Դու կարող ես դառնալ աղոթքի ծառայող
Մենք շարունակում ենք «Սուրբծննդյան նվերներ հոգևոր ամրացման համար» անվանումը կրող շարքը։ Այսօր մեր քաջալերական ուղերձների մեջ կիսվելու ենք քեզ հետ ևս մեկ գործիքով, որը, հույս ունենք, օրհնություն կլինի քեզ համար և քեզ կօգնի ընդունել մյուս հավատացյալների աջակցությունն ու դառնալ աջակցություն մյուսների համար։
Սիրելի՛ Ընկեր, մեր այսօրվա նվերը կոչվում է «ԱՂՈԹԱԿԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»։ Անկախ նրանից, թե որտեղ ես ապրում և ինչ կարգավիճակում ես, դու կարող ես ընդունել մեր սուրբծննդյան այս յուրահատուկ նվերը և դառնալ կա՛մ մյուսների համար աղոթող, կա՛մ գրել քո աղոթքի խնդրանքները, որոնց համար կաղոթեն աղոթքի մյուս ծառայողները։
Աստվածաշունչը կարևորում է հավատացյալների՝ միմյանց համար կատարվող աղոթքները։ Տեր Հիսուսը սովորեցնում էր աղոթքի կարևորության մասին։ Առաքյալներն աղոթում էին, հորդորում էին մյուս աշակերտներին աղոթել և իրենք էլ խնդրում էին, որ հավատացյալներն աղոթեն իրենց համար։ Աղոթքը բանալի է, որը բացում է հոգևոր աշխարհի դռները և ճանապարհ հարթում Տեր Աստծու գերբնական միջամտության համար։
«Արդ, խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթեք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար» (Ա Տիմոթեոս 2.1):
«Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպպեցիս 4.6-7):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, «ԱՂՈԹԱԿԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» անունը կրող մեր սուրբծննդյան նվերը կարող ես ընդունել՝ միանալով նույն անունը կրող տելեգրամյան ալիքին այս հղումով՝ https://t.me/PrayingWithYou։
Մենք մեր ողջ էությամբ հավատում ենք Տեր Հիսուսի հետևյալ խոսքերի ճշմարիտ լինելուն․ «Դարձյալ ասում եմ ձեզ. եթե ձեզանից երկու հոգի մեկ բանի համար երկրի վրա միաբանվեն, ինչ որ խնդրեն, կլինի նրանց Իմ Հորից, որ երկնքում է» (Մատթեոս 18․19):
Եվ «Աղոթակից» ծառայությունը նպատակ ունի մարդկանց քաջալերելու, որպեսզի նրանք դառնան քո հոգսի համար աղոթող երկրորդը։ Մեր ծառայողները կապ կհաստատեն հոգս ունեցողի հետ և որոշակի ժամանակ պարբերաբար կմիաբանվեն աղոթքների մեջ։ Դու ընդամենը պետք է միանաս խմբին և գրես, որ աղոթքի մեջ միաբանվողի կարիք ունես։ Անգամ պետք չէ գրել հոգսը։ Դա կանես քո աղոթակից ծառայողի հետ անձնական նամակագրության մեջ։ Մենք սկզբունք ունենք, որ քույրերի հետ միաբանվում են քույրերը, իսկ եղբայրների հետ՝ եղբայրները։ Հույս ունեմ, որ կհավանես նաև մեր այսօրվա նվերը և կգտնես աղոթքի հավատարիմ ծառայող մեկին, ով քեզ համար կդառնա քո աղոթքի հոգսը կիսող երկրորդը։ Այո՛, դու նույնպես կարո՛ղ ես ծառայել Աստծուն՝ աղոթելով մյուսների համար՝ դառնալով նրանց համար աղոթակից ծառայող։
Ուզում եմ իմանաս, որ այսօր ես էլ քեզ համար եմ աղոթում, որ հավաքես սուրբծննդյան մեր նվերների այս փունջը և օգտագործես այս գործիքները քո և մյուսների հոգևոր աճի ու ամրացման համար։