Օտարականների հանդեպ մեր վերաբերմունքը
Շարունակում ենք մեր ուղերձների շարքը, որը կրում է «Դարձի՛ր «Հույսի Տուն» ծառայության մի մասնիկը» անվանումը։ Երբևէ ապրե՞լ ես օտար մի վայրում։ Եթե այո, ապա հաստատ գիտես, թե ինչպիսի զգացողություն է պատում օտար միջավայրում, օտար մարդկանցով շրջապատված և օտար մշակույթի մեջ ապրող մարդկանց։ Տեր Հիսուսը հատուկ շեշտադրում է, որ ինչպես քաղցածներին ու ծարավներին ցուցաբերված օգնությունը, այնպես էլ օտարականների հանդեպ մեր վերաբերմունքն ընդունում է որպես Իր հանդեպ վերաբերմունք։
«Այդ ժամանակ Թագավորն Իր աջ կողմում կանգնածներին կասի. "Եկե՛ք, Իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։ Որովհետև քաղցած էի, և դուք Ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և Ինձ խմելու բան տվեցիք, օտար էի, և Ինձ ձեզ մոտ ընդունեցիք, մերկ էի, և Ինձ հագցրիք, հիվանդ էի, և Ինձ խնամեցիք, բանտում էի, և Ինձ այցելեցիք» (Մատթեոս 25.34-36):
Սիրելի՛ Ընկեր, այո՛, օտարականների հանդեպ մեր վերաբերմունքը մեր վերաբերմունքն է Տեր Հիսուսի հանդեպ։ Սակայն օտարականների հանդեպ այս հոգատարության պահանջը չի տարածվում միայն օտարազգի մարդկանց վրա։ Օտարական ասելով՝ կարող ենք հասկանալ բոլոր մերժվածներին ու կոտրվածներին։ Նրանք էլ, թեև սեփական երկրում են, հարազատ շրջապատում և անգամ՝ ընտանեկան միջավայրում, սակայն կարող են իրենց օտարականի պես զգալ, եթե մերժված են կամ բախվել են խաթարված ու կոտրված հարաբերությունների իրենց շրջապատում։
«Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին» (Սաղմոս 34․18):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հիշեցնեմ, որ «Հույսի Տուն» ծառայությունը առայժմ գործում է միայն Էջմիածին ու Գյումրի քաղաքներում և շրջակա գյուղերում։ Եթե նշված տարածաշրջաններում գիտես օտարականների, որոնք օգնության կարիք ունեն, կամ մերժված ու սրտով կոտրված մարդկանց, որոնք կարիք ունեն քաջալերանքի ու մխիթարության, ապա մեր ծառայողները սիրով կայցելեն նրանց։
Ես հավատում եմ, որ մենք միասին կկարողանանք հայտնաբերել այն մարդկանց, որոնք իրապես օգնության կարիք ունեն։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ առողջները բժշկի կարիք չունեն։ Մեր շրջապատում, իրապես շատ են Քրիստոսի կարիքն ունեցող մարդիկ։ «Հույսի Տուն» ծառայությունը հույս փոխանցող ծառայություն է։ Ե՛կ միասին նվիրվենք հույսի կարիք ունեցող մարդկանց որոնելուն։ Ե՛կ աղոթենք կարիքի մեջ լինողների համար և տարածենք «Հույսի Տուն» ծառայության մասին տեղեկատվություն մեր շրջապատում։