Քրիստոսի բերած սրբագործումը
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քրիստոսի աշխարհ գալու մեծագույն օրհնությունները» անվանումը։ Մենք արդեն խոսել ենք մեղքերի ներման աներևակայելի հրաշքի մասին, որը հասու է յուրաքանչյուր մարդու Գողգոթայում Տեր Հիսուս Քրիստոսի զոհի, մահվան ու հարության շնորհիվ։
«Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված Նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես. քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար» (Հռոմեացիս 10․9-10):
Սիրելի՛ Ընկեր, երբ մենք ապաշխարում ենք այս աշխարհում ընդունված կերպով ապրելուց և որոշում ենք կայացնում ապրելու Քրիստոսի աշակերտի կյանքով՝ Նրա ուսուցանած սկզբունքներով ու դավանած արժեհամակարգով, մենք վերստին ծնունդ ենք ապրում, և մեր բոլոր մեղքերի համար ներում ենք ստանում։ Սակայն ինչպես նորածինը կարիք ունի մշտական խնամքի, հոգատարության ու աճի, այնպես էլ Քրիստոսի յուրաքանչյուր աշակերտ կարիք ունի մաքրագործման, սրբագործման և հոգևոր աճի ու հասունության։
Տեր Հիսուսի ուսուցումներն այսօր էլ փոխակերպում են մարդկային կյանքերը։ Նրա Հոգին գործում է Քրիստոսի աշակերտների սրտերում և հանդիմանում, ուղղորդում ու քաջալերում է նրանց։ Քրիստոսի Մարմինը՝ Եկեղեցին, այն հաստատությունն է, որն Աստվածաշունչը բնութագրում է որպես ճշմարտության սյուն, և Աստվածաշնչի ուսուցումներից չշեղված եկեղեցիները լավագույն խնամքն ու հոգատարությունն են ցուցաբերում հավատացյալների հոգևոր աճի ու հասունացման համար։
«Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք՝ սիրո ու բարի գործերի մղելով։ Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է» (Եբրայեցիս 10․24-25):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Քրիստոսի Խոսքը այսօր էլ փոխակերպում է մարդկանց կյանքերը։ Քրիստոսի Հոգին բնակվում և օգնում է Իրեն ու Իր ուսուցումներն ընդունած աշակերտներին։ Քրիստոսի Մարմինը հոգ է տանում հավատացյալների աճի ու հասունացման համար։ Սակայն կա ևս մեկ մեծագույն օրհնություն, որը մեր սրբագործման կարևորագույն հիմքերից մեկն է։ Քրիստոսի արյունն այսօր էլ մաքրում է Նրա հավատարիմ աշակերտներին ամեն մեղքից ու ամեն անիրավությունից։ Քրիստոսի արյան շնորհիվ է, որ մարդն Աստծու առաջ ունակ է ներկայանալու մաքուր հոգևոր զգեստներով՝ լվացված ու սրբագործված Քրիստոսի սուրբ արյան շնորհիվ։
«Եթե ասենք, թե հաղորդություն ունենք Նրա հետ, բայց խավարի մեջ քայլենք, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։ Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ Նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1․6-9):
Ինչպես կյանքում կարևոր է անձնական հիգիենային ու մաքրությանը հետևելը, այնպես էլ հոգևոր կյանքում մեծագույն կարևորություն ունի հոգևոր հիգիենային հետևելը։ Մաքրագործման ու սրբագործման միջոցը Քրիստոսի արյունն է։ Սակայն միջոցի առկայությունը դեռ չի նշանակում, որ մարդը հոգևորապես սրբագործված է և իր հոգևոր հանդերձները լվանում է ու մաքուր պահում։
Մեղքը թաքցնող, մեղքը սիրող ու մեղքն արդարացնող մարդիկ կարող են մաքուր հագնվել, ճոխ բառերով աղոթքներ անել և անգամ՝ ծառայել Աստծուն։ Սակայն հոգևոր աշխարհում նրանցից անասելի գարշահոտություն է տարածվում, քանի որ խավարի մեջ ապրելով՝ նրանք տարիներով անտեսել են իրենց հոգևոր հիգիենան։ Իսկ եթե մարդը լույսի մեջ է ապրում՝ խոստովանում է իր կյանքի մեղքերն ու անօրենությունները, արյուն թափելու չափ պայքարում է դրանք իր կյանքից հեռացնելու համար և իր կյանքում բացահայտված յուրաքանչյուր մեղքի հանդեպ ունի ապաշխարության մոտեցում, ապա այդ մարդը մշտապես մաքրվում է Քրիստոսի արյամբ և իր արդարության հանդերձները միշտ մաքուր է պահում։ Նրանից Քրիստոսի անուշ բույրն է բուրում։
Ե՛կ աղոթենք միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ Քո Խոսքի, Քո Հոգու, Քո Մարմնի՝ Եկեղեցու համար։ Քո հոգատարությունը Քո աշակերտների հանդեպ Քո սիրո չափ խորն է ու անըմբռնելի։ Եվ հատկապես շնորհակալ եմ Քո արյան համար, որ այսօր էլ սրբում ու մաքրում է ինձ իմ բոլոր մեղքերից ու անիրավություններից։ Խնդրում եմ, որ սրբագործես ինձ ամեն օր։ Ամեն օր ինձ ավելի ու ավելի նմանեցրու Քեզ, իմ բարի ու ողորմա՛ծ Տեր։ Ես ուզում եմ մտքով, խոսքով և գործով Քեզ ներկայացնել իմ շրջապատի մարդկանց։ Եվ ուզում եմ, որ ինձնից Քո սրբության անուշահոտությունը տարածվի իմ շրջապատում։ Աղոթում ու խնդրում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամեն»։