Փրկագնում մեղքից, մահից ու անեծքից
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քրիստոսի աշխարհ գալու մեծագույն օրհնությունները» անվանումը։ Տեր Հիսուսի՝ աշխարհ գալու հիմնական նպատակը դեպի կործանում ու հավիտենական կորուստ գնացող մարդկանց փրկելն էր։ Անշուշտ, այս աշխարհի մեջ ապրող մարդիկ չեն էլ կարող երևակայել, թե ինչպիսի՜ մեծ աղետ է սպասում Տեր Հիսուսի առաջարկած փրկությունը չընդունած յուրաքանչյուր մարդու։ Սակայն Աստված գիտի ամեն բան, և Նրա սերը մղեց Տեր Հիսուսին ո՛չ միայն մարմնով աշխարհ գալուն, այլև մարդկության մեղքի փրկագինը վճարելուն։
«Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ Ինքն Իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ Ինքն Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ։ Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց Նրան և մի անուն շնորհեց Նրան, որ ամեն անունից ավելի բարձր է, որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ, և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծու փառքի համար» (Փիլիպպեցիս 2․5-11):
Սիրելի՛ Ընկեր, մարդանալով՝ Տեր Հիսուսը տեղյակ եղավ մարդկային բոլոր տկարություններին ու դժվարություններին, ցավին ու տառապանքին, բայց ապրեց առանց մեղքի։ Իր մահվամբ Նա կոտրեց անեծքի, մեղքի և մահվան իշխանությունը՝ փրկագնելով մեզ՝ Նրա անվանը հավատացողներիս, խավարի իշխանության ստրկությունից ու մեղքի կապանքների մեջ ապրելու իրողությունից։
Նա Իր մահով ու հարությամբ ազատություն է բերել Իր յուրաքանչյուր աշակերտի կյանքում։ Երբ մարդու կյանքում լուծված է մեղքերի ներման հարցը, այլևս նրա կյանքում չի գործում մեղքի ու մահվան անեծքը։ Երբ Քրիստոսի զոհի շնորհիվ փրկագնված մարդը վստահաբար հավատում է, որ իր Տերը այս տիեզերքի ամենազորեղ Անձն է և գերագույն իշխանության կրողը, ապա նրա սիրտը լցվում է խաղաղությամբ և ուրախության ցնծությամբ՝ անկախ այս ժամանակավոր կյանքի դժվարին իրավիճակների առկայությունից։
«Արդ որովհետև զավակներն արյանն ու մարմնին հաղորդակից եղան, Ինքն էլ միևնույն կերպով հաղորդակից եղավ նրանց, որպեսզի Իր մահով կործանի մահվան իշխանությունն ունեցողին, այսինքն՝ սատանային, և ազատի նրանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում գերված են մահվան ահից» (Եբրայեցիս 2․14-15):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ավելին՝ Տեր Հիսուսը այսօր էլ օգնում է Իրեն հավատարիմ աշակերտի կյանքով ապրող մարդկանց։ Նա մեր Քահանայապետն է, որ գիտի մեր ցավերն ու տկարությունները։ Նա տեղյակ է մարդկային էության բոլոր նրբերանգներին և կրել է մարդկային կյանքի տառապանքները։ Աստվածաշունչն ասում է, որ Նա Իր աշակերտների համար բացել է դեպի Իր շնորհի գահը տանող դուռը և պատվիրում է ամեն դժվարության ու պայքարի պահի համարձակությամբ մոտենալ Իրեն ու ստանալ հաղթական ընթացքը պահելու համար անհրաժեշտ օգնությունը։
«Արդ ունենք երկինքներով անցած մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք դավանությունը։ Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է։ Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին» (Եբրայեցիս 4․14-16):
Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ, որ փրկագնել ես ինձ։ Օգնի՛ր ինձ, խնդրում եմ, քայլել ազատության մեջ և դիմադրել մեղքի գայթակղություններին ու իշխանությանը։ Դու իմ Տերն ես և իմ կյանքի Թագավորը։ Ես ամեն օր Քո օգնության կարիքն ունեմ, որպեսզի կրկին տեղ չտամ իմ կյանքում մեղքին ու գայթակղություններին, որոնք մահ ու անեծք են բերելու իմ կյանք։ Շնորհակալ եմ, որ իմ սիրտը լցրել ես Քո խաղաղությամբ և ազատել ես ինձ ամեն ահից ու սարսափից։ Շնորհակալ եմ, իմ բարի ու ողորմա՛ծ Աստված։ Իմ սիրտը լի է գոհությամբ ու երախտագիտությամբ։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամեն»։