Հավիտենական կյանքի հույսը
Մենք մոտենում ենք «Քրիստոսի աշխարհ գալու մեծագույն օրհնությունները» անվանումը կրող ուղերձների շարքի ավարտին։ Տեր Աստծու՝ մարմնով հայտնվելը և մարդկային կերպարանքով մարդկանց մեջ բնակվելը մարդկության պատմության ամենակարևոր իրադարձությունն է եղել, որի հետ կարող է համեմատվել միայն Տեր Հիսուսի վերադարձը՝ որպես հաղթանակած Թագավոր, երբ մեր քաղաքակրթությունը հասնի իր մայրամուտին։ Սիրելի՛ Ընկեր, Քրիստոսի աշխարհ գալու և Նրա վերադարձի միջև ընկած ժամանակահատվածը կոչվում է Շնորհքի դարաշրջան։ Մենք ապրում ենք հե՛նց այդ դարաշրջանում, և Քրիստոսի զոհով վճարված փրկության ուղին բաց է յուրաքանչյուր մարդու համար, որ կհավատա Աստծու Որդուն՝ Նրա ուսուցումներին, Նրա սիրուն և Նրա կատարած մեծագույն զոհին։ Նա խաչվեց՝ որպես քավություն մեր բոլորի մեղքերի ու հանցանքների, գերեզման դրվեց, սակայն երրորդ օրը հարություն առավ։
«Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։ Եվ ամեն ոք, ով կենդանի է ու Ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Սրան հավատո՞ւմ ես» (Հովհաննես 11.25-26):
Տեր Հիսուսի հարությունը մեր՝ Նրա հավատարիմ աշակերտներիս հարության երաշխիքն է։ Քանի որ Նա կենդանի է, մենք հավատում ենք, որ այս կյանքից հետո Նրա հավատարիմ աշակերտները նույնպես մուտք են գործելու հավիտենական կյանք՝ այնտեղ, որտեղ Նա է։
«Մի փոքր ժամանակ ևս, և աշխարհն այլևս Ինձ չի տեսնի. բայց դուք Ինձ կտեսնեք, որովհետև Ես կենդանի եմ, և դուք նույնպես կենդանի եք լինելու։ Այն օրը դուք կիմանաք, որ Ես Իմ Հոր մեջ եմ, և դուք՝ Իմ մեջ, իսկ Ես՝ ձեր մեջ։ Ով ունի Իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է Ինձ սիրում. ով Ինձ սիրում է, պիտի սիրվի Իմ Հորից, Ես էլ պիտի սիրեմ նրան և Ինձ պիտի հայտնեմ նրան» (Հովհաննես 14․19-21):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հարության հույսը փոխում է մարդու կյանքը։ Հարության հույսը փոխում է մարդու վերաբերմունքն այս աշխարհի դժվարությունների, գայթակղությունների և փորձությունների հանդեպ։ Հարության հույսը, որը հիմնված է Տեր Հիսուսի հարության փաստի վրա, քաջալերում է Նրա ճշմարիտ աշակերտներին ապրելու Տեր Հիսուսի պատվիրաններին և ուսուցանած սկզբունքներին հավատարիմ կյանքով և քաջալերելու այդ հույսով անհուսության մեջ ապրող մարդկանց։
«․․․Քրիստոսը ննջեցյալներից առաջինը եղավ, որ մեռելներից հարություն է առել։ Քանի որ մահը մարդով եղավ, մեռելների հարությունն էլ մարդով եղավ։ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան՝ յուրաքանչյուրն իր հերթին. նախ Քրիստոսը՝ առաջին պտուղը, հետո՝ Քրիստոսին պատկանողները Նրա գալստյան ժամանակ» (Ա Կորնթացիս 15․20-23):
Առաջարկում եմ աղոթել միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ հավիտենական կյանքի հույսի համար։ Քո աշխարհ գալով Դու լույս սփռեցիր այս կյանքից հետո գոյություն ունեցող իրականության վրա։ Դու հավիտենական կյանքի պարգևն ես պատրաստել ամեն Քեզ հավատացողի համար։ Խնդրում եմ՝ ամրացրու իմ հավատքը Քո խոսքերի ու Քո տված խոստումների հանդեպ։ Դու խոստացել ես, որ Քո Երկրորդ գալստյան ժամանակ լինելու է արդարների հարությունը։ Դու խոստացել ես, որ քանի որ Դու ապրում ես, ապրելու է նաև ամեն Քեզ սրտանց հավատացողը։ Դու խոստացել ես, որ Քո պատվիրանները պահողներին հայտնելու ես Քեզ և, ավելին, բնակվելու ես մեր ներսում։ Շնորհակալ եմ, իմ բարի և ողորմած Աստվա՛ծ, որ ապրում եմ այս կյանքը՝ հավիտենական կյանքի հույսը իմ սրտում փայփայելով։ Այդ հույսը զորացնում է ինձ և առաջ մղում Քեզ ծառայելու և Քո ակնկալած կյանքով ապրելու օրհնյալ ընթացքի մեջ։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամեն»։