• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 13 դկտ 2025 թ.

Սրբություն և մեղքի դեմ պատերազմ

Հրապարակման ամսաթիվ 13 դկտ 2025 թ.

Մեր հաջորդ ուղերձով մենք ավարտելու ենք շարքը, որը կրում է «Քաջալերանք և օգնություն Նեղ Ճանապարհի ճամփորդներին» անվանումը։ Ո՞րն է նեղ ճանապարհը և ովքե՞ր են նեղ ճանապարհի ճամփորդները։ 

«Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։ Որքա՜ն նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում. քիչ են այն գտնողները» (Մատթեոս 7․13-14):Սիրելի՛ Ընկեր, մեր նախորդ ուղերձի մեջ անդրադարձանք նեղ ճանապարհի ճամփորդների կարգապահության կարևոր որակին, որը նպատակ ունի լուծել ներքին թշնամու՝ մեր սեփական «ես»-ի և մեր մարմնի ցանկությունների կողմից կառավարվելու հարցը։ Կարգապահությունը մեզ օգնում է հոգևոր աճի հարցում և մղում մեզ դեպի հոգևոր հասունություն։ Իրականում, հոգևոր հասունության չափանիշներից մեկը հե՛նց կարգապահությունն է։ Կա՞ կարգապահություն հոգևոր կյանքում, կա՛ աճ և հասունություն։ Չկա՞ կարգապահություն, ուրեմն չկա՛ հոգևոր աճ, իսկ եղած հասունությունն էլ շուտով կկորսվի։ 

Նեղ ճանապարհի ճամփորդների կարևորագույն որակներից մեկը, որին անդրադառնալու ենք այս ուղերձի մեջ, սրբությունն է։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ սրբությունը մեր հոգևոր պաշտպանությունն է։ Երբ մենք, գայթակղվելով մեղքի խաբեությամբ, վաճառում ենք մեր սրբությունը, հոգևոր աշխարհի առջև դառնում ենք անպաշտպան և խոցելի։ 

«Սուրբ բանը շներին մի՛ տվեք, ոչ էլ ձեր մարգարիտները խոզերի առաջ գցեք, որպեսզի դրանք ոտնակոխ չանեն ու շրջվելով ձեզ պատառոտեն» (Մատթեոս 7․6):

Սրբությունը ծնվում է աստվածավախությունից։ Երբ մարդը աստվածավախ է, նա երբե՛ք ընկերություն չի անի մեղքի հետ։ Աստվածավախ մարդու կյանքում կա մեղքի դեմ պատերազմ։ Աստվածավախություն չունեցող մարդկանց կյանքում մեղքը սովորական մի բան է։ Անշուշտ, նման մարդկանց կյանքում էլ կան մեղքեր, որ նրանք երբե՛ք չեն գործի։ Սակայն այդ մարդկանց կյանքը ու մեղքի դեմ պայքարը չի որոշվում Տեր Հիսուսի փոխանցած սկզբունքներով, այլ՝ սեփական պատկերացումներով ու տրամաբանությամբ։ 

«Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց» (Սաղմոս 34․7):

Սրբությունը մեր պատկանելության կնիքն է։ Սրբությունն է ճշմարիտ հավատացյալին տարբերում կեղծ հավատացյալից։ Սրբությունն է, որ մեզ առանձնացնում է աշխարհից։ Սրբությունը մարդու անսխալականությունը չէ, այլ մեղքի հանդեպ աշխարհի մոտեցումից տարբերվող մոտեցումը։ Անապաշխար մարդն իր կյանքը չի պատկերացնում առանց սիրելի մեղքերի։ Աշխարհի մարդիկ ունեն ատելի և սիրելի մեղքեր։ Իսկ Քրիստոսի աշակերտները մեղքից ու անիրավությունից հեռացող մարդիկ են։ Սրբությունը սեփական կյանքից ցանկացած մեղք հեռացնելու որոշումն է և պայքարը յուրաքանչյուր մեղքի դեմ, որը դրսևորվում է հավատացյալ մարդու կյանքում։ 

«Բայց Աստծու հաստատած հիմքը կանգուն է և այս կնիքն ունի. «Տերը ճանաչում է նրանց, որոնք Իրենն են», նաև՝ «Անիրավությունից թող հետ կանգնի ամեն ոք, ով Քրիստոսի անունն է կանչում» (Բ Տիմոթեոս 2․19):

Սրբությունը Քրիստոսին պատկանող մարդկանց համազգեստն է։ Ինչպես համազգեստով կարելի է տարբերել բժիշկներին, զինվորականներին կամ հրշեջներին, այնպես էլ հոգևոր աշխարհում սրբությունն ու արդարության կյանքը Քրիստոսի հավատարիմ աշակերտների տարբերակիչ զգեստն է։ 

«Նրան տրվեց, որ հագնի սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ», որովհետև բեհեզը սրբերի արդարությունն է» (Հայտնություն 19․8):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, սրբությունը մեղքի դեմ արյուն թափելու չափ պատերազմելն է։ Քրիստոսի հավատարիմ աշակերտները հոգևոր աճի արդյունքում դառնում են մեղքի դեմ պատերազմող և հավատքի պատերազմում հաղթանակող զինվորներ։ Առանց սրբության որակի նեղ ճանապարհի ճամփորդները բավականին հեշտ ու խոցելի թիրախ են դառնում մեր հոգևոր թշնամու համար։ 

«Դուք դեռ արյուն թափելու չափ չեք պատերազմել՝ մեղքին հակառակ կանգնելու» (Եբրայեցիս 12․4):

Սրբությունը քո հոգևոր հաղթանակների գրավականն է և Քրիստոսին պատկանելու կնիքը։ Իսկ դու փափագո՞ւմ ես քո կյանքից հեռացնել մեղքը։ Իսկ դու պայքարո՞ւմ ես հանուն քո հոգևոր հանդերձները մաքուր պահելու։ Եվ եթե պայքարում ես, ներդրվո՞ւմ ես արդյոք մինչև վերջ․․․, մինչև արյուն թափելու չափ պատերազմելը։ 

«Բայց Սարդիսում ևս ունես մի քանիսին, որոնք իրենց զգեստները չկեղտոտեցին և պիտի շրջեն ինձ հետ սպիտակ զգեստներով, որովհետև արժանի են։ Հաղթողը այսպիսի սպիտակ զգեստներ պիտի հագնի, և նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջելու. և նրա անունը պիտի հայտնեմ Իմ Հոր ու Նրա հրեշտակների առաջ» (Հայտնություն 3․4-5):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես