Տեր Հիսուսը մարդկանց բաժանելու է երկու մասի
Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Դարձի՛ր «Հույսի Տուն» ծառայության մի մասնիկը» անվանումը։ «Հույսի Տուն» ծառայությունը այցելությունների ծառայություն է, որը սկսում է իր գործունեությունն առայժմ միայն Էջմիածին և Գյումրի քաղաքներում ու շրջակա գյուղերում։ Հույս ունեմ, որ ծառայողների թվի ավելացմանը զուգահեռ, այն կսկսի գործել նաև Հայաստանի տարբեր մարզերում և շրջաններում։
«Այդ ժամանակ Թագավորն Իր աջ կողմում կանգնածներին կասի. "Եկե՛ք, Իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։ Որովհետև քաղցած էի, և դուք Ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և Ինձ խմելու բան տվեցիք, օտար էի, և Ինձ ձեզ մոտ ընդունեցիք, մերկ էի, և Ինձ հագցրիք, հիվանդ էի, և Ինձ խնամեցիք, բանտում էի, և Ինձ այցելեցիք» (Մատթեոս 25.34-36):
Սիրելի՛ Ընկեր, այո՛, դու կարո՛ղ ես դառնալ «Հույսի Տուն» ծառայության մի մասնիկը։ Ինչպե՞ս։ Առաջին հերթին աղոթելով մեր այս ծառայության համար։ Այսօր բազմաթիվ են մարդիկ, որոնք իրական օգնության կարիք ունեն։ Վերը բերված հատվածում Տեր Հիսուսը խոսում է մարդկանց մի քանի խմբերի մասին, որոնք ծայրահեղ կարիքի և անհուսության մեջ են։ Տերը նշում է հացի կարիք ունեցողներին, մերժված ու օտարական մարդկանց, հագուստի կարիք ունեցողներին, հիվանդներին ու բանտի կալանքներում լինողներին։
Տեր Հիսուսը մարդկանց բաժանելու է երկու մասի։ Մի մասն անտարբեր է լինելու կարիքի մեջ գտնվող մարդկանց հանդեպ, իսկ մյուս մասը սեր և հոգատարություն է ցուցաբերելու նրանց հանդեպ։ Ես գիտեմ, որ մեր բոլորի շրջապատում էլ կան մարդիկ, որոնք հոգևոր ու նյութական օգնության կարիք ունեն։ Մենք կարող ենք աղոթել նրանց համար, սակայն Աստվածաշունչը սովորեցնում է, որ միայն աղոթելը բավարար չէ։
«Ի՞նչ է օգուտը, եղբայրնե՛ր իմ, եթե մեկն ասի, թե հավատ ունի, բայց արված գործեր չունենա. մի՞թե հավատը կարող է նրան փրկել։ Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, և ձեզանից մեկն ասի նրանց. «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք ու կշտացե՛ք», բայց մարմնին անհրաժեշտ բաները նրանց չտաք, ի՞նչ օգուտ է։ Այդպես էլ հավատը. եթե գործեր չունենա, ինքնին մեռած է» (Հակոբոս 2․14-17):
Հատկապես նշված քաղաքներում և գյուղերում մենք պատրաստ ենք այցելելու։ Անշուշտ, մեր հնարավորությունները սահմանափակ են, և մենք չենք կարող վճարել մարդկանց կոմունալ ծախսերը, վիրահատության կամ բուժման ծախսերը կամ էլ մշտապես ապահովել այն ընտանիքները, որոնք չունեն աշխատողներ կամ չեն կամենում աշխատել։ Սակայն կարող ենք ժամանակավոր օգնություն ցուցաբերել հացի խնդիր ունեցողներին, այցելել ու աղոթել հիվանդների համար, կամ հոգևոր խորհուրդներ տալ մեղքի կապանքների մեջ տառապող մարդկանց ու հարաբերությունների խնդիրներ ունեցող ընտանիքներին։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, «Հույսի Տուն» ծառայությունն ունի քո աղոթքների կարիքը, որպեսզի հայտնաբերենք իրական կարիքի մեջ գտնվող մարդկանց։ Եթե ունեք ծանոթներ տվյալ քաղաքներում, ապա տեղյակ պահեք այս ծառայության մասին։ Մեզ հետ կապ կարող է հաստատել յուրաքանչյուր մարդ, որ այցելության կարիք ունի, կամ այն մարդիկ, որոնք ճանաչում են նման մարդկանց։
Քրիստոսի հանդեպ հավատքը երևում է կարիքի մեջ գտնվող մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքի մեջ։ Սերը հոգատարություն է։ Սերը մեզ անհանգստություն է պատճառում, քանի դեռ մարդը հոգսի ծանրության ներքո է և քանի դեռ դուրս չի եկել իր դժվարությունների ծանրագույն շրջանից։
Տեր Հիսուսն ասում էր, որ կարիքի մեջ լինող մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքը հենց Ի՛ր հանդեպ մեր վերաբերմունքն է։ Միացի՛ր «Հույսի Տուն» ծառայությանը քո աղոթքներով և տեղեկացրու մարդկանց, որ այցելությունների այս ծառայությունը սկսել է իր գործունեությունը Էջմիածին և Գյումրի քաղաքներում ու շրջակա գյուղերում։ Այս շարքի մեր հաջորդ ուղերձների մեջ ավելի մանրամասն կխոսենք ծառայության ոլորտների ու մոտեցումների մասին։
Տեր Հիսուսը մարդկանց բաժանելու է երկու մասի։ Մի մասին Նա մերժելու է, և այս խմբում այն մարդիկ են, որոնք անտարբեր են եղել կարիքի մեջ լինող մարդկանց հանդեպ, իսկ մյուս մասին ընդունելու է։ Այս մարդիկ սեր և հոգատարություն են ցուցաբերել կարիքի մեջ լինողների հանդեպ։