• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 22 դկտ 2025 թ.

Տեր Աստծու հետ հաշտությունը

Հրապարակման ամսաթիվ 22 դկտ 2025 թ.

Մոտենում են սուրբծննդյան տոները, և այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Քրիստոսի աշխարհ գալու մեծագույն օրհնությունները» անվանումը։ 

«Հայտնապես մեծ է աստվածապաշտության խորհուրդը. Աստված մարմնով հայտնվեց․․․» (Ա Տիմոթեոս 3․16):

Սիրելի՛ Ընկեր, հաշտությունը վեճի կամ ընդհարման արդյունքում խաթարված հարաբերության վերականգնումն է։ Երբևէ ունեցե՞լ ես խաթարված հարաբերություն մտերիմ մեկի հետ։ Երբեմն կողմերից որևէ մեկի կոպտագույն սխալի պատճառով հարաբերությունների խզում է տեղի ունենում, և մարդիկ այլևս չեն ունենում նախկին ջերմ շփումը, նվազում է հանդիպումների հաճախականությունը, իսկ երբեմն անգամ կողմերը դադարում են միմյանց հետ խոսել։ 

Հաշտությունը նման պարագայում ենթադրում է նախկին ներդաշնակ հարաբերությունների վերականգնումը։ Այժմ պատկերացրու, որ այն կողմը, որը բացարձակապես մեղավոր չի եղել հարաբերությունների խզման հարցում, ինքն է նախաձեռնում հաշտության գործընթացը։ 

Աստված մարմնով հայտնվեց, որպեսզի վերականգնի մարդու հետ վերջինիս անհնազանդության ու մեղքի ապստամբության արդյունքում խաթարված հարաբերությունը։ Տեր Աստծու հետ հարաբերությունների խզման մեղավորը մարդն է, իսկ մարդու և Աստծու միջև պատնեշը՝ մարդու կյանքում առկա մեղքը և անօրենությունը։ 

«Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և Նրա ականջը չի ծանրացել, որ չլսի, այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին Նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի» (Եսայիա 59․1-2):

Տեր Աստծու հետ հաշտության և հարաբերությունների վերականգնման համար անհրաժեշտ է հարաբերությունները կործանած կողմի փոխակերպումը։ Աստված կատարյալ է։ Նա փոփոխման կարիք չունի։ Անհրաժեշտ է, որպեսզի մարդն ընդունի իր սխալը, խոստովանի իր հանցանքը և որոշում կայացնի շրջվելու այն ճանապարհից, որն ավելի է հեռացնում մարդուն Աստծուց, և սկսի շարժվել դեպի Տեր Աստծու հետ հարաբերությունների վերականգնումն ու ավելի խորը մտերմության հաստատումը։ 

«Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Ամեն ինչ Աստծուց է, որը մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով Իր հետ հաշտեցրեց ու մեզ հաշտության ծառայությունը տվեց։ Որովհետև Աստված էր, որ Քրիստոսով աշխարհն Իր հետ հաշտեցրեց և նրանց հանցանքներն իրենց ներեց և հաշտության խոսքը մեր մեջ դրեց» (Բ Կորնթացիս 5․17-19):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մեղքը բաժանեց մարդկությանը Աստծուց, բայց Քրիստոսի մարմնավորությամբ Աստված Ինքը մոտեցավ խաղաղությունը վերականգնելու համար։ Հիսուսն է կամուրջը։ Նա մեզ հաշտեցնում է Աստծու հետ՝ ո՛չ թե անտեսելով մեղքը, այլ Իր մարմնով խաչի վրա բարձրացնելով այն և մեզ ունակ դարձնելով ապրել Աստծու հետ մտերմությունը խորացնող կյանքով։ 

«Նա մեղք չգործեց, և նենգություն չգտնվեց Նրա բերանում»։ Նախատվելիս Նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արդար դատավորին։ Նա մեր մեղքերն Իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք Նրա վերքերով բժշկվեցիք։ Որովհետև մոլորված ոչխարների պես էիք, բայց հիմա դարձաք դեպի ձեր հոգիների Հովիվն ու Տեսուչը» (Ա Պետրոս 2․22-25):

Ե՛կ աղոթենք միասին գոհության այս աղոթքով․ «Տեր, շնորհակալ եմ, որ Քրիստոսի միջոցով ինձ հետ հաշտվեցիր։ Շնորհակալ եմ, որ սիրեցիր մեզ այնքա՜ն, որ թողեցիր Քո երկնային փառքը, աշխարհ եկար մարդկային կերպարանքով և վճարեցիր իմ մեղքերի փրկագինը՝ Քեզ վրա վերցնելով իմ պատիժը, կրելով այն տառապանքը, որն իմ մեղքերի արդար հատուցումն էր, և մահացար իմ փոխարեն, որպեսզի ես ունակ լինեմ ապաշխարելու, մեղքերից հեռանալու և արդարության համար ապրելու։ Այժմ, երբ Դու իմ հոգու Հովիվն ես և Տեսուչը, խնդրում եմ՝ օգնիր ինձ ապրել որպես խաղաղարար՝ իմ կյանքի մեջ արտացոլելով Քո շնորհը և Քո աշխարհ գալու հաշտության խոսքը տարածելով իմ շրջապատի մարդկանց մեջ։ Շնորհակալ եմ։ Գոհանում եմ Քեզնից և աղոթում Քո սուրբ ու պատվական անունով։ Ամեն»։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես