Ինչպիսի՞ բանտեր կարող են լինել人的 կյանքում
Այս ուղերձով ավարտում ենք շարքը, որը կրում է «Դարձի՛ր «Հույսի Տուն» ծառայության մի մասնիկը» անվանումը։ «Հույսի Տուն» ծառայությունը հույս փոխանցող ծառայություն է։
Մարդու կյանքում կարող են լինել տարբեր բանտեր՝ կապանքների բանտը, վախերի բանտը, տագնապների բանտը, ցածր ինքնագնահատականի բանտը, ուրիշների կարծիքի գերին լինելու բանտը և այլն, և Տերը կամենում է, որ մենք այցելենք մարդկանց այս բոլոր բանտերի մեջ և ցույց տանք ազատության ճանապարհը։
«Այդ ժամանակ Թագավորն Իր աջ կողմում կանգնածներին կասի. "Եկե՛ք, Իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։ Որովհետև քաղցած էի, և դուք Ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և Ինձ խմելու բան տվեցիք, օտար էի, և Ինձ ձեզ մոտ ընդունեցիք, մերկ էի, և Ինձ հագցրիք, հիվանդ էի, և Ինձ խնամեցիք, բանտում էի, և Ինձ այցելեցիք» (Մատթեոս 25.34-36):
Սիրելի՛ Ընկեր, որքան էլ անհույս թվա քեզ կապանքների բանտից դուրս գալու հեռանկարը, Տերը ելք ունի։ Այսօր շատ մարդիկ գերի են կախվածություններին և կապված են մեղքի կապանքներով, և այնպիսի ամուր մեղքի կապանքներով, ինչպիսիք են թմրամոլությունը, խաղամոլությունը, տագնապներն ու վախերը, տարբեր կախվածություններ, որոնք չարը բերում է մարդկանց կյանքերի մեջ։ Տեր Հիսուսը Գողգոթայի խաչի վրա վճարել է մեր մեղքերի ներման գինը և Տերը Իր խաչի զոհով ճանապարհ է բացել, որպեսզի ամեն Իրեն հավատացող կարողանա խավարի իշխանությունից ազատվել։
Խավարի իշխանությունը սատանայի իշխանությունն է, և բոլոր կապանքները, բոլոր հոգևոր բանտերը չարի իշխանության գործունեության հետևանքներն են, և երբ Տեր Հիսուսին կանչող մարդը, Նրան հավատացող մարդը, մեղքի ճահիճից դուրս գալու ցանկություն ու փափագ ունեցող մարդը ձեռքը մեկնում է Տիրոջը, Տերը նրան դուրս է բերում։ Հենց ա՛յս բարի լուրն է, որ «Հույսի Տուն» ծառայությունը փոխանցում է մարդկանց՝ ելք կա՛, ելք կա ամե՛ն կապանքից։
«Տերը Հոգին է, ու որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը» (Բ Կորնթացիներին 3․17)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, լինի դա հանցագործության համար բանտարկվելը, թե մեղքի խաբեությանը տրվելով՝ կապանքների բանտում հայտնվելը, Տերը մեզ պատվիրում է այցելել ու քաջալերել բանտարկված մարդկանց։ Նրանք թանկ են Տիրոջ համար, և Նա Իր ծառաներին ուղարկում է բանտարկյալներին ազատություն քարոզելու։ «Հույսի Տուն» ծառայությունը հույս փոխանցող ծառայություն է, «Հույսի Տուն» ծառայությունը բանտարկյալներին ազատության բարի լուրը փոխանցող ծառայություն է։
«Այդժամ Հիսուսն Իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք Իմ խոսքին, Իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8․31-32)։
Ճշմարտությունը Տեր Հիսուսն է։ Ճշմարտությունը Տեր Հիսուսի խոսքերն են։ «Հույսի Տուն» ծառայության ծառայողները պատրաստ են այցելելու ցանկացած մարդու, որը խավարի, ստության և խաբեության կապանքների մեջ է։ Մենք սիրով կայցելենք, և հույս ունեմ, որ դու կօգնես մեզ այդպիսի մարդկանց հայտնաբերելու հարցում։ Հույս ունեմ, որ «Դարձի՛ր «Հույսի Տուն» ծառայության մի մասնիկը» ուղերձների այս շարքը քաջալերանք էր քեզ համար, և դու էլ կաղոթես «Հույսի Տուն» ծառայության համար ու կշարունակես օգնել մեզ հույսի կարիք ունեցող մարդկանց բացահայտելու հարցում։