Զգոնության ապահովությունը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քաջալերանք և օգնություն Նեղ Ճանապարհի ճամփորդներին» անվանումը։ Ո՞րն է նեղ ճանապարհը և ովքե՞ր են նեղ ճանապարհի ճամփորդները։
«Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։ Որքա՜ն նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում. քիչ են այն գտնողները» (Մատթեոս 7․13-14):Սիրելի՛ Ընկեր, այս ուղերձի մեջ նեղ ճանապարհի ճամփորդների խադավառության, համարձակության և դիմացկունության կարևորագույն որակներին ավելացնում ենք ևս մեկը՝ զգոնությունը։ Զգոնության որակը կապ ունի նեղ ճանապարհի վտանգների ու ծուղակների հանդեպ մեր ուշադրության ու սթափության հետ։ Զգոնությունը օգնում է մեզ տեսնել մեր իրական թշնամուն, ծանոթ լինել նրա գործելաոճին և հմտորեն շրջանցել նրա լարած ծուղակները։
«Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա» (Ա Պետրոս 5․8):
Քրիստոսի հավատարիմ աշակերտները ո՛չ միայն բախվում են նեղ ճանապարհի դժվարություններին, այլև պետք է զգույշ լինեն մեր հոգևոր թշնամու լարած թակարդներից ու մատուցած գայթակղություններից։ Աստվածաշունչը այդ թշնամուն համեմատում է մռնչացող առյուծի հետ, սակայն ո՛չ թե նրա ուժի կամ համարձակության, այլ վտանգավորության առումով։ Սատանան փախչում է այն հավատացյալներից, որոնք հնազանդվում են Աստծու կամքին ու չեն տրվում նրա ստի մոլորություններին կամ գայթակղիչ առաջարկներին։
«Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի» (Հակոբոս 4․7):
Զգոնությունը մեր հավատքի առողջ լինելու ապացույցներից է։ Զգոն հավատացյալները գիտեն ու վստահ են Աստծու Խոսքի ու Աստծու կամքի առումով։ Նրանք կարողանում են դեմ կանգնել սատանային՝ նրա ուղարկած մտքերին ու առաջարկած գայթակղություններին։ Զգոն հավատացյալները չեն տրվում թշնամու սադրանքներին ու չեն գնում նրա հետ փոխզիջումների Աստծու կամքին հնազանդվելու հարցում։
«․․․որպեսզի սատանայից չմոլորվենք, որովհետև նրա խորհուրդներին քաջատեղյակ ենք» (Բ Կորնթացիս 2․11):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, զգոնության հականիշը թմրած լինելն է։ Հավատացյալին թմրեցնում է կարգապահության անկումը, փոքր թվացող մեղքերին տեղ տալը, չերևացող մեղքերի հարցում փոխզիջումների գնալը և առաջին հայացքից ոչ շատ մեծ սխալներին ու ոչ ահավոր մեղքերին տեղ տալը սեփական կյանքում։
Սատանայի մարտավարությունը հավատացյալից նախ նրա հավատքն ու հավատարմությունը գողանալն է։ Եվ նա դա անում է փոքր բաների մեջ։ Այնուհետև թմրած հավատացյալը դառնում է մռնչացող առյուծի զոհը, քանի որ իր թմրության մեջ այլևս չի կարողանում տարբերել, թե ո՛րն է Աստծու կամքը և ինչպիսի՛ արձագանք է Աստված ակնկալում նրանից տվյալ իրավիճակում։
Զգոնությունը մեր հավատքի թշնամու հնարքներին տեղյակ լինելն է և ծուղակների մասին հստակ պատկերացում ունենալը։ Առանց զգոնության նեղ ճանապարհի մեր ընթացքը լի է լինելու հոգևոր պարտություններով ու հիասթափություններով։ Զգոնության որակն ունեցող հավատացյալները կարողանում են հեռվից տեսնել ծուղակները և նախօրոք պատրաստվել հոգևոր զորավոր հաղթանակներին։