• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 25 դկտ 2025 թ.

Որդեգրություն Աստծու ընտանիքին

Հրապարակման ամսաթիվ 25 դկտ 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քրիստոսի աշխարհ գալու մեծագույն օրհնությունները» անվանումը։ Այսօր քրիստոնյա աշխարհի բավականին մեծ մի մաս նշում է Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Շնորհավորում եմ բոլորիս այս տիեզերքի այդ մեծագույն իրադարձության առթիվ, որ անգամ ժամանակը բաժանեց հաշվարկման՝ Քրիստոսից առաջ և Քրիստոսից հետո համակարգի։ Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս։ Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի։

Տեր Հիսուսն Իր աշխարհ գալով յուրաքանչյուր մարդու համար Աստծու ընտանիքին որդեգրվելու հնարավորություն ստեղծեց։ Նրա բերած հաշտությունն Աստծու հետ և հոգևոր կյանքի ու հոգևոր իրողությունների մասին ճշմարտությունները մեզ փոխանցելը Նրան հավատացող յուրաքանչյուր մարդու համար չափազանց կարևոր են դարձնում Աստծու ընտանիքին որդեգրվելու փաստը։ 

«Բայց երբ ժամանակի լրումը հասավ, Աստված Իր Որդուն ուղարկեց, որը կնոջից ծնվեց ու օրենքի ներքո եղավ, որպեսզի օրենքի տակ եղողներին փրկագնի, որպեսզի որդեգրություն ընդունենք։ Եվ քանի որ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ Իր Որդու Հոգին ուղարկեց, որ աղաղակում է. «Աբբա՛, Հա՛յր» (Գաղատացիս 4.4-6):

Սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը մարդացավ, որպեսզի մենք որդեգրվենք Աստծու ընտանիքին։ Որդեգրումը նշանակում է, որ Հայրը Քրիստոսի զոհի շնորհիվ և Նրա ուսուցումների հանդեպ մեր հավատքի արդյունքում մեզ ընդունում է որպես զավակների։ Երբ մարդը սրտանց ու անկեղծորեն որոշում է կայացնում ապաշխարելու աշխարհի մեջ ընդունված մտածելակերպից և ապրելու Քրիստոսի աշակերտի կյանքով, ապա Աստծու համար նա դառնում է սեփական ընտանիքի մի մասնիկը՝ ժառանգ, որը կրում է Հայր Աստծու սիրելի զավակի նոր ինքնությունը։ 

«Ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս։ Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը Նրանով արարվեց, սակայն աշխարհը Նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին։ Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց» (Հովհաննես 1․9-13):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մեծագույն օրհնություններ կան Աստծու ընտանիքին որդեգրված լինելու փաստի մեջ։ Քրիստոսով որդեգրված զավակների մեջ Քրիստոսի Հոգին է բնակվում, ինչի շնորհիվ մենք վայելում ենք Հայր Աստծու սերն ու հոգատարությունը, մտերմությունն ու պաշտպանությունը, զորությունն ու ուղղորդումը կյանքի դժվարին իրավիճակների մեջ։ 

Սակայն որդեգրությունը ոչ միայն օրհնություններ է փոխանցում Քրիստոսի հավատարիմ աշակերտներին, այլև պարտականություններ ու հանձնարարություններ, որոնք մեծ պատիվ ու արտոնություն են Քրիստոսով լուսավորված և հոգևոր իրողություններին տեղյակ յուրաքանչյուր մարդու համար։ Տերը ակնկալում է, որ Իր որդեգրված զավակները կապրեն Իր կամքին հնազանդության կյանքով և իրենց արժեհամակարգով ու կյանքի սկզբունքներով աշխարհի մարդկանց առաջ կարտացոլեն Իր սրբությունը։ 

Առաջարկում եմ աղոթել միասին այս կարճ աղոթքով․ «Աբբա Հա՛յր, ես իմ ամբողջ սրտով ընդունել եմ Քո միածին Որդուն՝ Տեր Հիսուս Քրիստոսին իմ կյանքի մեջ։ Ես հավատում եմ Նրա անվանն ու Նրա փոխանցած ճշմարտություններին։ Ինձ համար մեծագույն ուրախություն ու ցնծություն է Քո ընտանիքի մեջ որդեգրված լինելը։ Մեծագույն պատիվ ու արտոնություն է Քո զավակը լինելը։ Խնդրում եմ՝ սովորեցրու ինձ ապրել որդեգրման ուրախության մեջ և լինել այնպիսի զավակ, որի կյանքը կարտացոլի իր երկնային Հոր սերն ու սրբությունը այս աշխարհի խավարի մեջ ապրող մարդկանց համար։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամեն»։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես