Օգնություն քաղցած ու ծարավ մարդկանց
Մենք շարունակում ենք մեր ուղերձների շարքը, որը կրում է «Դարձի՛ր «Հույսի Տուն» ծառայության մի մասնիկը» անվանումը։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ մեկ սովածի կերակրելը Տեր Աստծու համար չի մնում աննկատ, քանի որ Նա դա ընդունում է որպես Իր հանդեպ հոգատարության վերաբերմունք։
«Թող գոհանան Տիրոջից Նրա ողորմության համար և Նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին. Որովհետև Նա կշտացնում է կարոտած անձին և սոված անձին լցնում է բարությամբ» (Սաղմոս 107․8-9):
Սիրելի՛ Ընկեր, կարիքավորներին ծառայելու ընթացքում շատ կարևոր է հասկանալ Տեր Աստծու մոտեցումը նրանց։ Աստվածաշունչը բացահայտում է Տեր Աստծու սիրտը կարիքի մեջ լինող մարդկանց հանդեպ։
«Աղքատին ողորմացողը փոխ է տալիս Տիրոջը, և Նա կհատուցի նրան հասանելիքը» (Առակաց 19․17):
Աստված աղքատ մարդուն բարիք անողին տեսնում է որպես հենց Իրե՛ն բարիք անող։ «Աղքատին ողորմացողը փոխ է տալիս Տիրոջը» արտահայտությունը նշանակում է, որ աղքատ մարդու հանդեպ կատարված ցանկացած բարեգործություն Աստված ընկալում է որպես Իրեն տրված պարտք։ Իսկ Աստված երբե՛ք պարտքի տակ չի մնում։ «․․․Եվ Նա կհատուցի նրան հասանելիքը»։
«Հույսի Տուն» ծառայությունը պատրաստ է այցելել հացի խնդիր ունեցող ընտանիքներին։ Ինչպես արդեն նշել ենք, մեր ծառայությունն առայժմ գործում է միայն Էջմիածին և Գյումրի քաղաքներում, ինչպես նաև շրջակա գյուղերում։ Եվ թեև մեր հնարավորություններն առայժմ բավարար չեն մարդկանց հացի կամ մյուս ծախսերի շարունակական կարիքները հոգալու համար, մենք կարող ենք մեկանգամյա որոշակի օգնություն ցուցաբերել։ Եվ եթե նշված տարածաշրջաններում գիտեք հացի կարիքի մեջ լինող մարդկանց, ապա տեղեկացրեք մեր ծառայությանը՝ նամակ գրելով մեր ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/huisitun։
«Հույսի Տուն» ծառայությունը ո՛չ միայն օգնություն է տրամադրում ֆիզիկապես սոված ու ծարավ մարդկանց, այլև պատրաստ է այցելելու հոգևոր սով ու ծարավ զգացողներին։ Այո՛, եթե որևէ մեկը հոգևոր կյանքում ունի հարցեր կամ կարիք ունի Աստվածաշնչի ճշմարտությունն ընդունելու, ապա մեր ծառայողները պատրաստ են այցելելու նրան և հոգևոր աջակցություն ցուցաբերելու։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հույս ունեմ, որ դու, որպես «Քո Հրաշքն՝ ամեն օր» ծառայության հավատարիմ ունկնդիր, կօգնես մեզ նման մարդկանց գտնելու հարցում կամ կօգնես նման մարդկանց մեզ հետ կապ հաստատելու հարցում։
Հիշե՛նք Տեր Հիսուսի խոսքերն Աստվածաշնչից և ամեն մեկս մեր հնարավորության սահմաններում օգնե՛նք թե՛ հացի և թե՛ հոգևոր հացի կարիք ունեցող մարդկանց։
«Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան» (Մատթեոս 5․6):
Կարևոր է հիշել նաև, որ սովածին կերակրելը նույնը չէ, ինչ ծույլին կերակրելը։ Եթե մարդն անկարող է աշխատել և գտնվում է ծանր վիճակում, նա օգնության կարիք ունի։ Եթե մարդը ծույլ է և չի կամենում աշխատել, ապա մեզ Տիրոջից իմաստություն է պետք, որպեսզի նման մարդուն նախ օգնենք ծուլությունից ապաշխարելու հարցում։
Ե՛կ այսօր աղոթենք կարիքի մեջ լինողների համար և Տիրոջից իմաստություն ու առաջնորդություն խնդրենք նրանց հավատարմորեն ծառայելու համար։