• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 12 դկտ 2025 թ.

Կարգապահության կարևորությունը

Հրապարակման ամսաթիվ 12 դկտ 2025 թ.

Մենք մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Քաջալերանք և օգնություն Նեղ Ճանապարհի ճամփորդներին» անվանումը։ Ո՞րն է նեղ ճանապարհը և ովքե՞ր են նեղ ճանապարհի ճամփորդները։ 

«Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։ Որքա՜ն նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում. քիչ են այն գտնողները» (Մատթեոս 7․13-14):Սիրելի՛ Ընկեր, կարևոր է հստակ հասկանալ, որ Տեր Հիսուսի ուսուցանած նեղ դուռը և նեղ ճանապարհն ընտրելը դեռ չի նշանակում, որ առանց որևէ ջանքի հասնելու ենք հաղթական այդ ճանապարհի ավարտին։ Ճիշտ ինչպես մարաթոնյան մրցավազքը լավ սկսելը չի կարող ապահովել ավարտին հասնելը, այնպես էլ նեղ ճանապարհն ընտրած հավատացյալները պետք է համապատասխան որակներ ունենան, սեփական ջանքի վրա ավելացնեն Տեր Աստծու շնորհի օգնությունը, որպեսզի չշեղվեն հավատքի ճանապարհից, չհոգնեն, չթուլանան և չնմանվեն հավատքի կյանքից հետ քաշվողներին։ 

«Որովհետև եթե հրեշտակների միջոցով ասված խոսքը հաստատուն եղավ, և ամեն հանցանք ու անհնազանդություն իր արդար պատիժն ստացան, ապա մենք ինչպե՞ս պիտի խուսափենք, եթե այսպիսի մեծ փրկության նկատմամբ անտարբեր լինենք, որը սկզբից Տիրոջ կողմից հռչակվեց, հետո մեր մեջ հաստատվեց նրան լսողների միջոցով» (Եբրայեցիս 2․2-3):

«Բայց Իմ արդարը հավատով կապրի, իսկ եթե մեկը հետ քաշվի, Իմ Հոգին նրան չի հավանի»։ Իսկ մենք հետ քաշվողներ չենք, որ կորսվենք, այլ մեր հոգիների փրկությանը հավատացողներ» (Եբրայեցիս 10․38-39):

Նեղ ճանապարհի ճամփորդների խանդավառության, համարձակության, դիմացկունության և զգոնության որակներին այսօր ավելացնում ենք ևս մեկը՝ կարգապահությունը։ Եթե զգոնությունը կապ ուներ արտաքին վտանգները բացահայտելու և դրանք նախօրոք նկատելու հետ, ապա կարգապահությունն ավելի շատ կենտրոնանում է ներքին վտանգների չեզոքացման վրա։ 

Երբեմն սատանան այնքան վնաս չի կարող տալ մեր հոգևոր կյանքին և Տեր Հիսուսին հավատարիմ մեր ընթացքին, որքան վնասում է մեր սեփական «ես»-ը և մարմնի ցանկությունների կողմից կառավարվելը։ Կարգապահությունը հոգևոր աճի և հասունացման պտուղ է։ 

«Որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ Հոգու եղողները՝ հոգևոր։ Որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ Հոգու խորհելը՝ կյանք ու խաղաղություն։ Որովհետև ըստ մարմնի խոկումը Աստծու դեմ թշնամություն է, քանի որ Աստծու օրենքին չի հնազանդվում և չի էլ կարող։ Եվ նրանք, որ մարմնին են հետևում, Աստծուն չեն կարող հաճելի լինել։ Բայց դուք մարմնին չեք հետևում, այլ Հոգուն, եթե Աստծու Հոգին ձեր մեջ է բնակվում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա Նրան չի պատկանում» (Հռոմեացիս 8․5-9):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, երեխայի կյանքում կարգապահությունը գալիս է տարիքի և դաստիարակության հետ։ Դու չես կարող մեկ տարեկան երեխայից սեփական հիգիենայի և սենյակի մաքրության կարգապահություն պահանջել։ Ոչ էլ առաջին դասարանի աշակերտից կարող ես պահանջել, որ ճիշտ ժամին արթնանա, որպեսզի դպրոցից չուշանա։ Ծնողներն իրենց վրա են վերցնում այս պարտականությունները, քանի դեռ երեխան չի հասել համապատասխան տարիքի ու հասունության։ 

Նույնը ճշմարիտ է հոգևոր կյանքում։ Քանի դեռ չես կարողանում ինքնուրույն ընդունել քո հանապազօրյա հոգևոր սնունդը (խոսքը Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանության մասին է), քանի դեռ չես կարգավորել աղոթքիդ կյանքը, եկեղեցու պաշտամունքներին քո մասնակցությունը, ծառայությունների մեջ քո ներգրավվածությունը, քո ֆինանսներով Աստծու Արքայության գործին նպաստելը, քո հոգևոր մաքրությանը՝ քո սրբության կյանքին հետևելը և կարգի չես բերել նմանատիպ կարևոր աստվածաշնչյան ոլորտները քո կյանքում, ապա կարող ես հստակ ախտորոշել քո հոգևոր խնդիրը։ Դու կարգապահության պակաս ունես քո կյանքում։ 

«․․․որովհետև մարմնամարզությունը քիչ բանի համար է օգտակար, իսկ աստվածապաշտությունն ամեն ինչի համար օգտակար է։ Այն ունի այժմյան ու գալիք կյանքի ավետիսը։ Այս խոսքը վստահելի է ու լիակատար ընդունելության արժանի։ Որովհետև հենց դրա համար ենք տքնում և պայքարում, որովհետև հույս ենք դրել կենդանի Աստծու վրա․․․» (Ա Տիմոթեոս 4․8-10):

Գտի՛ր մեկին, ով կօգնի քեզ հոգևոր վարժանքների մեջ կարգապահություն զարգացնելու հարցում և կվերահսկի քո առաջադիմությունը։ Վարժեցրո՛ւ քո անձը աստվածապաշտության։ Եթե կարիք կա, ապա տքնի՛ր ու պայքարի՛ր։ Հույսդ Տեր Աստծու վրա դի՛ր, և առաջնորդվիր ո՛չ թե սեփական պատկերացումներով ու ցանկություններով, այլ Աստծու Խոսքով և Սուրբ Հոգու ուղղորդմամբ։ Երբե՛ք անհոգ ու անտարբեր չլինենք այն մեծ փրկության հանդեպ, որը Աստված է մեզ շնորհել, և անկարգապահության ու ծուլության պատճառով հետ չքաշվե՛նք փրկության նեղ ճանապարհից, որ չկորսվենք։ 

Հոգևոր կարգապահությունը Տեր Աստծու դրած կարգը պահելն է՝ անկախ այն գնից, որը պահանջվելու է Նրան հավատարիմ ընթացքի մեջ մնալու համար։ Հավատքի նեղ ճանապարհի վրա շատերն են կանգնում, սակայն ավարտին կհասնեն միայն նրանք, ովքեր կարգապահ ու հավատարիմ կերպով կնվիրվեն աշակերտությանն ու հոգևոր աճին:

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես