Ո՞րն էր առաջին միտքդ, երբ արթնացար այսօր
Այսօր իմ ուղերձն ուզում եմ սկսել՝ քեզ մաղթելով հիասքանչ և օրհնված Նոր տարի Տեր Աստծու ներկայության մեջ: Թո՛ղ այս տարին քեզ համար դառնա հոգևոր հաղթանակների և պտղաբեր օրհնությունների տարի։
Սիրելի՛ Ընկեր, իսկ հիմա ուզում եմ քեզ մի հարց տալ։ Այս առավոտյան ո՞րն էր քո առաջին միտքը, երբ արթնացար: Այն քեզ խաղաղությո՞ւն փոխանցեց, մխիթարե՞ց, թե՞ սկսեցիր օրդ՝ կյանքիդ դժվարությունների, ֆինանսական խնդիրների, ընտանեկան չլուծված պրոբլեմների կամ անհանգստություն առաջացնող այլ մտքերի տեղատարափով։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, շատ կարևոր է, որ քո մտքերը չճնշեն քեզ։ Պատկերացրո՛ւ, որ քո կյանքի իրավիճակների՝ առանց այն էլ ծանր ճնշմանը գումարվում է դրանց մասին բացասական մտքերի անընդհատ հոսքը։
Իր ամենածանր իրավիճակում Դավիթ թագավորն այս աղոթքով էր դիմում Տեր Աստծուն. «Մաքուր սի՛րտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված, և ուղիղ հոգի՛ նորոգիր իմ ներսում» (Սաղմոս 51․10)։
Տարեսկզբի այս օրերին ուզում եմ մի խորհուրդ տալ, որը, հուսով եմ, կօգնի քեզ ողջ տարվա ընթացքում։ Եթե մարդը, հիմնականում, անկարող է վերահսկել իր կյանքի իրավիճակները և անմիջապես շտկել ու փոխել դրանք, ապա Քրիստոսի աշակերտը դառնալուց հետո յուրաքանչյուր հավատացյալ ունակ է դառնում իր մտքերը պահելու Տեր Հիսուս Քրիստոսի իշխանության ներքո։ Այլ կերպ ասած՝ Քրիստոսին նվիրվելուց հետո դո՛ւ ես ընտրում՝ ո՛ր մտքերը մերժես և որոնք՝ ընդունես։
«․․․քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար» (Բ Կորնթացիս 10․4-5):
Մտքի ոլորտում կարգապահությունն ու խառնաշփոթի կարգավորումը կօգնեն քեզ երախտագիտության և գնահատանքի մտքեր զարգացնելու հարցում։ Անկախ քո կյանքի իրավիճակներից՝ աստիճանաբար քո միտքը կլցվի դրական մտքերով, և հայացքդ քո դժվարություններից կկտրվի ու կուղղվի դեպի դրանց վրա իշխանություն ունեցող Տերը:
Միտքը գերի բռնելու հմտությունը զարգանում է հոգևոր աճին և հասունությանը զուգահեռ։ Հուսամ՝ տեղյակ ես, որ մենք այս տարի ևս որոշել ենք իրականություն դարձնել Աստվածաշնչի ընթերցանությունը մեկ տարում ամբողջացնելու ծրագիրը, և մեր նախաձեռնությանը միացող յուրաքանչյուր մարդու օգնելու ենք Աստվածաշնչի ընթերցանության կանոնակարգման և ընթերցածը հասկանալու հարցում։ Համոզված եմ, որ Աստծու Խոսքի ընթերցանությունը և ճիշտ հոգևոր սնունդ ընդունելը քեզ կփոխանցի հենց ա՛յն աճն ու հասունությունը, որն անհրաժեշտ է մտքերի ոլորտը կարգավորելու համար։
Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, ես ուզում եմ այսօրվանից նոր սովորություն ձևավորել իմ կյանքում և զարգացնել այն ողջ տարվա ընթացքում։ Ես ուզում եմ ամեն օր Աստվածաշունչ ընթերցել, հոգևոր սնունդ ընդունել Քեզնից և Քո Սուրբ Հոգու օգնությամբ աճել ու հասունանալ հավատքի կյանքում։ Ես ուզում եմ, որպես Քո հավատարիմ աշակերտ, ունենալ իմ մտքի ոլորտը կարգավորելու ողջ իշխանությունը և Քո օգնությամբ կարողանալ սխալ մտքերը հնազանդեցնել Քո բարի և հաճելի կամքին։ Ես էլ Դավիթ թագավորի պես խնդրում եմ Քեզ, որ մաքուր սիրտ ստեղծես իմ մեջ և ուղիղ հոգի նորոգես իմ ներսում։ Խնդրում եմ՝ մաքրի՛ր նաև իմ մտքերը, որպեսզի ամեն առավոտ կարողանամ լսել Քո ձայնը և զգալ Քո ներկայությունը, քաջալերվել Քո Խոսքով և ամրանալ Քո Խոսքի խոստումներով: Աղոթում և խնդրում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»:
Իմ թանկագին բարեկա՛մ, թո՛ղ Տերը զորացնի քեզ այսօր և հաստատի քո սրտի այս աստվածահաճո որոշումը: