Աստծու ներկայության մեջ ապրելու քաղցրությունը
Այս ուղերձով ավարտում ենք «Քրիստոսի աշխարհ գալու մեծագույն օրհնությունները» անվանումը կրող ուղերձների շարքը։ Հույս ունեմ, որ այն նույնպես օրհնություն և քաջալերանք էր քեզ համար նախատոնական այս բազմազբաղ օրերին։ Այս շարքի վերջին ուղերձի մեջ խոսելու ենք ևս մեկ զորավոր օրհնության մասին, որը հասանելի է մեզ Տեր Հիսուսի աշխարհ գալու և մեզ համար Իր անգին կյանքը դնելու շնորհիվ։
«Իմ Հայրն Ինձ սիրում է այն բանի համար, որ Ես Իմ կյանքը տալիս եմ, որպեսզի այն վերստին ստանամ։ Այն ինձանից ոչ ոք չի վերցնում, այլ Ես Ինքս եմ այն տալիս. Ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն վերցնելու. Ես այս պատվերն Իմ Հորից եմ ստացել» (Հովհաննես 10․17-18):
Սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսի աշխարհ գալու մի զորավոր մարգարեություն կար, որը կանխասում էր, որ կույսից մի մանուկ կծնվի և Նրա անունը Էմմանուել կկոչվի։ Էմմանուել նշանակում է «Աստված մեզ հետ»։ Քրիստոսի մարմնավորմամբ Աստված այլևս հեռու չէ՝ Նա բնակվում է Իր ժողովրդի մեջ և մշտապես մեզ հետ է Իր Հոգու միջոցով։ Տեր Հիսուսի մարմնավորմամբ մենք՝ Նրա ժողովուրդը, հնարավորություն ենք ստանում վայելելու Տեր Աստծու ներկայության քաղցրությունը։
«Եվ մինչ նա այս մասին էր խորհում, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը՝ Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ Նա որդի պիտի ծնի, և Նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև Նա Իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։ Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և Նրան կկոչեն Էմմանուել», որ նշանակում է «Աստված մեզ հետ» (Մատթեոս 1.20-23):
Երբ մարդու կյանքում լուծված է մեղքի կապանքներից ազատագրման և մեղքերի ներման հիմնախնդիրը, տվյալ մարդը ունակ է դառնում վայելելու Տեր Աստծու ներկայության մեջ ապրելու քաղցրությունը։ Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ ուղերձների մեջ, Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստծու և մարդու միջև միայն մեկ պատնեշ կա՝ մարդու մեղքերի ու անիրավությունների պատնեշը։ Երբ մարդը որոշում է ապաշխարել Աստծու կամքին անհնազանդության ընթացքից և ապրել այս ժամանակավոր կյանքը Տեր Հիսուսի աշակերտի հավատարմության ու հնազանդության մեջ, նրա կյանքում կործանվում է Աստծու իրական ներկայությանը խոչընդոտող այդ պատնեշը։
«Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին ավանդեց։ Եվ ահա տաճարի վարագույրը վերից վար երկու մասի պատռվեց. երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին» (Մատթեոս 27․50-51):
Տաճարի վարագույրը Աստծու ներկայության Սրբություն Սրբոց սենյակի բաժանարար վարագույրն էր։ Այն ծածկում էր Աստծու ներկայությունը տաճարում ներկա մարդկանցից։ Այդ վարագույրը վերից վար պատռվելը խորհրդանշում էր Աստծու ու մարդկանց հաղորդակցության ու մտերիմ հարաբերության հարցում առկա խոչընդոտի վերացումը։ Ընդ որում, վերից վար պատռվելը խոսում է այդ պատնեշի վերացման Նախաձեռնողի մասին։
Տեր Հիսուսի խաչի մահը մեր մեղքերի ներման հիմքն է։ Նրա հարությունը՝ մեր արդարացման հիմքը։ Տերը կենդանի կերպով ներկա է մեր կյանքերում։ Երբ մենք հավատում ենք Նրան, ապաշխարում ու ստանում ենք մեր մեղքերի ներումը․․․, երբ մեր հավատքի արդյունքում կործանվում է մեր Տեր Աստծու և մեր միջև առկա բաժանարար պատնեշը, մենք ունակ ենք դառնում վայելելու Տեր Աստծու հետ մտերիմ փոխհարաբերությունն ու ճաշակելու Նրա աննկարագրելի քաղցրությունը։
«Արդ դեն գցելով ամեն չարություն, նենգություն, կեղծավորություն, նախանձ և ամեն չարախոսություն՝ նորածին մանուկների պես փափագե՛ք բանական, անխարդախ կաթը, որպեսզի նրանով աճեք փրկության համար, քանի որ ճաշակել եք, որ քաղցր է Տերը» (Ա Պետրոս 2․1-3):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը մեծ գին է վճարել, որպեսզի մենք ունակ լինենք այս կյանքն ապրելու Տեր Աստծու քաղցր ներկայության ուրախության մեջ։ Այս կյանքի ամենածանր փորձությունները և ամենադժվարին իրավիճակները ի զորու չեն անգամ փոքր-ինչ նվազեցնելու Նրա քաղցրության այն երանությունը, որը գիտեն ու ճանաչում են միայն Աստծու ներկայության քաղցրության մեջ ապրող մարդիկ։
Այսօր իմ աղոթքն է, որպեսզի դու ճաշակես ու քո ողջ կյանքում ապրես Տեր Աստծու այդ աննկարագրելի քաղցրության մեջ։ Տերը վերից վար պատռել է վարագույրը։ Քո ապաշխարությունը և Նրա պատվիրաններով ու ուսուցանած սկզբունքներով ապրելու որոշումդ կկործանի Տեր Աստծու և քո միջև առկա բաժանարար պատնեշը։ Քրիստոսի աշակերտը դառնալու որոշումդ և հոգևոր աճին ու հասունությանը նվիրվելը քեզ ավելի կմտերմացնի Աստծու հետ։ Այդ ժամանակ քո կյանքի մեջ իրողություն կդառնա Էմմանուելը, որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
«Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, որ Տերը քաղցր է. երանելի է այն մարդը, որ ապավինել է Նրան» (Սաղմոս 34․8):