյաներից բխող անուշահոտությունն անվանում է Քրիստոսի անուշ բույր։ Որքա՜ն գեղեցիկ է հնչում։ Քրիստոսի աշակերտներից Քրիստոսի անուշահոտությունն է տարածվում իրենց շրջապատում։ Սակայն ինչպե՞ս է ձևավորվում մարդուց բխող հոգևոր անուշահոտությունը կամ ոչ այնքան անուշահոտ «բուրմունքը»։
Առաջիկա յոթ ուղերձների մեջ մենք հե՛նց այս թեման ենք քննարկելու։ Ինչպե՞ս է ձևավորվում մարդուց բխող հոգևոր բուրմունքը։ Ինչպիսի՞ գործոններ են ազդում հոգևոր հոտի ձևավորման գործընթացի վրա։ Ի՞նչ է պետք անել, որպեսզի մեր վրայից չգա այս պիղծ ու մեղավոր աշխարհի գարշահոտությունը, այլ բուրենք Քրիստոսի անուշահոտությամբ՝ լինենք Նրա անուշ բույրը մեր շրջապատի մարդկանց համար։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մարդու վրայից եկող հոտը ձևավորվում է մի շարք գործոնների ազդեցության ներքո։ Այսօր անդրադառնալու ենք մարդու միջավայրին։ Միջավայրը՝ այն, թե որտեղ է մարդը ապրում, որտեղ է աշխատում, ում հետ է շփվում և ինչի հետ ունի առնչություն, գործոն է, որն ազդում է մարդու վրայից եկող հոտի ձևավորման վրա։ Նույնը ճշմարիտ է նաև հոգևոր առումով։
«Մի՛ խաբվեք. չար ընկերակցությունները բարի վարքն ապականում են։ Արդարությամբ սթափվե՛ք ու մեղք մի՛ գործեք, որովհետև ոմանք Աստծու մասին տեղյակ չեն. այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում» (Ա Կորնթացիս 15․33-34):
Եթե քեզ հաճելի է մեղքի կյանքով ապրող մարդկանց հետ ժամանակ անցկացնելը, նրանց կատակներն ու հաճույքները․․․, եթե քեզ հաճելի է նրանց ապրելակերպն ու արժեհամակարգը և եթե սրտանց ուզում ես այս աշխարհի չափանիշներով մեղքի կյանքը սիրող մարդկանց նման կյանքով ապրել, ապա քեզնից նույն՝ նրանց հոգևոր հոտն է բխելու։ Չար ընկերակցություններն ապականում են մարդու բարի վարքը։
Հեռացի՛ր չար ընկերակցությունից և ընկերացի՛ր աստվածավախ մարդկանց հետ։ Գտի՛ր հոգևոր միջավայր։ Շփվի՛ր մեղքի դեմ պայքարում հաղթանակներ գրանցած մարդկանց հետ։ Սովորի՛ր նրանցից սրբության կյանքով ապրելու և Տեր Աստծու սիրտն ուրախացնելու հմտությունները։ Փոխի՛ր քո հոգևոր միջավայրը և կփոխես այդ միջավայրի թողած ազդեցությունը քո կյանքի վրա։ Դարձի՛ր Քրիստոսի անուշ բույրը քո շրջապատի մարդկանց համար։